Խոտն այդ գտել է սուրբ Ուխտավորը,
Ուստի թող նրան փառք տան բոլորը.
Ո՜վ դու կովերի փրկիչ հրաշագործ,
Մեր խեղճ նախիրը պահպանիր անփորձ։
Իսկ հետո, երբ պան Կոկոշկան եկավ, պան Տաուհենը նրա հետ մտավ գրասենյակ, իսկ այնտեղից դուրս գալիս մեզ ցույց տվեց երկու, և ոչ թե մեկ գուլդեն, որ նրան խոստացել էր Կոկոշկան։ Նա ուզում էր ստացածը պան Ֆերդինանդի հետ հավասար կես անել, բայց այդ երկու գուլդենը տեսնելուն պես ծառա Ֆերդինանդը համակվեց շահամոլությամբ ու ասաց․ «Կամ բոլորը, կամ ոչինչ»։ Պան Տաուհենն էլ նրան ոչինչ չտվեց և այդ երկու գուլդենն իրեն պահեց։ Հետո ինձ տարավ խանութ, վզակոթիս հասցրեց ու ասաց, որ ես այդպիսի հարյուր հարված էլ կստանամ, եթե երբևէ համարձակվեմ ասել, թե ոտանավորը նա չի գրել։ Եթե Ֆերդինանդը գնա մեր տիրոջը գանգատվելու, ապա ես պարտավոր եմ ասել, թե ծառա Ֆերդինանդը ստախոս է։ Ստիպված եղա թարխունի քացախի շշի առաջ երդվել, թե այդպես կվարվեմ։ Իսկ մեր ծառան սկսեց իր բարկությունը կովերին բուժող խոտերի գլխին թափել։ Մենք այդ խոտերը ձեղնահարկում պահում էինք խոշոր արկղերի մեջ, իսկ նա, չգիտես որտեղից մկան կղկղանք էր ճարում, ծեծում ու խառնում այդ բուժիչ խոտին։ Հետո փողոցից ձիու թրիք էր հավաքում, տանը չորացնում, հավանգի մեջ ծեծում և դա էլ լցնում կովերին բուժող խոտի և սուրբ Ուխտագնացի պատկերների վրա, բայց դրանով էլ չէր բավարարվում։ Միզում, դուրս էր գնում այդ արկղերի մեջ, իսկ հետո այդ ամենը իրար խառնում։ Ստացվում էր խաշի պես մի բան…
Հնչեց հեռախոսի զանգը։ Ավագ գրագիրը վազեց հեռախոսի մոտ, ապա զզվանքով հեռախոսափողը ցած գցեց։
— Պետք է գնամ գնդի գրասենյակ։ Այդպես հանկա՜րծ… Դա ինձ մի տեսակ դուր չի գալիս։
Շվեյկը նորից մնաց մենակ։
Մի րոպե հետո զանգը նորից հնչեց։
Շվեյկն սկսեց հեռախոսային խոսակցությունը.
— Վանե՞կը… Նա գնաց գնդի գրասենյակ։ Ով է հեռախոսի մո՞տ։ Տասնմեկերորդ երթային վաշտի, հանձնակատարը։ Իսկ այդտեղ ո՞վ է հեռախոսի մոտ։ Տասներկուերորդ վաշտի հանձնակատա՞րը։ Հարգանացս հավաստիքը, կոլեգա։ Իմ ազգանո՞ւնը։ Շվեյկ։ Իսկ քո՞նը։ Բրաո՞ւն։ Կառլինի Նաբերեմնա փողոցում մի գդակ կարող Բրաուն կա, նա քեզ հո ազգական չի։ Չէ՞։ Այդպիսի մարդու չե՞ս ճանաչում… Ես էլ չեմ ճանաչում։ Մի անգամ տրամվայով անցնում էի, նրա խանութի ցուցանակն աչքովս ընկավ․․․ Ինչ նորություն կա՞․․․ Ես ոչինչ չգիտեմ։ Երբ ենք գնո՞ւմ։ Գնալու մասին դեռ ոչ ոքի հետ չեմ խոսել։ Իսկ ո՞ւր պիտի գնանք…
— Ա՜յ քեզ դդում։ Վաշտի հետ ռազմաճակատ։
― Այդ մասին դեռ բան չեմ լսել։
— Խոսք չունեմ, լա՜վ հանձնակատար ես։ Իսկ քո լեյտենանտն ի՞նչ է անում։
— Ոչ թե լեյտենանտը, այլ օբեր-լեյտենանտը։
— Դա միևնույն է։ Քո օբեր-լեյտենանտը գնա՞ց գնդապետի մոտ խորհրդակցության։
— Նա նրան կանչել էր այնտեղ։
— Ա՛յ, տեսնում ես։ Մերն էլ գնաց այնտեղ, տասներեքերորդ վաշտի հրամանատարն էլ։ Ես հենց նոր հեռախոսով խոսում էի նրանց հանձնակատարի հետ։ Այդ շտապողականությունը ինձ մի տեսակ դուր չի գալիս։
— Իսկ չգիտե՞ս, նվագախումբը իրերը չի՞ կապկպում։
— Ոչինչ չգիտեմ։
— Քեզ հիմարի տեղ մի դիր։ Ասում են, որ ձեր ավագ գրագիրը վագոնների բեռնագրերն արդեն ստացել է։ Ճիշտ է, չէ՞։ Դուք քանի զինվոր ունեք։
— Չգիտեմ։
— Ախ դու, դատարկագլուխ, ես հո քեզ չեմ ուտի։ (Լսվեց, թե ինչպես հեռախոսով խոսողը դիմեց իր մոտ գտնվող ինչ-որ մեկի, «Ֆրանտա, վերցրու երկրորդ փողը, տես թե տասնմեկերորդ վաշտն ինչպիսի հիմար հանձնակատար ունի»)։ Ալլո, քնա՞ծ ես, քեզ ի՞նչ պատահեց։ Դե, պատասխանիր, երբ կոլեգադ բան է հարցնում։ Ուրեմն, դեռ ոչինչ չգիտե՞ս։ Մի՛ թաքցրու։ Մի՞թե ավագ գրագիրը չի ասել, որ ձեզ պահածո են տալու։ Դու նրա հետ այդպիսի բաների մասին չես խոսո՞ւմ։ Ա՛յ քեզ դդում։ Դա քեզ չի վերաբերվո՞ւմ։ (Ծիծաղ լսվեց)։ Հը՞, չլինի տանիքից գլխիդ աղյուս ընկավ։ Դե լավ, հենց որ մի բան իմանաս՝ զանգահարիր տասներկուերորդ երթային գունդ, ազի՛զ տխմար։ Որտեղացի՞ ես։
— Պրագացի։
— Այդ դեպքում մի քիչ խելոք պիտի լինեիր։ Հա՛, մի բան էլ հարցնեմ։ Ձեր ավագ գրագիրը գրասենյակից ե՞րբ գնաց։
— Հենց նոր կանչեցին։
― Ահա թե ինչ։ Իսկ չէի՞ր կարող ավելի շուտ ասել։ Մերն էլ հենց նոր գնաց։ Այնտեղ ինչ-որ վատ բան է կատարվում։ Գումակի հետ դեռ չե՞ս խոսել։
— Ոչ։
— Հիսո՜ւս Քրիստոս։ Եվ դեռ ասում ես՝ պրագացի ես։ Ոչ մի բանի մասին չես հոգում։ Ամբողջ օրը որտե՞ղ ես քարշ գալիս։
— Ընդամենը մի ժամ առաջ եմ եկել դիվիզիոնի դատարանից։
― Դա արդեն ուրիշ բան է, ընկեր։ Հենց այսօր կանցնեմ ձեզ մոտ՝ երեսդ տեսնելու։ Երկու անգամ ավարտանշան տուր։
Նոր էր Շվեյկն ուզում ծխամորճը վառել, երբ նորից հեռախոսի զանգը հնչեց։ «Գրողի ծոցը գնաք դուք ձեր հեռախոսով,— մտածեց Շվեյկը,— գլո՜ւխ ունեմ ձեզ հետ շաղակրատելու»։
Բայց զանգն անողոք կերպով շարունակում էր հնչել, այնպես որ, վերջապես, Շվեյկի համբերությունը հատավ, նա վերցրեց հեռախոսափողը և բղավեց.
— Ալլո՛։ Ո՞վ է խոսում։ Լսում է տասնմեկերորդ երթային վաշտի հանձնակատար Շվեյկը։