— Սկսվո՜ւմ է,— ասաց կարճլիկ կապրալ Բլաժեկը,— ունեցած-չունեցածներս պետք է կապկպենք։
Շվեյկը վերադարձավ տասնմեկերորդ երթային վաշտի գրասենյակը։ Նոր էր նա ծխամորճը վառել, երբ հեռախոսի զանգը հնչեց։ Շվեյկի հետ նորից խոսում էր պորուչիկ Լուկաշը։
— Որտե՞ղ եք թրև գալիս, Շվեյկ։ Արդեն երրորդ անգամն է, որ զանգահարում եմ, և ոչ ոք չի պատասխանում։
— Փնտրում էի, պարոն օբեր-լեյտենանտ։
— Հը՞, արդեն գնացի՞ն։
— Իհարկե, գնացին, բայց չգիտեմ այնտեղից եկե՞լ են։ Մեկ էլ վազ չտա՞մ։
— Դասակապետ Ֆուքսին գտա՞ք։
— Գտա, պարոն օբեր-լեյտենանտ։ Սկզբում նա ինձ ասաց «ի՞նչ», բայց երբ նրան բացատրեցի, որ հեռախոսային խոսակցությունը պետք է լինի հակիրճ և պարզ․․․
— Հիմար-հիմար մի խոսեք, Շվեյկ․․․ Վանեկը դեռ չի՞ վերադարձել։
— Չի վերադարձել, պարոն օբեր-լեյտենանտ։
— Այդպես մի բղավեք հեռախոսափողի մեջ։ Չգիտե՞ք, թե հիմա որտեղ կարող է լինել այդ նզովյալ Վանեկը։
— Չգիտեմ, պարոն օբեր-լեյտենանտ, թե որտեղ կարող է լինել այդ նզովյալ Վանեկը։
— Նա գնդի գրասենյակում է եղել, բայց ինչ-որ տեղ է գնացել… Գնացեք այնտեղ նրա մոտ, Շվեյկ, և ասացեք, որ անմիջակես գնա պահեստ։ Եվ հետո, անմիջապես գտեք կապրալ Բլաժեկին և ասացեք, որ Բալոունին անհապաղ արձակի, և Բալոունին ուղարկեցեք ինձ մոտ։ Խոսափողը կախեցեք։
Շվեյկը ձեռ ու ոտ ընկավ, գտավ կապրալ Բլաժեկին և նրան հայտնեց պորուչիկի հրամանը Բալոունին արձակելու մասին։ Կապրալ Բլաժեկը մրթմրթաց.
— Հենց որ նեղն են ընկնում, սկսում են վախենալ։
Շվեյկը գնաց տեսնելու, թե ինչպես են արձակելու Բալոունին, իսկ հետո ուղեկցեց նրան, քանի որ երկուսն էլ քայլում էին կանտինայի ճանապարհով, որտեղ Շվեյկը պետք է գտներ ավագ գրագիր Վանեկին։
Բալոունը Շվեյկին նայում էր ինչպես իր ազատարարի վրա և նրան խոստացավ, թե նրա հետ կկիսի այն բոլոր ծանրոցները՝ որ երբևէ տնից կստանա։
— Շուտով մեր տանը խոզ են մորթելու,— մելամաղձոտ ասաց Բալոունը։— Դու խոզի ո՞ր երշիկն ես սիրում, արյունով պատրաստա՞ծ թե առանց արյունի։ Ասա, մի՛ քաշվիր, ես հենց այս գիշեր նամակ եմ գրելու տուն։ Իմ այդ խոզը համարյա հարյուր հիսուն կիլո կլինի։ Գլուխը ոնց որ բուլդոգի գլուխ, իսկ այդ տեսակ խոզերը ամենից լավն են։ Այդպիսի խոզից մարդ վնաս չի տեսնի։ Խոզի այդ ցեղատեսակը, ախպերացու, մարդու ամոթով չի թողնի։ Վրան ութ մատ ճարպ կա։ Տանը լյարդաթոքի երշիկն ես ինքս էի պատրաստում։ Օր էր լինում, այնքան ֆարշ էի խպշտում, որ քիչ էր մնում տրաքեի։ Անցյալ տարվա խոզը հարյուր վաթսուն կիլո էր։ Ա՛յ թե խոզ եմ ասել,— հիացմունքով ասաց նա հրաժեշտ տալիս, ամուր սեղմելով Շվեյկի ձեռքը։— Իսկ ես նրան կերակրում էի միայն կարտոֆիլով և ինքս էլ զարմանում, թե ինչքան արագ է չաղանում։ Մի կտոր աղաջրի մեջ պահած ու տապակած վետչինա, հետը կաղամբ ու կարտոֆիլի կնեդլիկներ, վրան խորխոզի ցանած… Մարդ մատները կլպստի։ Դրանից հետո մարդ գարեջուրն էլ հաճույքով է խմում… Կյանք հո չի, իսկը դրախտ։ Մարդուս էլ ի՞նչ է պետք։ Եվ պատերազմն այդ բոլորից մեզ զրկեց։
Մեծամորուք Բալոունը մի խոր հոգոց քաշեց և գնաց դեպի գնդի գրասենյակը, իսկ Շվեյկը լորենիների հին ծառուղիով քայլերն ուղղեց դեպի կանտինա։
Ավագ գրագիր Վանեկը երանալից տեսքով նստած էր կանտինայում և իր ծանոթ շտաբի գրագրին բացատրում էր, թե պատերազմից առաջ էմալի և ցեմենտի ներկերի վաճառքից ինչքան կարելի էր շահել։ Շտաբի գրագիրը թունդ հարբած էր։ Ցերեկը Պարդուբիցիից եկել էր մի հարուստ կալվածատեր, որի տղան գտնվում էր ճամբարում, նրան մեծ կաշառք էր տվել և առավոտից մինչև կեսօր քաղաքում հյուրասիրել։
Հիմա շտաբի գրագիրը բոլորովին վհատված էր, որ ախորժակը կորել է, չէր կարողանում հասկանալ, թե խոսքն ինչի մասին է, իսկ էմալի ներկերին վերաբերող տրակտատին բնավ չէր անդրադառնում։
Նա զբաղված էր իր սեփական խոհերով և քթի տակ քրթմնջում էր, թե երկաթուղաճյուղը պետք է ձգվեր Տրեշեբոնից դեպի Պիլիգրիմով, իսկ հետո հետ դառնար։
Երբ Շվեյկը ներս մտավ, Վանեկը ջանում էր շտաբի գրագրին մի անգամ ևս թվերով բացատրել, թե մի կիլոգրամ շինարարական ներկից ինչքան էին վաստակում, մի բան, որին շտաբի գրագիրն անառիթ պատասխանեց.
— Վերադարձի ճանապարհին նա մեռավ, թողնելով միայն նամակներ։
Տեսնելով Շվեյկին, նա, ըստ երևույթին, նրան ինչ-որ չսիրած մարդու տեղ դրեց և սկսեց որովայնախոս անվանել։
Շվեյկը մոտեցավ Վանեկին, որը նույնպես խմած էր, բայց, համենայն դեպս, բարեհամբույր էր և սիրալիր։
— Պարոն ավագ գրագիր,— զեկուցեց նրան Շվեյկը,— անմիջապես գնացեք պահեստ և պահածո ստացեք։ Այնտեղ դասակապետ Ֆուքսը տասը զինվորներով ձեզ է սպասում։ Ինչքան ոտքներումդ ուժ կա, վազքով մա՛րշ։ Պարոն օբեբ-լեյտենանտն արդեն երկու անգամ հեռախոսել է։
Վանեկը սկսեց ծիծաղել.
— Մանկիկս, ես ապո՞ւշ եմ, ինչ է։ Չէ՞ որ դրա համար ստիպված պիտի լինեի ինքս ինձ հայհոյել, հրեշտակս։ Դեռ ժամանակ շատ կա։ Հո հետևներիցս չեն ընկել, անգի՛նս։ Նախ և առաջ պարոն Լուկաշն այնքան երթային վաշտեր ճանապարհի, որքան ես, և նոր միայն խոսի։ Երևի այն ժամանակ իր «վազքով մարշ»-ով ոչ-ոքի իզուր չի անհանգստացնի։ Գնդի գրասենյակում ես արդեն հրաման ստացա, որ վաղը մեկնում ենք, որ հարկավոր է եղած-չեղածը հավաքել և անհապաղ գնալ ճանապարհի համար պարեն ստանալու։ Իսկ ի՞նչ ես կարծում, ես ի՞նչ արի։ Շատ հանգիստ մտա այստեղ քառորդ լիտր գինի խմելու։ Ես հանգիստ նստած եմ այստեղ, և թող ամեն ինչ իր ճանապարհով գնա։ Պահածոն կմնա պահածո, պարենը՝ պարեն։ Ես պահեստի տեղն ավելի լավ գիտեմ, քան պարոն օբեր-լեյտենանտը, և հասկանում եմ, թե ինչ են խոսում գնդապետի մոտ՝ ավագ սպաների խորհրդակցություններում։ Չէ՞ որ պարոն գնդապետին միայն թվում է, թե պահեստում պահածո կա։ Մեր գնդի պահեստը երբեք պահածոյի պաշար չի ունեցել, և մենք դեպքից-դեպք պահածո ճարել ենք բրիգադում կամ փոխարինաբար վերցրել մոտակա գնդերից։ Հենց միայն Բենեշովյան գնդին երեք հարյուր տուփ պարտք ենք։ Հա՜, հա՜։ Թող նրանք իրենց խորհրդակցություններում խոսեն ինչ խելքներին կփչի։ Ո՞ւր ես շտապում։ Չէ՞ որ, միևնույն է, երբ մերոնք գնան պահեստ, կապտենարմուսը նրանց պիտի ասի, թե խելքները թռցրել են։ Ոչ մի երթային վաշտ ճանապարհի համար պահածո չի ստացել։ Ճիշտ չե՞մ ասում, քարթո՛ւ կարտոֆիլ,— դիմեց նա շտաբի գրագրին։