Շվեյկը հեռախոսի մոտ է․
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, հեռախոսի մոտ է Շվեյկը։
— Լսեցեք, Շվեյկ, պահածոյի գործն ի՞նչ եղավ։ Ամեն ինչ կարգի՞ն է։
— Պահածո չկա, պարոն օբեր-լեյտենանտ։ Այդ մասին ձայն-ձուն չկա։
— Ես կցանկանայի, Շվեյկ, որ դուք, քանի դեռ մենք ճամբարում ենք, ամեն առավոտ գայիք ինձ զեկուցելու։ Իսկ երբ մեկնենք, դուք միշտ ինձ մոտ կլինեք։ Գիշերն ի՞նչ էիք անում։
— Ամբողջ գիշերը հեռախոսի մոտ նստած էի։
— Որևէ նորություն կա՞։
— Կա, պարոն օբեր-լեյտենանտ։
— Շվեյկ, դուք նորից ձեզ հիմարի տեղ եք դնում։ Որևէ կարևոր, շտապ բան հաղորդե՞լ են։
— Ճիշտ այդպես, պարոն օբեր-լեյտենանտ, միայն թե ժամը իննին։
— Իսկ ի՞նչու այդ մասին ինձ անմիջապես չզեկուցեցիք։
— Չէի ուզում ձեզ անհանգստացնել, պարոն օբեր-լեյտենանտ, նույնիսկ չհամարձակվեցի այդ մասին մտածել։
— Վերջապես ասացեք, գրո՛ղը տանի ձեզ, ժամը իննին ի՞նչ…
— Հեռախոսագիր, պարոն օբեր-լեյտենանտ։
— Ես ձեզ չեմ հասկանում։
— Ես դա գրի եմ առել, պարոն օբեր-լեյտենանտ. «Հեռախոսագիր ընդունեցեք։ Ո՞վ է հեռախոսի մոտ… Ընդունեցի՞ր։ Կարդա…», և ինչ-որ մի այդպիսի բան էլ…
— Գրո՛ղը տանի ձեզ, Շվեյկ։ Ձեզ հետ գործ ունենալը տանջանք է։ Հաղորդեցեք ինձ բովանդակությունը, ապա թե ոչ այնպես կապտակեմ, որ… Դե՛հ։
— Նորից ինչ-որ խորհրդակցություն, պարոն օբեր-լեյտենանա, այսօր ժամը իննին պարոն գնդապետի մոտ։ Գիշերն ուզում էի ձեզ արթնացնել, բայց հետո միտքս փոխեցի։
— Հենց այդ էր պակաս, որ ամեն մի դատարկ բանի համար գիշերն ինձ արթնացնեք։ Դրա համար առավոտյան էլ ժամանակ կգտնվի։ Wieder eine Besprechung, der Teufel soll das alles bliserieren![113] հեռախոսափողը ցած դրեք, հեռախոսի մոտ կանչեցեք Վանեկին։
— Ավագ գրագիր Վանեկը հեռախոսի մոտ է։ Rechnungsfeldwebl Vanek, Herr Oberleutnant[114].
— Վանե՛կ, անմիջապես ինձ համար ուրիշ սպասյակ գտեք։ Այդ սրիկա Բալոունը այս գիշեր իմ ամբողջ շոկոլադը լափել է։ Կապե՞լ։ Ոչ, կուղարկենք սանիտարություն անելու։ Զռփի տղամարդ է, թիկունքը մի սաժեն, թող գնա ու կռվի դաշտից վիրավորներ դուրս բերի։ Ես նրան անմիջապես կուղարկեմ ձեզ մոտ։ Գնդի գրասենյակում անհապաղ կարգավորեցեք այդ ամենը և իսկույն վերադարձեք վաշտ։ Ի՞նչ եք կարծում, շո՞ւտ կմեկնենք։
— Շտապելու կարիք չկա, պարոն օբեր-լեյտենանտ։ Երբ մենք իններորդ երթային վաշտի հետ մեկնում էինք, ամբողջ չորս օր քթներիցս բռնած ման ածեցին։ Ութերորդին էլ նույնը պատահեց։ Միայն տասներորդի գործը լավ գնաց։ Մարտական լրիվ պատրաստության մեջ էինք, առավոտյան ժամը տասներկուսին հրամանը ստացանք, իսկ երեկոյան արդեն ճանապարհվել էինք։ Սակայն, դրա փոխարեն, մեզ Հունգարիայի մի ծայրից մյուսն էին քշում և չգիտեինք թե մեզնով ո՛ր ճակատի որ ծակը խցկեն։
Տասնմեկերորդ վաշտի հրամանատար դառնալու օրից ի վեր պորուչիկ Լուկաշը գտնվում էր մի այնպիսի վիճակի մեջ, որը սինկրետիզմ է կոչվում այն փիլիսոփայական սիստեմի անունով, որ ջանում է հասկացությունների հակասություններն հաշտեցնել հակադիր հայացքների խառնակման աստիճանին հասնող կոմպրոմիսով։
Եվ այդ իսկ պատճառով նա պատասխանեց.
— Այո՛, գուցե և այդպես է։ Ձեր կարծիքով, այսօր չե՞նք շարժվի։ Ժամի իննին գնդապետի մոտ խորհրդակցություն կա։ Հա՛, ի դեպ, գիտե՞ք, որ հերթապահ եք։ Ես դա հենց այնպես ասացի։ Ինձ համար կազմեցեք… Սպասեցեք, ինչ պիտի կազմեք ինձ համա՞ր․․․ Հա՛, ենթասպաների ցուցակը, նշելով, թե յուրաքանչյուրը երբվանից է ծառայում… Հետո վաշտի համար պարեն ստացեք։ Ազգությո՞ւնը։ Այո՛, այո՛, ազգությունն էլ… Իսկ որ գլխավորն է, ինձ համար մի նոր սպասյակ ուղարկեցեք։ Այսօր պրապորշչիկ Պլեշները զորամասում ինչ պետք է անի՞։ Պետք է պատրաստվել մեկնելու։ Հաշիվնե՞րը։ Ստորագրելու կգամ ճաշից հետո։ Ոչ ոքի քաղաք բաց չթողնեք։ Կանտինա՞, ճամբա՞ր։ Ճաշից հետո միայն մեկ ժամով․․․ Կանչեցեք Շվեյկին․․ Շվե՛յկ, դուք առայժմ կմնաք հեռախոսի մոտ։
— Համարձակվում եմ զեկուցել, պարո՛ն օբեր-լեյտենանտ, որ դեռ սուրճ չեմ խմել։
— Որ այդպես է, գնացեք ձեր սուրճը բերեք և մնացեք գրասենյակում, հեռախոսի մոտ, քանի դեռ չեմ կանչել։ Գիտե՞ք հանձնակատարն ինչ է։
— Դա նա է, որ շարունակ վազվզուքի մեջ է, պարո՛ն օբեր-լեյտենանտ։
— Ուրեմն, երբ ձեզ զանգահարեմ՝ տեղում լինեք։ Վանեկին նորից հիշեցրեք, որ ինձ համար սպասյակ գտնի։ Շվե՛յկ։ Ալլո, որտե՞ղ եք։
— Այստեղ եմ, պարոն օբեր-լեյտենանտ։ Հենց նոր սուրճս բերին։
— Շվե՛յկ, Ա՛լլո։
— Լսում եմ, պարոն օբեր-լեյտենանտ։ Սուրճը բոլորովին սառն է։
— Շվեյկ, դուք լավ գիտեք, թե սպասյակ ասածն ինչ է, հետը խոսեցեք, իսկ հետո ինձ կասեք, թե նա իրենից ինչ է ներկայացնում։ Հեռախոսափողը կախեցեք։
Վանեկը կում-կում խմելով սև սուրճը, որի մեջ ռոմ էր լցրել այն շշից, որի վրա ապահովության համար գրված էր՝ «Թանաք», նայեց Շվեյկին ու ասաց.
― Մեր օբեր-լեյտենանտը հեռախոսի մեջ այնպես է գոռում, որ ամեն մի բառը հասկացա։ Ինչպես երևում է, Շվեյկ, դուք օբեր-լեյտենանտի հետ մոտ եք։