— Ես նրա աջ ձեռքն եմ։ Իսկ ձեռքը ձեռք է լվանում։ Մենք երկուսով ինչ փորձանքի մեջ ասես չենք ընկել։ Քանի անգամ ցանկացել են մեզ բաժանել, բայց մենք նորից իրար գտել ենք։ Նա ամեն բանում ինձ է ապավինում։ Քանի՜ անգամ ինքս էլ զարմացել եմ դրա վրա։ Ա՛յ, հենց նոր լսեցիք, որ ասաց, թե պետք է ձեզ հիշեցնեմ, որ իր համար նոր սպասյակ գտնեք, և որ ես այդ մարդու հետ պետք է խոսեմ և նրա մասին իմ կարծիքը հայտնեմ։ Պարոն օբեր-լեյտենանտին ամեն սպասյակ չի գոհացնի։
* * *
Գնդապետ Շրեդերը խորհրդակցության էր հրավիրել երթային գումարտակի բոլոր սպաներին։ Նա անհամբեր սպասում էր այդ խորհրդակցությանը, որպեսզի հնարավորություն ունենար խոսելու։ Բացի դրանից, հարկավոր էր որևէ որոշում ընդունել հոժարական Մարեկի վերաբերմամբ, որը հրաժարվել էր արտաքնոցները մաքրել և որին իբրև խռովարարի գնդապետ Շրեդերը ուղարկել էր դիվիզիայի դատարան։
Դիվիզիայի դատարանի կալանավորական բաժնից Մարեկին միայն երեկ գիշեր էին տեղափոխել հաուպտվախտ, որտեղ և գտնվում էր կալանքի տակ։ Միաժամանակ գնդի գրասենյակին հանձնվել էր դիվիզիայի դատարանի հղած վերին աստիճանի խրթին գրությունը, որի մեջ նշվում էր, թե տվյալ դեպքում գործը խռովարարության չի վերաբերվում, քանի որ հոժարականները պարտավոր չեն ոտացճանապարհներ մաքրել, բայց, այնուամենայնիվ, դա դիտվում է որպես կարգապահության խախտում, որպիսի զանցանքը նա կարող է քավել ճակատում օրինակելիորեն ծառայելով։ Նկատի ունենալով այդ ամենը, մեղադրյալ հոժարական Մարեկը նորից ուղարկվում է իր գունդը, իսկ կարգապահության խախտման հետաքննությունը դադարեցվում է մինչև պատերազմի վերջը և կարող է վերսկսվել այն դեպքում, երբ հոժարական Մարեկը նոր զանցանք գործի։
Մի ուրիշ գործ էլ կար։ Դիվիզիայի դատարանի կալանավորական բաժնից հոժարական Մարեկի հետ միասին հաուպտվախտ էին տեղավախել նաև ինքնակոչ դասակապետ Տևելեսին, որը վերջերս էր հայտնվել գնդում, ուր նրան ուղարկել էին Զագրեբի հոսպիտալից։ Նա ուներ մեծ արծաթե մեդալ, հոժարականի ուսաթելեր և երեք աստղ։ Այդ Տևելեսը պատմում էր Սերբիայում վեցերորդ երթային վաշտի կատարած հերոսական սխրագործությունների, ինչպես և այն մասին, թե ամբողջ վաշտից միայն ինքն է կենդանի մնացել։ Հետաքննությամբ հաստատվել էր, որ իսկապես պատերազմի սկզբում վեցերորդ երթային վաշտի հետ ոազմաճակատ էր գնացել ինչ-որ Տևելես, որը, սակայն, հոժարականի իրավունքներ չէր ունեցել։ Տեղեկանք էին պահանջել այն բրիգադից, որի կազմի մեջ էր գտնվել վեցերորդ երթային վաշտը 1914 թվի դեկտեմբերի 2-ին Բելգրադից փախչելու ժամանակ, և հաստատվել էր, որ պարգևատրման ներկայացվածների և արծաթե մեդալով պարգևատրվածների մեջ ոչ մի Տևելես չկա։ Չէր հաջողվել, սակայն, պարզել, թե արդյոք բելգրադյան արշավանքի ժամանակ Տևելեսը դասակապետի աստիճան ստացե՞լ էր, որովհետև ամբողջ վեցերորդ երթային վաշտը Բելգրադի սբ. Սավուղի եկեղեցու մոտ տեղի ունեցած մարտից հետո իր բոլոր սպաների հետ անհետ կորել էր։ Տևելեսը դիվիզիայի դատարանում արդարանում էր, թե իսկապես իրեն արծաթե մեծ մեդալ էին խոստացել և թե դրա համար էլ ինքը մի բոսնիացուց գնել էր այդ մեդալը։ Ինչ վերաբերվում է հոժարականի ուսաթելերին, ապա նա դրանք իր համազգեստի վրա կարել է հարբած վիճակում և շարունակել է կրել միայն այն պատճառով, որ շարունակ հարբած է եղել, քանի որ օրգանիզմը դեզենտերիայից թուլացած է։
Բացելով ժողովը, նախքան այդ երկու հարցերի քննարկմանն անցնելը, գնդապետ Շրեդերը նշեց, թե մեկնումից առաջ,— մի բան, որ արդեն շատ չի ուշանա,— անհրաժեշտ է ավելի հաճախ հավաքվել։ Բրիգադի շտաբից իրեն հաղորդել են, թե դիվիզիայից հրամանների են սպասում։ Զինվորները պետք է կազմ ու պատրաստ լինեն, և վաշտերի հրամանատարները պետք է աչալուրջ հետևեն, որ բոլորն իրենց տեղերում գտնվեն։ Այնուհետև նա մի անգամ էլ կրկնեց այն ամենը, ինչ ասել էր երեկ։ Նորից ռազմական իրադարձությունների տեսություն կատարեց և հիշեցրեց, թե ոչ մի բան չպետք է թուլացնի բանակի մարտական ոգին ու անվեհերությունը։
Նրա առաջ՝ սեղանի վրա փռված էր ռազմական գործողությունների թատերաբեմի քարտեզը՝ քորոցների վրա ամրացված դրոշակիկներով, բայց դրոշակիկները ցած էին գցված և ճակատներն առաջ էին շարժվել։ Հանված դրոշակիկներն ընկած էին սեղանի տակ։
Գիշերը ռազմական գործողությունների ամբողջ թատերաբեմն անճանաչելի դարձնելու չափ տակնուվրա էր արել այն կատուն, որին գրագիրները պահում էին գրասենյակում։ Կատուն կղկղել էր ավստրո-հունգարական ճակատի վրա, և ցանկանալով կոլոնձը թաղել, ցած էր գցել դրոշակիկները և կղկղանքով լղոզել բոլոր դիրքերը, ոռոգել ճակատներն ու նախակամրջային ամրությունները և ապականել բանակային կորպուսները։
Գնդապետ Շրեդերը շատ կարճատես էր։
Երթային գումարտակի սպաները հետաքրքրությամբ հետևում էին, թե ինչպես գնդապետ Շրեդերի մատը մոտենում է այդ կոլոնձներին։
— Բուգի ճանապարհը, պարոնա՛յք, անցնում է Սոկալի մոտով,— բարբառեց գնդապետը մարգարեի տեսքով և հիշողությամբ ցուցամատը շարժեց դեպի Կարպատները, ընդ որում խրվեց այն կոլոնձներից մեկի մեջ, որոնց միջոցով կատուն ջանացել էր ռազմական գործողությունների թատերաբեմն ավելի ռելյեֆ դարձնել։