Выбрать главу

— Was ist das, meine Herren?[115],— զարմացած դիմեց նա, երբ մատին ինչ-որ բան լղոզվեց:

— Wahrscheinlich Katzendreck, Herr Oberst[116],— բոլորի փոխարեն շատ քաղաքավարի պատասխանեց կապիտան Սագները։

Գնդապետ Շրեդերը նետվեց հարևան գրասենյակը, որտեղից լսվեցին որոտալից նզովքներ և ահռելի սպառնալիքներ, թե նա ամբողջ գրասենյակին կստիպի կատվի թողած հետքերը լիզել։

Հարցաքննությունը կարճ տևեց։ Պարզվեց, որ երկու շաբաթ առաջ կատվին գրասենյակ է բերել կրտսեր գրագիր Ցվիբելֆիշը։ Գործը պարզելուց հետո Ցվիբելֆիշը հավաքեց իր ունեցած-չունեցածը, իսկ ավագ գրագիրը նրան տարավ հաուպտվախտ և նստեցրեց մինչև գնդապետի հետագա կարգադրությունները։

Խորհրդակցությունը փաստորեն դրանով էլ ավարտվեց։

Վերադառնալով սպաների մոտ, զայրույթից կարմրատակած, գնդապետ Շրեդերը մոռացավ, որ անհրաժեշտ է խոսել նաև հոժարական Մարեկի և ինքնակոչ դասակապետ Տևելեսի գործի մասին։

— Խնդրում եմ, պարոնայք սպաներ, պատրաստ լինել և սպասել իմ հետագա կարգադրություններին ու հրահանգներին,— ասաց նա կարճ ու կտրուկ։

Եվ այդպես էլ հոժարականն ու Տևելեսը կալանքի տակ մնացին հաուպտվախտում, և, երբ հետո նրանց միացավ Ցվիբելֆիշը, ի վիճակի եղան «ինն» խաղալու, իսկ խաղից հետո սկսեցին իրենց պահակներին նեղել, պահանջելով, որ նրանք որսան իրենց ներքնակների բոլոր լվերը։

Հետո նրանց մոտ խոթեցին տասներեքերորդ երթային վաշտի եֆրեյտոր Պերոուտկային։ Երբ երեկ ճամբարում լուր էր տարածվել, թե մեկնում են դիրքերը, Պերոուտկան անհետացել էր, և առավոտյան Բրուկում պարեկը նրան գտել էր «Սպիտակ վարդում»։ Նա արդարանում էր, թե մեկնելուց առաջ ցանկացել է տեսնել կոմս Հարրախի՝ Բրուկի մոտ գտնվող նշանավոր ապակեգործարանը, իսկ վերադառնալիս ճանապարհը կորցրել է և միայն առավոտյան, բոլորովին հալից ընկած, մի կերպ հասել է «Սպիտակ վարդին» (իսկ իրականում պառկել էր «Սպիտակ վարդի» Ռոզոչկայի հետ)։

* * *

Դրությունն առաջվա պես պարզ չէր։ Մեկնելո՞ւ են թե ոչ։ Շվեյկը տասնմեկերորդ երթային վաշտի գրասենյակում հեռախոսով խիստ բազմապիսի, լավատեսական և հոռետեսական, կարծիքներ էր լսում։ Տասներկուերորդ երթային վաշտը հեռախոսում էր, թե իբր ինչ-որ մեկը գրասենյակից լսել է, որ նախ շարժուն թիրախների վրա հրաձգային վարժություններ պիտի կատարեն և միայն դրանից հետո մեկնեն։ Այդ լավատեսական հայացքը չէր բաժանում տասներեքերորդ երթային վաշտը, որը հեռախոսում էր, թե հենց նոր քաղաքից վերադարձել է կապրալ Գավլիկը, որը մի երկաթուղային ծառայողից լսել է, թե վագոններն արդեն կայարանում պատրաստ կանգնած են։

Վանեկը Շվեյկի ձեռքից զայրացած խլեց հեռախոսափողը և գոռաց, թե երկաթուղայինները ոչինչ չգիտեն և թե ինքը հենց նոր է եկել գնդի գրասենյակից։

Շվեյկը հաճույքով մնում էր իր դիրքում, հեռախոսի մոտ նստած, և «ի՞նչ նորություն» հարցին պատասխանում, թե առայժմ ոչ մի հաստատ բան չկա։

Այդպես նա պատասխանեց նաև պորուչիկ Լուկաշի հարցին.

— Ի՞նչ նորություն կա ձեզ մոտ։

— Առայժմ ոչ մի հաստատ բան, պարոն օբեր-լեյտենանտ,— ստերիոտիպորեն պատասխանեց նա։

— Ավանա՛կ։ Հեռախոսափողը կախեցեք։

Այնուհետև ստացվեցին մի քանի հեռախոսագրեր, որոնք Շվեյկն ընդունեց ամեն տեսակ վեճերից հետո։

Նա ընդունեց այն հեռախոսագիրը, որ գիշերը նրան թելադրել չէին կարողացել, որովհետև նա լսափողը չէր կախել և քնել էր։ Այդ հեռախոսագիրը վերաբերվում էր այն զինվորների ցուցակին, որոնց հակատիֆային պատվաստում արել կամ չէին արել։

Հետո Շվեյկն ընդունեց պահածոներին վերաբերվող մի ուշացած հեռախոսագիր։ Այդ հարցն արդեն երեկ պարզված էր։

Այնուհետև ստացվեց բոլոր գումարտակներին, վաշտերին ու ստորաբաժանումներին ուղղված հետևյալ հեռախոսագիրը.

«Բրիգադի №75692 հեռախոսագրի պատճենը։ Բրիգադին տրված №172 հրամանը։

Դաշտային խոհանոցների տնտեսության հաշվետվությունները կազմելու ժամանակ անհրաժեշտ մթերքների անունները գրելիս պահպանել հետևյալ կարգը. 1 — միս, 2 — պահածո, 3 — բանջարեղեն թարմ, 4 — բանջարեղեն չորացրած, 5 — բրինձ, 6 — մակարոն, 7 — ձավար, 8 — կարտոֆիլ, փոխանակ առաջվա կարգով գրելու՝ 4 — չորացրած բանջարեղեն, 5 — թարմ բանջարեղեն»։

Երբ Շվեյկն այդ ամենը կարդաց ավագ գրագրին, Վանեկը հանդիսավորապես ասաց, թե նման հեռախոսագրերը արտաքնոց են նետում։

— Դա հնարել է բանակի շտաբում նստած որևէ ապուշ, իսկ հետո հաղորդում են բոլոր դիվիզիաներին, բրիգադներին, գնդերին։

Ապա Շվեյկն ընդունեց մի հրամանագիր ևս, որը այնքան արագ էին թելադրում, որ նա հազիվ կարողացավ բլոկնոտի մեջ խզմզել ծածկագրի պես մի բան. «In der Folge genauer eriaubt gewesen oder das Selbst einern hingegen immerhin eingeholet werden»[117]։

— Այդ բոլորն ավելորդ բաներ են,— ասաց Վանեկը, երբ Շվեյկը շատ զարմացավ իր գրածի վրա և երեք անգամ բարձրաձայն կարդաց։— Դատարկ բան է, և ուրիշ ոչինչ, թեև, ո՛վ գիտե, գուցե ծածկագրված հեռախոսագիր է։ Մեր վաշտում ծածկագրման բաժանմունք չկա։ Դա էլ կարելի է դեն նետել։

— Ես էլ նույնն եմ կարծում ասաց Շվեյկը,— եթե ես պարոն օբեր-լեյտենանտին ասեի, թե In der Folge genauer eriaubt gewesen oder das Selbst einern hingegen immerhin eingeholet werden, անպայման կնեղանար։