— Այնպիսի շուտ նեղացող մարդիկ են լինում, որ ասել չեմ կարող,— շարունակեց Շվեյկը, նորից խորասուզվելով հիշողությունների մեջ։— Մի անգամ Վիսոչանից տրամվայով գնում էի Պրագա, իսկ Լիբնեում մեր վագոնը մտավ ոմն Նովոտնի։ Հենց որ նրան ճանաչեցի, գնացի մոտը՝ վագոնահարթակ, և խոսք բաց արի, թե, ախր, մենք հայրենակիցներ ենք, երկուսս էլ դրաժովցի, իսկ նա սկսեց վրաս գոռալ, որ իրեն հանգիստ թողնեմ, որ իբր ինձ չի ճանաչում։ Նրան հիշեցնելու համար սկսեցի, բացատրել, թե ինչպես երեխա ժամանակ մորս հետ, որի անունն էր Անտոնիա, գնում էի նրա մոտ, թե հորս անունն էլ Պրոկոպ էր և կալվածքում ստրաժնիկություն էր անում։ Բայց նա դրանից հետո էլ չցանկացավ խոստովանել, թե մենք ծանոթներ ենք։ Այդ ժամանակ նրան էլ ավելի մանրամասն տեղեկություններ հայտնեցի, պատմեցի, թե Դրաժովում երկու Նովոտնիներ կային՝ Տոնդա և Յոսիֆ, և նա հենց այն Յոսիֆն է, որի մասին ինձ Դրաժովից գրել են, թե կնոջը գնդակահարել է, որովհետև կինը նրան հանդիմանել է հարբեցողության համար։ Բայց այդ պահին նա ձեռքը թափով վրա բերեց, ես հարվածից խուսափեցի, և նա առջևի հարթակում ջարդեց վագոնավարի դիմացի ապակին։ Մեզ իջեցրին ու տարան։ Իսկ կոմիսարիատում պարզվեց, որ այդ մարդը նրա համար է այդքան նեղացկոտ, որ անունը բնավ էլ Իոսիֆ Նովոտնի չէ, այլ Էդուարդ Դուբրավա, և որ նա Ամերիկայի Մոնտգոմերի քաղաքից է և եկել է ազգականներին տեսնելու։
Հեռախոսն ընդհատեց Շվեյկի պատմությունը, և գնդացրային զսրամասից մի խռպոտ ձայն նորից հարցրեց, թե արդյոք մեկնելո՞ւ են։ Թե իբր այդ կապակցությամբ առավոտվանից գնդապետի մոտ խորհրդակցություն է տեղի ունենում։
Դռան առաջ երևաց քաթանի պես սփրթնած կադետ Բիգլերը, որ համարվում էր վաշտի ամենամեծ ապուշը, որովհետև հոժարականների վարժախմբում ջանում էր իր գիտելիքներով աչքի ընկնել։ Նա Վանեկին գլխով նշան արեց, որ իր հետևից դուրս գա միջանցք, որտեղ նրանք բավական երկար խոսեցին։ Այնտեղից վերադառնալով, Վանեկն արհամարհաբար քմծիծաղ էր տալիս։
― Ա՛յ քեզ էշ,— ասաց նա Շվեյկին,— ինչ խոսք, լա՜վ տիպ ունենք մեր երթային վաշտում։ Խորհրդակցությունում նա էլ է եղել, և ցրվելիս պարոն օբեր-լեյտենանտը կարգադրել է, որ դասակապետերն ամենայն խստությամբ հրացանները ստուգեն։ Եվ Բիգլերն եկել էր ինձ հարցնելու, թե արդյոք չկարգադրի՞ Ժլեբեկին կապել, քանի որ հրացանը նավթով է մաքրել։— Վանեկն սկսեց տաքանալ։— Այդպիսի տխմար բան է հարցնում ինձ, թեև գիտե, որ ռազմաճակատ են գնում։ Պարոն օրեր-լեյտենանտն երեկ լավ արեց, որ հրամայեց իր սպասյակին արձակել։ Ես այդ լակոտին ասացի, որ իզուր տեղը զինվորներին չգազազեցնի։
— Սպասյակ ասացիք, միտս ընկավ,— ասաց Շվեյկը,— պարոն օբեր-լեյտենանտի համար սպասյակ չգտա՞ք։
— Խելք ունեցեք,— պատասխանեց Վանեկը,— շտապելու կարիք չկա։ Ի միջի այլոց, ես կարծում եմ, որ պարոն օբեր-լեյտենանտը Բալոունին կընտելանա։ Հիմա Բալոունը երբեմն որևէ բան լափում է, բայց հետո, երբ ընկնենք ռազմաճակատ, իր այդ սովորությունը կթողնի։ Այնտեղ թե՛ նա, թե՛ օբեր-լեյտենանտը ուտելու բան չեն ունենա։ Երբ ես նրան ասեմ, թե Բալոունը մնացել է, ոչինչ չի կարող անել։ Դա իմ գործն է, պարոն օբեր-լեյտենանտին չի վերաբերվում։ Իսկ որ գլխավորն է, չպետք է շտապել։
Վանեկը նորից պառկեց իր մահճակի վրա և ասաց.
— Շվեյկ, ինձ մի անեկդոտ պատմեցեք զինվորական կյանքից։
— Կարելի է,— պատասխանեց Շվեյկը,— միայն թե վախենում եմ, որ նորից մեկն ու մեկը զանգահարի։
— Ուրեմն, հեռախոսն անջատեցեք, լարը ետ պտուտակեցեք կամ հեռախոսափողը վերցրեք։
— Լավ,— ասաց Շվեյկը հեռախոսափողը վերցնելով։— Ես ձեզ կպատմեմ մեր վիճակին սազական մի դեպք։ Միայն թե այն ժամանակ իսկական պատերազմի փոխարեն զորաշարժեր էին և ճիշտ այնպիսի իրարանցում էր, ինչպես այսօր. այն ժամանակ էլ չգիտեինք, թե զորանոցներից երբ ենք դուրս գալու։ Ինձ հետ Շից անունով մի պորժիչեցի էր ծառայում։ Լավ տղա էր, միայն թե բարեպաշտ էր ու վախկոտ։ Կարծում էր, թե զորաշարժը մի սարսափելի բան է, որի ժամանակ մարդիկ ծարավից վայր են գլորվում, իսկ սանիտարները նրանց հավաքում են կաթուկ պտուղների պես։ Այդ պատճառով էլ նա առաջուց խմեց, իսկ երբ զորանոցներից զորաշարժերի դուրս եկանք և հասանք Մնիշեկ, ասաց. «Տղե՛րք, ես դրան չեմ դիմանա, ինձ միայն աստված կփրկի»։ Հետո մենք հասանք Գորժովիցի և այնտեղ երկու օր դադար առանք, քանի որ ինչ որ սխալ էր տեղի ունեցել և մենք այնքան արագ էինք առաջ շարժվում, որ քիչ էր մնում մեր թևերից մեզ հետ շարժվող գնդերի հետ միասին գրավեինք թշնամու ամբողջ շտաբը։ Եվ պիտի խայտառակվեինք, որովհետև ըստ առաջադրանքի մեր կորպուսը պետք է ճղեր, իսկ հակառակորդը՝ հաղթեր, քանի որ նրանց մոտ մի քոսոտ էրցհերցոգ կար։ Շիցը մի այսպիսի բան արեց։ Երբ մենք ճամբար դրինք, նա վեր կացավ ու գնաց Գորժովցիի այն կողմում գտնվող մի գյուղ՝ իր համար բան-ման առնելու, և ճաշի ժամանակ վերադարձավ ճամբար։ Օրը շոգ էր, նա էլ թունդ խմած, և ահա ճանապարհի եզրին տեսնում է մի սյուն, սյան վրա մի արկղ, իսկ արկղի մեջ, ապակու տակ, սուրբ Յան Նեպոմուցկու արձանիկը։ Աղոթում է նա սուրբ Յանին և ասում. «Երևի շոգից նեղվում ես, վատ չէր լինի մի բան խմեիր»։ Արևկող տեղ ես կանգնած։ Վայ թե շարունակ քրտնում ես»։ Թափ է տալիս երթային տափաշիշը, խմում ու ասում. «Մի կում էլ քեզ համար եմ թողել, նեպոմուկցի Յան»։ Հետո սթափվում է, բոլորը լակում և նեպոմուկցի սուրբ Յանին ոչինչ չի մնում։ «Մեղա՛ քեզ, տեր,— բացականչում է նա,— նեպոմուկցի սուրբ Յան, դու ինձ պետք է ներես, դրա համար ես քեզ վարձահատույց կլինեմ»։ Եվ բարի Շիցը, նեպոմուկցի սուրբ Յանին խղճալով, ապակին կոտրում է, սրբի արձանիկը հանում, կոխում գիմնաստյորկայի տակ և բերում ճամբար։ Դրանից հետո սուրբ Յան Նեպոմուցկին նրա հետ ծղոտի վրա էր քնում։ Երթերի ժամանակ Շիցը նրան հետը ման էր ածում պայուսակի մեջ դրած, և թուղթ խաղալիս միշտ բախտը բանում էր։ Որտեղ էլ որ դադար առնեինք, նա միշտ պիտի տաներ, քանի դեռ չէինք հասել Պրախենսկո։ Տեղավորվեցինք Դրագենիցիում, և նա սկսեց մի գլուխ տանուլ տալ։ Երբ առավոտյան արշավի դուրս եկանք, սուրբ Յան Նեպոմուցկին, օղակը վզին, կախված էր ճանապարհի եզրին կանգնած տանձենու ճյուղից։ Ահա և ձեզ անեկդոտ, իսկ հիմա հեռախոսափողը կախեմ։