Выбрать главу

Ընդ որում նա մի շատ խանդավառ ճառ արտասանեց, որի նյութը, ինչպես դժվար չէր նկատել, քաղել էր զինվորական օրացույցներից։ Ճառն այնքան էր հուզել բոլորին, որ Մոշոն գնալիս Շվեյկը, որ Վանեկի հետ նստած էր հանպատրաստից գրասենյակի վերածած մի վագոնում, այդ ճառը հիշելով, ավագ գրագրին ասաց.

— Ինչ կուզես ասա, իսկապես փառահեղ բան է լինելու։ Ի՜նչպես էր նա նկարագրում։ Օրը կսկսի թեքվել դեպի իրիկնամուտ, արեգակն իր ոսկյա ճառագայթներով կթաքնվի լեռների հետևում, իսկ ռազմի դաշտում կլսվեն մեռնողների վերջին հառաչանքները, ընկած ձիերի խրխինջը, վիրավոր հերոսների տնքոցը, բնակիչների լացն ու կականը, երբ նրանց գլխին կբոցավառվեն իրենց տների տանիքները։ Ինձ դուր է գալիս, երբ մարդիկ սկսում են դառնալ «քառակուսի աստիճանի ապուշներ»։

Վանեկն ի նշան համաձայնության գլխով արավ. «Այո, դա չափազանց հուզիչ էր»։

— Դա գեղեցիկ էր և ուսանելի,— խրատաբար ասաց Շվեյկը։

— Ես այդ ամենը շատ լավ հիշում եմ և երբ պատերազմից վերադառնամ՝ կպատմեմ «Թասի մոտ» պանդոկում։ Երբ պարոն ֆելդկուրատն անկեղծորեն մեզ ասաց այդ բաները, հանկարձ ոտքերն այնպես չռեց, որ վախեցա՝ չլինի թե սայթաքի ու թրմփա դաշտային բեմի վրա։ Չէ՞ որ կարող էր գլուխը խփել մասնատուփին ու ջարդել։ Նա մի հիանալի օրինակ բերեց մեր բանակի պատմությունից, երբ դեռ այնտեղ ծառայելիս է եղել Ռադեցկին։ Այն ժամանակ ռազմի դաշտի վրա վերջալույսի շողերին միախառնվել էր հրկիզվող ամբարների բոցը։ Կարծես այդ ամենը իր աչքով էր տեսել։

Նույն այդ օրը օբեր-ֆելդկուրատ Իբլը ընկել էր Վիեննա և մի ուրիշ երթային գումարտակի պատմել նույն այն ուսանելի պատմությունը, որ մտաբերեց Շվեյկը և որը նրան այնքան շատ էր դուր եկել, որ նա անվանեց «քառակուսի աստիճանի ապուշություն»։

— Սիրելի՛ զինվորներ,— բարբառել էր ֆելդկուրատ Իբլը,— պատկերացրեք, որ հիմա քառասունութ թիվն է և հենց նոր հաղթականորեն ավարտվել է Կուստոցայի ճակատամարտը։ Տասժամյա համառ մարտից հետո Իտալիայի Ալբերտ թագավորը ստիպված էր արյամբ ողողված ռազմի դաշտը զիջել ֆելդմարշալ Ռադեցկուն, մեր «զինվորների հորը», որն իր կյանքի ութսունչորսերորդ տարում այդքան փայլուն հաղթանակ տարավ։ Եվ ահա, սիրելի՛ իմ զինվորներ, նվաճված Կուստոցայի առջև գտնվող բլուրի վրա պատկառելի զորավարը կանգնեցնում է իր ձին։ Նրան շրջապատել են իր հավատարիմ գեներալները։ Պահի լրջությունը համակում է բոլորին, քանզի, զինվորնե՛ր, ֆելդմարշալից քիչ հեռու ընկած է մահվան դեմ մաքառող մի ռազմիկ։ Փառքի դաշտում ծանր վիրավորված, ջախջախված անդամներով, դրոշակակիր Հերտը զգում է, որ ֆելդմարշալ Ռադեցկու հայացքն իր վրա է ուղղված։ Մահացու վիրավորված քաջարի դրոշակակիրը սառչող ձեռքով խանդավառ սեղմում է իր ոսկյա մեդալը։ Ազնիվ ֆելդմարշալին տեսնելուն պես նորից բաբախեց նրա սիրտը, իսկ խոշտանգված մարմինը կենդանություն առավ։ Գերմարդկային ճիգով մեռնողը փորձեց սողեսող մոտենալ իր ֆելդմարշալին։

— Անհանգստություն մի պատճառիր քեզ, իմ քաջարի՛ ռազմիկ,— ֆելդմարշալը, ցած իջավ ձիուց և ձեռքը մեկնեց նրան։

— Ավա՜ղ, պարոն ֆելդմարշալ,— հառաչեց մեռնող ռազմիկը։— Երկու ձեռքս էլ կոտրված է։ Ես ձեզ միայն մի բան եմ խնդրում։ Ճիշտն ասացեք ինձ, հաղթանակը մե՞նք ենք տարել։

— Մենք, սիրելի՛ իմ եղբայր,— փաղաքշալից պատասխանեց ֆելդմարշալը։— Որքա՜ն ցավալի է, որ վիրավորվելուդ հանգամանքը մռայլել է քո ուրախությունը։

— Այո, մեծարգո՛ առաջնորդ, իմ բանը պրծած է,— մարող ձայնով մրմնջաց մեռնողը, հաճելիորեն ժպտալով։

— Խմել ուզո՞ւմ ես,— հարցրեց Ռադեցկին։

— Օրը շոգ էր, պարոն ֆելդմարշալ։ Երեսուն աստիճանից ավելի։

Այնժամ Ռադեցկին իր համհարզներից մեկի ձեռքից առավ դաշտային տափաշիշը և տվեց մեռնողին, որը մի մեծ կում անելով՝ հագեցրեց իր ծարավը։

— Թող աստված սրա համար ձեզ հարյուրապատիկը տա,— գոչեց նա, ջանալով համբուրել իր զորավարի ձեռքը։

— Վաղո՞ւց ես ծառայում բանակում,— հարցրեց զորավարը։

— Քառասուն տարուց ավելի, պարոն ֆելդմարշալ։ Ասպերնի մոտ ոսկյա մեդալ եմ ստացել։ Եղել եմ նաև Լայպցիգի կռվում, Թնդանոթաձույլ Խաչ ստացել։ Հինգ անգամ մահացու վիրավորվել եմ, իսկ հիմա վերջս եկել է։ Բայց ինչպիսի բախտավորություն, ինչպիսի երանություն, որ ապրեցի ու տեսա այս օրը։ Մահն ի՞նչ է ինձ համար, երբ մենք հաղթել ենք, և կայսրին վերադարձրել իր հողերը։

Այդ պահին, սիրելի զինվորներ, ճամբարի կողմից լսելի եղան մեր «Պահպանիր, տեր, թագավորին» հիմնի վսեմ հնչյունները։ Հզոր ու հանդիսավորապես թնդում էին նրանք ճակատամարտի դաշտի վրա։ Եվ կյանքին հրաժեշտ տվող ռազմիկը մի անգամ էլ ջանաց վեր կենալ։ «Կեցցե՜ Ավստրիան,— խանդավառ գոչեց նա։— Կեցցե՛ Ավստրիան։ Թող հավերժ հնչի մեր ազնիվ հիմնը։ Կեցցե մեր զորապետը։ Կեցցե բանակը»։ Մեռնողը մի անգամ էլ տեղից բարձրացավ, թեքվեց դեպի ֆելդմարշալի աջը, համբուրեց այն ու ընկավ. նրա ազնիվ կրծքից դուրս թռավ վերջին թույլ հառաչը։

Զորավարը գլխաբաց կանգնած էր իր լավագույն զինվորներից մեկի դիակի առաջ։ «Այս սքանչելի վախճանին կարելի է միայն նախանձել,— ասաց ֆելդմարշալը հուզված և դեմքը ծածկեց ձեռքերով։