Выбрать главу

Հանձնակատար Շվեյկը թունդ հայհոյում էր ավագ գրագիր Վանեկին․

— Մարդ ուղղակի զարմանում է, թե ինչպես եք կարողանում այդքան ապուշավարի խաղալ։ Հո տեսնում եք, որ նա ռենոնսներով է խաղում, որ ես ագուռ չունեմ, և, չնայած դրան, անխելք տավարի պես ութանոցի փոխարեն խաչի զինվոր եք գալիս, և այդ անասունը տանում է։

— Որքա՜ն աղմուկ մի անգամ տարվելու համար,— լսվեց ավագ գրագրի քաղաքավարի պատասխանը։— Ինքներդ եք ապուշի պես խաղում։ Ես հո ձեզ համար խաչի ութնոց չպիտի ստեղծեմ, երբ ձեռքիս չկա ոչ մի խաչ, կան միայն մեծ ագռավներ ու փոսիկներ։

— Այդ դեպքում, խելքի պուտուկ, պետք է առանց կոզիրի խաղայիք,— ժպտալով խորհուրդ տվեց Շվեյկը։— Մի անգամ ճիշտ այդպիսի բան պատահեց Վալշովի պանդոկներից մեկում։ Այնտեղ էլ հիմարի մեկը ձեռքին կոզիրներ ուներ, բայց չէր խաղացնում և շարունակ մանր թղթեր էր դնում ու փաս անում։ Բայց ի՜նչ թղթեր ուներ։ Ամեն տեսակի ամենախոշորները։ Եվ ճիշտ այնպես, ինչպես հիմա ես ոչ մի շահ չէի ունենա, եթե դուք առանց կոզիրների խաղայիք, այնպես էլ այն երեկո ո՛չ ես, ո՛չ էլ մյուսները ոչ մի օգուտ չունեինք։ Միայն թե զահլաներս պիտի գնար և պիտի վճարեինք ու վճարեինք։ Վերջապես չդիմացա և ասում եմ․ «Պարոն Հերոլդ, բարի եղեք հիմար չձևանալ, խաղացեք առանց կոզիրների»։ Իսկ նա էլ վերցնի ու հարձակվի ինձ վրա։ Ես, ասում է, իրավունք ունեմ խաղալու ինչպես ուզում եմ, իսկ դուք պարտավոր եք ձեր լեզուն ձեզ քաշել։ Ես, ասում է, համալսարանական կրթություն ունեմ։ Բայց դա նրա վրա թանկ նստեց։ Պանդոկապետը ծանոթ մարդ էր, սպասուհին ավելի քան սիրալիր էր մեր նկատմամբ, իսկ պարեկին գործը բացատրեցինք, և ամեն ինչ լավ վերջացավ։ Ամենից առաջ, ասացինք, նա խուլիգանություն է արել, որ խախտել է գիշերվա լռությունը և պարեկ կանչել միայն այն բանի համար, որ ինքը պանդոկի մոտ սայթաքել է, քիթը խփել սառույցին ու արյունլվիկ արել։ Բացի դրանից, մենք մատով անգամ չենք դիպել այդ պարոնին, երբ նա խաղի մեջ խարդախություն էր անում։ Իսկ երբ մենք նրան մերկացրինք, նա այնքան արագ ճղեց, որ թափով մեկ դրմփաց։ Պանդոկապետն ու սպասուհին հասաատեցին, որ իսկապես նրա հետ շատ ջենտլմենավարի ենք վարվել, թեև նա դրան արժանի չէր․ իրիկվա ժամը յոթից մինչև կես գիշեր նստել է միայն մի գավաթ գարեջուր ու մի բաժակ սոդայի ջուր է պատվիրել և դեռ ուռել-փքվել է միայն նրա համար, որ համալսարանի պրոֆեսոր է, թեև խաղից այնքան էր հասկանում, որքան խոզը նարնջից… Հա, իսկ հիմա ո՞վ պիտի բաժանի։

— Հիմա եկեք ավելառուքով խաղանք,— առաջարկեց օկուլտիստ-խոհարարը,— աչքը տաս հելլեր, և մարդս երկու անգամ գնանք։

— Ավելի լավ կլինի,— առաջարկեց ավագ գրագիր Վանեկը,— դուք մեզ պատմեք հոգեփոխության մասին, ինչպես պատմում էիք կանտինայում աշխատող օրիորդին, երբ ընկել ու ձեր քիթը ջարդել էիք։

― Հոգեփոխության մասին ես արդեն լսել եմ,— հարեց Շվեյկը։— Սրանից մի քանի տարի առաջ ես մի օր որոշեցի ուրիշներից հետ չմնալու համար զբաղվել, ներեցեք արտահայտությանս համար, ինքնակրթությամբ, և գնացի Պրագայի Արդյունաբերական ընկերության ընթերցարանը։ Բայց քանի որ արտաքինս վայելուչ չէր և շալվարիս քամակը ծակ էր, ինքնակրթությամբ զբաղվել չկարողացա, ինձ չթողին, որ ընթերցարան մտնեմ և դուրս արին, կասկածելով, թե եկել եմ մուշտակները գողանալու։ Այն ժամանակ հագա տոնական հագուստս ու գնացի Թանգարանի գրադարանը, որտեղ, ընկերոջս հետ, հոգեփոխության վերաբերող մի գիրք ստացա։ Այդ գրքի մեջ ես կարդացի, որ մի հնդակական կայսր մեռնելուց հետո վերածվել է խոզի, իսկ այդ խոզը մորթելուց հետո՝ կապիկի, կապիկից վերածվել է փորսուղի, իսկ փորսուղից՝ մինիստրի։ Զինվորական ծառայությանս ընթացքում համոզվեցի, որ դրա մեջ որոշ ճշմարտություն կա։ Չէ՞ որ ամեն մեկը, ով իր ուսադիրների վրա թեկուզ մի աստղ ունի, զինվորներին անվանում է ծովախոզ կամ մի այլ զազանի անուն կպցնում։ Հետևապես, կարելի է ենթադրել, որ սրանից հազար տարի առաջ այդ հասարակ զինվորները նշանավոր զորավարներ են եղել։ Իսկ պատերազմի ժամանակ այդ հոգեփոխությունը շատ տխմար բան է։ Սատանան գիտե, թե մարդ ինչպիսի կերպարանափոխությունների է ենթարկվում, մինչև որ դառնում է, ասենք, հեռախոսավար, խոհարար կամ հետևակային։ Եվ հանկարծ նա նռնակով սպանվում է, իսկ նրա հոգին մտնում հրետանու որևէ ձիու մեջ։ Բայց ահա բարձունք գրավելիս մարտկոցին նորից մի արկ է դիպչում և կտոր-կտոր անում այն ձիուն, որի մեջ ամփոփվել է հանգուցյալի հոգին։ Հիմա էլ այգ հոգին մի ակնթարթում տեղափոխվում է գումակի կովի մեջք որի մսից ամբողջ զորամասի համար գուլյաշ են պատրաստում, իսկ կովի միջից էլ տեղափոխվում է, ասենք, հեռախոսավարի մեջ, իսկ հեռախոսավարի միջից․․․

— Զարմանում եմ,— ընդհատեց Շվեյկին ակնհայտորեն վիրավորված հեռախոսավար Խոդոունսկին,— թե ինչո՞ւ հենց ես պետք է դառնամ ապուշային սրախոսությունների թիրախ։

— Արդյոք ձեր ազգականը չէ՞ այն Խոդոունսկին, որ մասնավոր խուզարկուական բյուրո ուներ, որի «Աչք» ֆիրմական մակնիշը նման էր սուրբ երրորդության խորհրդանշանին,— անմեղորեն հարցրեց Շվեյկը։— Ես մասնավոր խուզարկուներին շատ եմ սիրում։ Սրանից մի քանի տարի առաջ ես բանակում ծառայում էի Շտենդլեր ազգանունով մի մասնավոր հետախույզի հետ։ Նրա գլուխը նման էր եղևնու կոնի, և մեր ֆելդֆեբելը սիրում էր կրկնել, թե իր քսան տարվա ծառայության ընթացքում զինվորական կոնաձև գլուխներ շատ է տեսել, բայց այդպիսի եղևնակոն պատկերացնել չէր կարող։ «Լսեցեք, Շտենդլեր,— ասում էր նա,— եթե այս տարի զորախաղեր չլինեին, ձեր կոնաձև գլուխը պետք չէր գա նույնիսկ զինվորական ծառայության համար։ Իսկ հիմա գոնե ձեր կոնին նշան բռնելով՝ հրետանին կարող է փորձնական կրակ բանալ, երբ հասնեք այնպիսի մի տեղ, ուր չկարողանանք ավելի լավ օրիենտիր գտնել»։ Խեղճը շատ տանջվեց նրա ձեռին։ Երբեմն զորաշարժի ժամանակ ֆելդֆեբելս նրան մի հինգհարյուր քայլ առաջ էր ուղարկում, ապա հրաման տալիս. «Ուղղությունը դեպի կոնագլուխը»։ Շտենդլերիս բախտը խուզարկու եղած ժամանակ էլ չէր բանել։ Երբեմն նա բուֆետում նստած պատմում էր, թե ինչքան է տառապել այդ ծառայության մեջ։ Հանձնարարություն է ստացել, օրինակ, հետամուտ լինել այսինչ կլիենտի կնոջը։ Այդ կլիենտը գլուխը կորցրած վազ է տվել նրանց գրասենյակը և հանձնարարել իմանալ, թե արդյոք իր կինը ուրիշի հետ շնություն չի՞ արել, իսկ եթե արել է, ապա ո՛ւմ հետ, որտե՛ղ և ինչպե՛ս է շնություն արել։ Կամ, ընդհակառակը, որևէ խանդոտ կին ցանկացել է իմանալ, թե իր մարդը ո՛ւմ հետևից է քաշ գալիս, որպեսզի առիթ ունենա ավելի հաճախ տանը սկանդալներ սարքելու։ Շտենդլերը կրթված մարդ էր, ամուսնական հավատարմությունը խախտելու մասին խոսում էր ամենաքաղաքավարի արտահայտություններով, և երբեմն քիչ էր մնում լաց լիներ, երբ մեզ պատմում էր, թե ինչպես իրենից պահանջում էին, որ կնոջը կամ տղամարդուն բռներ in flagranti