Выбрать главу
[7]։ Մի ուրիշը, ասենք, կուրախանար, երբ մի այդպիսի զույգի բռներ հանցանքի վայրում, աչքերը կչռեր, որ լավ տեսներ, իսկ Շտենդլերը, ինչպես նա ասում էր, նման դեպքերում ինքն էր իրեն կորցնում։ Նա միշտ էլեգանտ կերպով էր խոսում, և ասում էր, թե այլևս ուժ չունի տեսնելու այդ բոլոր անպարկեշտ նողկալիությունները։ Երբեմն, երբ նա մեզ պատմում էր, թե ինչ պոզայի մեջ է բռնել այս կամ այն զույգին, մենք մեր թուքը կուլ էինք տաչիս այն շան պես, որի մոտով խաշած վետչինա են տանում։ Երբ մեզ անարձակուրդ պահում էին զորանոցում, նա մեզ համար շատ գեղեցիկ նկարագրում էր այդ ամենը։ «Այս դիրքով,— ասում էր,— ես տեսա այսինչ պանիին այնինչ պանի հետ,— և հայտնում էր նրանց հասցեները, ըստ որում այդ ասելիս շատ տխուր էր լինում։— Իսկ ինչքա՜ն ապտակներ եմ կերել թե մեկ և թե մյուս կողմից։ Բայց ամենից շատ ինձ այն էր սրտնեղում, որ կաշառք էի վերցնում։ Մի կաշառք մինչև մեռնելս չեմ մոռանա։ Տղամարդը մերկ էր, կինն էլ մերկ։ Հյուրանոցում։ Եվ դռան կեռը չէին գցել։ Ա՛խ, հիմարներ։ Դիվանի վրա չէին տեղավորվել, քանի որ երկուսն էլ չաղ էին։ Գորգի վրա էին խայտում կատվի ձագուկների պես։ Իսկ գորգն ի՜նչ գորգ,— քրքրված, փոշոտ, ամբողջովին ծխուկներով պատած։ Երբ ես ներս մտա, երկուսն էլ վեր թռան, տղամարդը կանգնեց իմ առաջ և ձեռքը պահեց թզենու տերևի պես։ Իսկ կինը մեջքը շրջեց դեպի ինձ. մաշկի վրա պարզ տպվել էին գորգի նախշերը, իսկ կռնակին մի ծխուկ էր կպել։ «Կներեք,— ասում եմ,— պարոն Զեմեկ, ես Խոդոունսկու բյուրոյի մասնավոր խուզարկու Շտենդլերն եմ, և իմ պաշտոնական պարտքն է, համաձայն ձեր տիկնոջ հայտի, ձեզ բռնել հանցանքի վայրում։ Այս տիկինը, որի հետ դուք անթույլատրելի կապի մեջ եք, պանի Գրոտն է»։ Կյանքումս նրա նման հանգիստ քաղաքացի չէի տեսել։ «Թույլ տվեք,— ասաց նա, կարծես ոչինչ չէր պատահել,— ես հիմա կհագնվեմ։ Այս ամենի մեջ միայն իմ կինն է մեղավոր, որն իր անհիմն խանդով ինձ հարկադրում է անթույլատրելի կապի մեջ մտնել և, անհիմն կասկածից դրդված, ինձ որպես ամուսնու վիրավորում է իր կշտամբանքներով և իր զզվելի անվստահությամբ։ Սակայն եթե այլևս ոչ մի կասկած չի մնում և արդեն անհնար է խայտառակությունը թաքցնել… Ո՞ւր է իմ վարտիքը,— հարցրեց նա հանգիստ։— Անկողնու վրա։— Հագնելով վարտիքը, նա շարունակեց.— Եթե այլևս անհնար է խայտառակությունը թաքցնել, մնում է միայն մի բան՝ ապահարզան տալ։ Սակայն դրանով խայտառակության խարանը չի ջնջվի։ Ապահարզանն առհասարակ լուրջ բան է,— դատում էր նա հագնվելով։— Ամենից լավն այն կլինի, որ կինս համբերությամբ զինվի և հրապարակային սկանդալի առիթ չտա։ Սակայն ինչ կուզեք արեք։ Ես ձեզ թողնում եմ այստեղ այս տիկնոջ հետ մենակ»։ Տիկին Գրոտն այդ միջոցին պառկել էր անկողնու մեջ։ Պան Զեմեկը ձեռքս սեղմեց ու դուրս եկավ»։ Ես այլևս լավ չեմ հիշում, թե էլ ինչ պատմեց մեզ պան Շտենդլերը, միայն թե նրա ասածից հիշում եմ, որ շատ ինտելիգենտաբար զրուցել է անկողնում պառկած այն տիկնոջ հետ, շատ կուլտուրականորեն դատողություններ արել, թե, օրինակ, ամուսնությունը բոլորովին էլ նրա համար չէ ստեղծված, որ յուրաքանչյուրին երջանկության հասցնի, և թե ամուսիններից յուրաքանչյուրը պարտավոր է իր կիրքը զսպել և մարմինն ազնվացնել։ «Այդ միջոցին,― պատմում էր Շտենդլերը,— ես սկսեցի հանվել, և, երբ բոլորովին մերկացել էի, խելքս կորցրել ու մոլեգնել, ինչպես եղջերուն զուգավորվելիս, սենյակ մտավ իմ լավ ծանոթ Շտախը, որը նույնպես մասնավոր խուզարկու էր մեր մրցակից Շտերնի բյուրոյում, որին դիմել էր պան Գրոտը, խնդրելով բռնել իր կնոջը, որն իբր նույնպես կապված էր ինչ-որ մեկի հետ։ Այդ Շտախը միայն այս ասաց. «Ըհը՛, պան Շտենդլերը պանի Գրոտի հետ հանցանքի վայրում։ Շնորհավորո՛ւմ եմ»— ասաց, դուռը հանգիստ ծածկեց ու գնաց։ «Հիմա արդեն միևնույն է,— ասաց պանի Գրոտը։— Կարիք չկա, որ շտապեք հագնվել։ Կողքիս բավական ազատ տեղ կա»։— «Հիմա խոսքը, ողորմած տիկին, իսկապես որ իմ տեղին, այսինքն պաշտոնին է վերաբերվում»,— պատասխանեցի ես, ինքս էլ չիմանալով ինչ եմ ասում։ Հիշում եմ միայն, որ դատողություններ էի անում, թե երբ ամուսինների միջև գժտություն է ծագում, ապա դրանից, ի միջի այլոց, տուժում է նաև երեխաների դաստիարակությունը»։ Այնուհետև Շտենդլերը մեզ պատմում էր, թե ինչպես արագ հագնվել է ու ճղել և թե ինչպես որոշել է այդ ամենի մասին անհապաղ հայտնել իր պետ Խոդոունսկուն։ Ճանապարհին մտել է մի բան ուտելու, իսկ երբ հասել է գրասենյակ, նրա վրա արդեն խաչ է քաշված եղել։ Բանն այն է, որ նրանից առաջ տեղ է հասել Շտախը, որին իր պետը հրամայած է եղել Խոդոունսկուն հարված հասցնել, ցույց տալ, թե իրենից ինչ է ներկայացնում նրա մասնավոր խուզարկուական բյուրոյի աշխատակիցը։ Խոդոունսկին էլ չի խորհում ավելի լավ բան, քան անհապաղ կանչել տալ պան Շտենդլերի կնոջը, որպեսզի ինքը պատժի ամուսնուն, ինչպես հարկավոր է պատժել մի մարդու, որին պաշտոնական գործի են ուղարկում և այդ ժամանակ մրցակից հիմնարկի աշխատակիցը նրան բռնում է հանցանքի վայրում։ «Հենց այդ օրվանից,— ասում էր պարոն Շտենդլերը, երբ այդ մասին խոսք էր լինում,— գլուխս սկսեց ավելի նմանվել եղևնու կոնի»։