Ուշադիր կարդալով այդ էջը, սպաները ոչինչ չէին կարողանում հասկանալ։ 161-րդ էջում ինչ-որ Մարթա մոտենում էր գրասեղանին, արկղից հանում ինչ-որ դերի տեքստ և բարձր ձայնով այն միտքն արտահայտում, թե հասարակությունը պետք է կարեկցանքով վերաբերվի պիեսի հերոսի տառապանքներին։ Այնուհետև նույն այդ էջում հանդես էր գալիս ոմն Ալբերտ, որն անդադրում սրախոսում էր։ Բայց քանի որ սրախոսությունները վերաբերվում էին նախընթաց դեպքերին, ապա այնքան անհեթեթ էին թվում, որ պորուչիկ Լուկաշը կատաղությունից կրծոտում էր իր մուշտուկը։
— Ծերուկը բոլորովին գժվել է,— եզրակացրին բոլորը։— Վերջացա՜վ։ Հիմա նրան կփոխադրեն զինվորական մինիստրություն։
Ամեն ինչ ըստ ամենայնի խորհելուց հետո կապիտան Սագները լուսամատից հեռացավ։ Նա մեծ տաղանդ չուներ, ուստի և շատ ժամանակ կորցրեց, մինչև որ կարողացավ մտքում կազմել 161-րդ էջի նշանակությանը նվիրված իր դասախոսության լրիվ ծրագիրը։
Նախքան իր ճառն սկսելը, նա սպաներին դիմեց «Meine Herren!»[11] բառերով, ինչպես անում էր ծերուկ գնդապետը, թեև գնացքը մեկնելուց առաջ նրանք բոլորը նրա համար «Kamaraden»[12] էին։
— Also, meine Herren![13],― Սագները սկսեց իր դասախոսությունը, թե ինքը երեկ երեկո գնդապետից մի հրահանգ է ստացել Լյուդվիգ Գանգհոֆերի «Հայրերի մեղքերը» գրքի 161-րդ էջի մասին։
— Also, meine Herren!— շարունակեց նա հանդիսավորապես։— Մեր առջև է մի բոլորովին գաղտնի ինֆորմացիա, որ վերաբերում է դաշտային զեկուցագրերի ծածկագրման նոր սիստեմին։
Կադետ Բիգլերը հանեց ծոցատետրն ու մատիտը և այնպիսի մի ձայնով, որ չտեսնված ջանասիրություն ու հետաքրքրություն էր արտահայտում, ասաց. «Ես պատրաստ եմ, պարոն կապիտան»։
Բոլորը նայեցին այդ տխմարին, որի ջանասիրությունը հոժարականների դպրոցում իդեոտիզմի էր հասնում։ Նա իր հոժար կամքով գնացել էր պատերազմ և առաջին իսկ հարմար առիթին, երբ հոժարականների դպրոցի պետը ծանոթանալիս էր եղել իր աշակերտների ընտանեկան վիճակին, հայտարարել էր, թե իր նախնիները անցյալում ստորագրում էին «Բյուգլեր Ֆոն Լեյտհոլդ» և թե նրանց գերբի վրա նկարված է եղել արագիլի թև ու ձկան պոչ։
Այդ օրվանից կադետի անունը գրել էին «արագիլի թև ու ձկան պոչ»։ Բյուգլերին հենց սկզբից չէին սիրում և անգթորեն ձեռք էին առնում, մանավանդ որ այդ գերբը բոլորովին չէր սազում նրա հոր ֆիրմային, որը ճագարի մորթիկների առևտրով էր զբաղվում։ Նշանակություն չուներ այն հանգամանքը, որ այդ ռոմանտիկ էնտուզիաստը ազնվորեն ու ջանասիրաբար ձգտում էր լիովին յուրացնել ռազմագիտությունը, աչքի էր ընկնում իր ջանասիրությամբ և գիտեր ավելին, քան նրան սովորեցնում էին։ Քանի գնում, այնքան ավելի էր նա իր գլուխը բթացնում ռազմական արվեստին ու պատերազմների պատմությանը նվիրված աշխատություններ ուսումնասիրելով։ Նա շարունակ խոսք էր բաց անում այդ թեմաների մասին, մինչև որ նրան չէին ընդհատում և իր տեղը նստեցնում։ Սպայական շրջանում նա իրեն բարձրաստիճան սպաներին հավասար մարդ էր համարում։
— Sie, Kadett![14]— ասաց կապիտան Սագները։— Քանի դեռ թույլ չեմ տվել խոսել, բարեհաճեցեք լռել։ Մեջ մի ընկեք։ Խոսք չունեմ, խելացի զինվոր եք։ Ես ձեզ հույժ գաղտնի ինֆորմացիաներ եմ հաղորդում, իսկ դուք դրանք գրի եք առնում ձեր ծոցատետրում։ Այդ ծոցատետրը կորչելու դեպքում դուք ռազմադաշտային դատարանի առաջ կկանգնեք։
Ի թիվս ամենայնի, կադետ Բիգլերը արդարանալու մի վատ սովրություն ուներ․ ջանում էր համոզել, թե ամեն ինչ լավ դիտավորությամբ է անում։
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն կապիտան,— պատասխանեց նա,— նույնիսկ ծոցատետրը կորչելու դեպքում ոչ ոք չի կարող վերծանել, թե մեջը ինչ է գրված, քանի որ ես սղագրում եմ և ոչ ոք իմ հապավումները չի կարող կարդալ։ Ես օգտվում եմ սղագրության անգլիական սիստեմից։
Բոլորը արհամարհանքով նայեցին նրան։ Կապիտան Սագները ձեռքը թափ տվեց ու շարունակեց իր դասախոսությունը։
— Ես արդեն խոսեցի դաշտային զեկուցագրերի ծածկագրման նոր եղանակի մասին։ Ձեզ համար, հավանաբար, անհասկանալի էր, թե գնդապետն ինչո՛ւ է հանձնարարել կարդալ Լյուդվիգ Գանգհոֆերի «Հայրերի մեղքերը» վեպի հատկապես 161-րդ էջը։ Այդ էջը, պարոնա՛յք, ծածկագրման այն նոր սիստեմի բանալին է, որ գործադրության մեջ է մտել այն բանակային կորպուսի շտաբի նոր հրամանով, որին մենք ենթակա ենք։ Ինչպես ձեզ հայտնի է, դաշտային պայմաններում կարևոր հաղորդագրությունները ծածկագրելու շատ ձևեր կան։ Ամենանոր մեթոդը, որից մենք օգտվում ենք, լրացուցիչ թվանշանային մեթոդն է։ Այդպիսով վերացվում են անցյալ շաբաթ գնդի շտաբի կողմից ձեզ տրված ծածկագիրն ու նրա բանալին։
— Դա էրցհերցոգ Ալբրեխտի սիստեմն է, որ փոխ է առնված Գրոնֆելդից — 8922-R,— քթի տակ ինքն իրեն թոնթորաց ամենագետ կադետ Բիգլերը։
— Նոր սիստեմը չափազանց պարզ է,— հնչում էր վագոնում կապիտանի ձայնը։— Ես գնդապետից անձամբ ստացել եմ վեպի երկրորդ հատորը և բանալին։ Եթե, օրինակ, մեզ պետք է հրաման տան «Auf der Kote 228, Maschinengewehrfeuer linksrichten»[15], ապա, պարոնա՛յք, մենք կստանանք հետևյալ ճեպագիրը, Sache — mit — uns — das — wir — aufsehen ― in ― die — versprachen — die — Martha — dich — das — ängstlich — dann — wir — Martha — wir — den — wir — Dank — wohl — Regiekollegium — Ende — wir — versprachen — wir — gebessert — versprachen — wirklich — denke — Idee — ganz — herrscht — Stimme —letzten[16]։