Выбрать главу

Կադետ Բիգլերր ձեռքը տարավ դեպի իր ճամպրուկը և հանեց այն գիրքը, որի մասին հենց նոր խոսում էր։

— Խնդրե՛մ։ Բարեհաճեցեք համոզվել։ Ֆլայսները բերում է միևնույն օրինակը։ Այն նույն օրինակը, որ հենց նոր մենք բոլորս լսեցինք։

Ճեպագիր. «Auf der Kote 228, Maschinengewehrfeuer linksrichten»։

Բանալի. Ludwig Ganghofer «Die Sünden der Väter, Zweiter Band. Բարեհաճեցեք տեսնել շարունակությունը։ Ծածկագիր․ «Sache — mit ― uns ― das ― wir — aufsehen — in — die ― versprachen — die — Martha»։ Նույնն է, ճիշտ և ճիշտ նույնը, որ քիչ առաջ մենք լսեցինք։

Անկարելի էր առարկել։ Փսլնքոտ «արագիլի թևը» միանգամայն իրավացի էր։ Բանակի շտաբում գեներալներից մեկը աշխատել էր իր գործը հեշտացնել․ գտել էր Ֆլայսների ռազմական ծածկագրերին վերաբերող գիրքը, և վե՛րջ։

Մինչ պարզվում էր այդ ամենը, պորուչիկ Լուկաշը ջանում էր հաղթահարել այն անբացատրելի հոգեկան հուզումը, որ համակել էր իրեն։ Նա շրթունքները կրծում, ուզում էր ինչ-որ առարկություն անել և, ի վերջո, ասաց բոլորովին ոչ այն, ինչ սկզբում մտադիր էր ասել։

— Կարիք չկա այդ ամենը ողբերգականորեն ընկալելու,— ասաց նա մի տեսակ տարօրինակորեն շփոթված։— Երբ մենք գտնվում էինք Լեյտի Բրուկի ճամբարում, ճեպագրի ծածկագրման մի քանի սիստեմներ փոխվեցին։ Մինչև մենք ռազմաճակատ հասնենք, հանդես կգան նոր սիստեմներ, սակայն, ես կարծում եմ, որ մենք այնտեղ այդպիսի գաղտնագրեր վերծանելու ժամանակ չենք ունենա։ Մինչև որ մեզնից մեկը կարողանա վերծանել անհրաժեշտ օրինակը, այլևս գոյություն չեն ունենա ո՛չ գումարտակը, ոչ վաշտը, ոչ էլ բրիգադը։ Այնպես որ, դա գործնական նշանակություն չունի։

Կապիտան Սագներն ակամա համաձայնեց։

— Համենայն դեպս,— հաստատեց նա,— ինչ վերաբերում է սերբական ռազմաճակատի իմ փորձին, ապա այնտեղ ոչ ոք գործնականորեն վերծանելու ժամանակ չէր ունենում։ Դա, իհարկե, չի նշանակում, թե ծածկագրերը նշանակություն չունեն խրամատներում երկար մնալու դեպքում, երբ մենք այնտեղ ամուր նստում ու սպասում ենք։ Ինչ վերաբերում է նրան, որ ծածկագրերը փոխվում են, ապա դա էլ ճիշտ է։

Կապիտան Սագներն իրար հետևից զիջում էր իր դիրքերը։

— Եթե ներկայումս շտաբից դիրքերին հրամաններ հաղորդելիս ավելի ու ավելի քիչ են ծածկագրեր օգտագործում, ապա դրա գլխավոր պատճառն այն է, որ մեր դաշտային հեռախոսները բավականաչափ կատարյալ չեն և, մանավանդ թնդանոթաձգության ժամանակ, որոշ վանկեր պարզ չեն հաղորդում։ Մարդ բացարձակապես ոչինչ չի լսում, և դա ավելի մեծ շփոթ է առաջացնում։

— Շփոթությունը ամենավատթար բանն է, որ կարող է լինել ռազմաճակատում, պարոնա՛յք,— մարգարեաբար բարբառեց նա և նորից լռեց։— Մի րոպեից,— կրկին խոսեց նա՝ պատուհանից դուրս նայելով,— մենք կլինենք Ռաբում։ Meine Herren! Զինվորներն այստեղ հարյուրհիսունական գրամ հունգարական երշիկ կստանան։ Կեսժամյա հանգիստ կտանք։— Նա նայեց մարշրուտը։— Ժամը չորսն անց տասներկու րոպեին մեկնել։ Երեքն անց հիսուներկու րոպեին բոլորը մտնեն վագոնները։ Վագոններից դուրս գալ վաշտ առ վաշտ, նախ տասնմեկերորդը, ապա մյուսները․․․Zugsweise, Direktion Verpflegsmagazin № 6[23]։ Երշիկը բաժանելուն վերահսկում է կադետ Բիգլերը։

Բոլորը նայեցին կադետ Բիգլերին, ասես ցանկանալով նրան նախազգուշացնել, «Ստիպված ես լինելու, կաթնակե՛ր, մեծ ղալմաղալի մեջ ընկնել»։

Բայց ջանասեր կադետը ճամպրուկից մի թերթ թուղթ, մատիտ ու քանոն հանեց, թուղթը տողեց, սյունակավորեց ըստ երթային վաշտերի և սկսեց սպաներից հարցնել նրանց վաշտերի թվական կազմը։ Սակայն հրամանատարներից ոչ մեկը դա ստույգ չգիտեր. նրանք կարող էին միայն մոտավորապես հայտնել պահանջվող թվական տվյալները, օգտվելով իրենց ծոցատետրերում արած ինչ-որ հանելուկային նշումներից։

Կապիտան Սագները սրտնեղությունից սկսեց կարդալ չարաբաստիկ «Հայրերի մեղքերը» գիրքը։ Երբ գնացքը կանգ առավ Ռաբ կայարանում, նա փակեց գիրքն ու ասաց.

— Այդ Լյուդվիգ Գանգհոֆերը լավ է գրում։

Պորուչիկ Լուկաշը առաջինը դուրս թռավ շտաբի վագոնից և քայլերն ուղղեց դեպի Շվեյկը։

Շվեյկն ու նրա ընկերները արդեն վաղուց խաղը վերջացրել էին, իսկ պորուչիկ Լուկաշի սպասյակ Բալոունը այնպիսի քաղց էր զգում, որ սկսել էր զինվորական գլխապետության դեմ ապստամբել և հայհոյախոսում էր, թե իրեն շատ լավ հայտնի է, թե պարոն սպաներն ինչպես են զխկռտվում։ Հիմա ավելի վատ է, ասում էր նա, քան ճորտատիրության ժամանակ։ Հնում զինվորական ծառայության մեջ այդպիսի բան չի եղել։ Դեռևս վաթսունվեց թվի պատերազմի ժամանակ, ինչպես նրան պատմել է իր զավակների խնամքի տակ ապրող պապը, սպաները զինվորների հետ կիսել են թե՛ հավը և թե՛ մի կտոր հացը։ Բալոունի ողբ ու կոծին վերջ չկար, և Շվեյկն անհրաժեշտ համարեց գովաբանել զինվորական կարգերն ու ներկայիս պատերազմը։