Выбрать главу

— Շատ ջահել է երևում պապդ,— բարեհոգաբար ժպտալով սկսեց նա, երբ հասան Ռաբ։— Պապդ միայն վաթսունվեց թվականի պատերազմն է հիշում, բայց ահա իմ ծանոթ Ռանովսկու պապը Իտալիայում ծառայել է դեռևս ճորտատիրության ժամանակ։ Ծառայել է տասներկու տարի և տուն վերադարձել կապրալի աստիճան ստացած։ Նրա համար աշխատանք չի գտնվել։ Եվ ահա այդ պապին վարձել է հենց իր հայրը։ Մի անգամ նրանք գնում են կոռի, կոճղեր արմատահան անելու։ Մի կոճղ, ինչպես մեզ պատմում էր իր հայրիկի մոտ աշխատող այդ պապը, այնքան զռփի է լինում, որ տեղից շարժել չեն կարողանում ։ Պապն ասում է. «Եկեք այս զիբիլը թողնենք այստեղ։ Ինչի՞ համար տանջվենք»։ Իսկ անտառապահն այդ լսելով՝ սկսում է գոռգոռալ, և ձեռնափայտր թափ տալ նրա վրա․ «Արմատահան անել կոճղը, և ուրիշ ոչինչ»։ Կապրալս միայն այս է ասում. «Դու կաթնակերի մեկն ես, իսկ ես՝ զորացրված հին զինվոր», իսկ մի շաբաթ հետո նորից ծանուցագիր է ստանում, և նորից պետք է գնար Իտալիայում զինվորական ծառայություն կատարելու։ Մնացել էր նա այնտեղ էլի տասը տարի, և նամակ էր գրել տուն, թե վերադառնալուն պես անտառապահի գլուխը կացինով ջարդելու է։ Բարեբախտաբար, մինչև նրա գալը անտառապահն իր բնական մահով մեռել էր։

Այդ պահին վագոնի դռան առաջ երևաց պորուչիկ Լուկաշը։

— Շվեյկ, հապա այստեղ եկեք,— ասաց նա։— Թողեք ձեր տխմար ճամարտակությունները, և ավելի լավ կլինի ինձ մի բան բացատրեք։

— Լսում եմ, պարոն օբեր-լեյտենանտ, գալի՛ս եմ։

Պորուչիկ Լուկաշը Շվեյկին տարավ իր հետ։ Այն հայացքը, որով պորուչիկը նայեց նրան, ոչ մի լավ բան չէր խոստանում։

Բանն այն էր, որ, կապիտան Սագների խայտառակ կերպով ձախողված դասախոսության ժամանակ համադրելով փաստերը, պորուչիկ Լուկաշը գտել էր հանելուկի միակ հնարավոր լուծումը։ Դրա համար, ճիշտ է, նա ստիպված չէր եղել դիմելու շատ բարդ մտահանգումների, քանի որ մեկնելուց մի օր առաջ Շվեյկը նրան զեկուցել էր․ «Պարոն օբեր-լեյտենանտ, գումարտակում ինչ-որ գրքույկներ կան պարոն սպաների համար։ Ես այդ գրքույկները բերել եմ գնդի գրասենյակից»։

Երբ Լուկաշն ու Շվեյկը անցան երկրորդ ուղեգիծը և կանգ առան մի հանգած շոգեկառքի մոտ, որ արդեն մի շաբաթ սպասում էր ռազմամթերքի գնացքին, Լուկաշն առանց այլևայլության հարցրեց.

— Շվեյկ, ի՞նչ եղան այն գրքույկները։

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, դա շատ երկար պատմություն է, իսկ դուք միշտ բարեհաճում եք բարկանալ, երբ ես մանրամասն եմ պատմում։ Հիշո՞ւմ եք, դուք պատռեցիք այն պաշտոնական գրությունը, որ վերաբերվում էր փոխառությանը, և ուզում էիք վզակոթիս հասցնել, իսկ ես այդ առիթով ձեզ պատմեցի, թե մի գրքույկի մեջ կարդացել եմ, որ առաջ պատերազմի ժամանակ մարդիկ վճարել են ըստ լուսամուտների թվի․ յուրաքանչյուր լուսամուտի համար քսան հելլեր և այդքան էլ յուրաքանչյուր սագի համար․․․

— Այդպես որ գնա, Շվեյկ, մենք երբեք չենք վերջացնի,— ընդհատեց նրան պորուչիկը, որը նախապես որոշել էր հարցաքննությունն այնպես վարել, որ այդ անզգամ Շվեյկն ամենակարևորը չկռահեր։

— Գանգհոֆերին ճանաչո՞ւմ եք։

— Դա ո՞վ է,— քաղաքավարի հարցրեց Շվեյկը։

— Գերմանացի գրող, հիմա՛ր,— զայրացավ պորուչիկ Լուկաշը։

— Աստվա՛ծ վկա, պարոն օբեր-լեյտենանտ,— ասաց Շվեյկը, և նրա դեմքն անկեղծ տառապանք արտահայտեց,— ես անձամբ ոչ մի գերմանացի գրողի հետ ծանոթ չեմ։ Ծանոթ էի միայն մի չեխ գրողի՝ գոմաժլեցի Հայեկ Լադիսլավին։ Նա «Կենդանիների աշխարհ» ժուռնալի խմբագիրն էր, և ես մի անգամ զտարյուն շպիցի փոխարեն նրա վրա մի բակապահ շուն սաղացրի։ Այցելում էր պանդոկներից մեկը և այնտեղ միշտ կարդում իր պատմվածքները, որոնք այնքան տխուր էին, որ մենք ծիծաղից թուլանում էինք, իսկ նա լալիս էր և վճարում բոլորիս փոխարեն։ Իսկ մենք նրա համար պետք է երգեինք․

Աշտարակը Դոբրոժիլցի

Զարդեր ունի սքանչելի.

Ո՞վ այն զուգեց նկարելով,

Հետն էլ կանանց համբուրելով։

Մեռել է նա ու գնացել,

Արդեն վաղուց հող է դարձել։

— Թատրոնում չեք գտնվում։ Ձայնը գլուխն է գցել, կարծես օպերայի երգիչ լինի,― վախեցած ֆշշաց պորուչիկ Լուկաշը, երբ Շվեյկն երգեց-պրծավ վերջին՝ «արդեն վաղուց հող է դարձել» ֆրազը։— Ես ձեզ այդ չեմ հարցնում։ Ես միայն ուզում էի իմանալ, թե արդյոք դուք գիտե՞ք, որ այն գրքույկները, որոնց մասին խոսում էինք, գրել է Լյուդվիգ Գանգհոֆերը։ Դե, ասացեք, ի՞նչ եղան այդ գրքույկները,— չարախնդորեն վրա տվեց պորուչիկ Լուկաշը։

— Այն գրքույկները, որ ես բերեցի գնդի գրասենյակի՞ց,— մտազբազ հարցրեց Շվեյկը։— Այդ գրքույկները, պարոն օբեր-լեյտենանտ, իսկապես այն մարդն էր գրել, որի մասին դուք հարցրիք, թե հետը ծանոթ չե՞մ։ Ես ուղղակի գնդի գրասենյակից հեռախոսագիր ստացա։ Գիտե՞ք ինչ, նրանք ցանկանում էին այդ գրքույկներն ուղարկել գումարտակի գրասենյակ, իսկ գրասենյակում մարդ չկար, չէ՞ որ բոլորն անպայման պետք է բուֆետ գնային, որովհետև ռազմաճակատ մեկնելիս ոչ ոք չի կարող ասել, թե երբևէ նորից բախտ կունենա բուֆետում նստելու։ Եվ այդպես, նրանք այնտեղ էին. այնտեղ նստած խմում էին։ Հեռախոսով մյուս երթային վաշտում էլ մարդ չէին գտել։ Քանի որ դուք ինձ, որպես հանձնակատարի, հրամայել էիք հեռախոսի մոտ հերթապահել մինչև հեռախոսավար Խոդոունսկուն մեզ մոտ ուղարկելը, նստել ու սպասում էի, թե գնալուս հերթը երբ է հասնելու։ Գնդի գրասենյակից հայհոյում էին, թե ոչ մի տեղից իրենց զանգին չեն պատասխանում, այնինչ հեռախոսագիր է ստացվել, որով հրամայվում է գնդի գրասենյակից ինչ-որ գրքույկներ վերցնել ամբողջ երթային գումարտակի պարոն սպաների համար։ Քանի որ ես հասկանում եմ, պարոն օբեր-լեյտենանտ, որ զինվորական ծառայության մեջ պետք է արագ գործել, հեռախոսով նրանց պատասխանեցի, թե ես ինքս կվերցնեմ այդ գրքույկները և կտանեմ գումարտակի գրասենյակը։ Ինձ մի այնպիսի ծանր պայուսակ տվին, որ հազիվ տեղ հասցրի։ Այստեղ ես աչքի անցրի այդ գրքույկները և իմ խելքով որոշեցի, թե ինչ պետք է անել։ Բանն այն է, որ գնդի գրասենյակում գրագիրն ինձ ասաց, թե համաձայն գնդին տրված հեռախոսագրի գումարտակում արդեն գիտեն, թե այդ գրքույկներից որը, այսինքն ո՛ր հատորը պիտի ընտրեն, քանի որ գրքույկները երկու հատորից էին, առաջին հատորն աոանձին, երկրորդն՝ առանձին։ Կյանքումս երբեք այդպես չէի ծիծաղել, որովհետև ես շատ գրքեր եմ կարդացել, բայց ոչ մի անգամ երկրորդ հատորից չեմ սկսել։ Իսկ նա նորից ինձ ասում է. «Սա ձեզ առաջին, սա էլ երկրորդ հատորը։ Պարոն սպաներն իրենք արդեն գիտեն, թե ո՛ր հատորը պիտի կարդան»։ Մտածեցի, թե երևի դրանք բոլորը հարբած են, քանի որ գիրքը միշտ պետք է սկզբից կարդալ։ Օրինակ, հայրերի մեղքերի մասին գրված այն վեպը, որ ես բերել էի, (ես, կարելի է ասել, գերմաներեն կարդալ գիտեմ), պետք է սկսել առաջին հատորից. մենք հո հրեաներ չենք, որ հետևից դեպի առաջ կարդանք։ Հետո, երբ դուք սպայական ժողովարանից վերադարձաք, ես հեռախոսով այդ մասին ձեզ հարցրի։ Ես ձեզ զեկուցեցի այդ գրքույկների մասին, հարցրի, թե հո պատերազմի ժամանակ ամեն ինչ չի՞ թարսվել, թե հո կարգադրվա՞ծ չէ գրքերը թարս կարդալ՝ նախ երկրորդ, ապա միայն առաջին հատորը։ Դուք պատասխանեցիք, թե ես հարբած անասուն եմ, քանի որ չգիտեմ, որ «Հայր մեր»-ի մեջ նախ ասվում է «Հայր մեր» և հետո միայն «ամեն»․․․ Ղուք ձեզ վա՞տ եք զգում, պարոն օբեր-լեյտենանտ,— կարեկցանքով հարցրեց Շվեյկը, տեսնելով թե ինչպես սփրթնած պորուչիկ Լուկաշը ձեռքով կառչել է հանգած շոգեկառքի ոտնակից։