Լուկաշի գունատ դեմքն այլևս զայրույթ չէր արտահայտում։ Նրա վրա դրոշմված էր մի անմխիթար հուսահատություն։
— Շարունակեցեք, շարունակեցեք, Շվեյկ․․․ Արդեն անցավ․․․ հիմա ամեն ինչ միևնույն է․․․
— Ես էլ,— հնչեց Շվեյկի մեղմ ձայնը լքված գծուղու վրա,— ինչպես արդեն ասացի, նույն կարծիքին էի։ Մի անգամ ես Բակոնյան անտառում ապրող Ռոժ Շավանեի մասին գրված մի արյունալի վեպ էի գնել, որի առաջին մասը նույնպես չկար։ Եվ ստիպված էի գուշակություններ անել, թե սկզբում ինչ է եղել։ Չէ՞ որ ավազակի պատմությունն անգամ առանց առաջին մասի կարդալ չի լինի։ Ինձ համար միանգամայն պարզ էր, որ, իսկապես ասած, բոլորովին միտք չունի, որ պարոն սպաները նախ առաջին մասը կարդան, իսկ հետո երկրորդը, և որ իմ կողմից հիմարություն կլինի գումարտակին չհաղորդել այն, ինչ ինձ ասել են գնդի գրասենյակում, այսինքն, որ իբր սպաները գիտեն, թե ո՛ր հատորը պիտի կարդալ։ Առհասարակ այդ գրքույկների պատմությունը, պարոն օբեր-լեյտենանտ, ինձ շատ տարօրինակ ու հանելուկային էր թվում։ Ես գիտեի, որ պարոն սպաներն առհասարակ քիչ են կարդում, իսկ պատերազմի որոտների մեջ․․․
— Թողեք ձեր հիմարությունները, Շվեյկ,— տնքալով ասաց պորուշիկ Լակաշը։
― Չէ՞ որ ես, պարոն օբեր-լեյտենանտ, հենց այն ժամանակ հարցրի, թե երկու հատորը միանգամի՞ց եք ուզում։ Ւսկ դուք ճիշտ և ճիշտ հիմիկվա պես պատասխանեցիք, որ հիմարություններս թողնեմ, որ իբր կարիք չկա ինչ-որ գրքերի հետևից ընկնելու, և ես մտածեցիք թե քանի որ դուք այդ կարծիքին եք, ապա մնացած պարոն սպաներն էլ պետք է նույն կարծիքին լինեն։ Այդ մասին ես խորհրդակցեցի ձեր Վանեկի հետ։ Չէ՞ որ նա արդեն ռազմաճակատում եղել է և այդպիսի բաների փորձ ունի։ Նա ասաց, թե սկզբում պարոն սպաները կարծում էին, թե պատերազմը դատարկ բան է և ամբողջ գրադարաններ էին տանում ռազմաճակատ, կարծես ամառանոց էին գնում։ Նրանք էրցհերցոգից, որպես նվեր, ստանում էին զանազան բանաստեղծների երկերի լիակատար ժողովածուներ, այնպես որ սպասյակները գրքերի ծանրության տակ ճկռում էին և իրենց ծնվելու օրն անիծում։ Վանեկը պատմում էր, թե այդ գրքերը թութուն փաթաթելու համար բոլորովին սլիտանի չէին, որովհետև շատ ընտիր, հաստ թղթի վրա էին տպված, իսկ արտաքնոցում մարդ այդպիսի ոտանավորներով կարող էր ամբողջովին քրքրել իր,— կներեք, պարոն օբեր-լեյտենանտ,— հետույքը։ Կարդալու ժամանակ չէր լինում, քանի որ շարունակ ստիպված էին ճղել։ Կամաց-կամաց բոլոր գրքերը դուրս էին շպրտում, իսկ հետո արդեն կանոն դարձավ, որ թնդանոթային առաջին իսկ համազարկը լսելուն պես սպասյակը միանգամից դուրս շպրտեր ընթերցանության համար բերված բոլոր գրքերը։ Ես այդ ամենը արդեն գիտեի, բայց ցանկանում էի, պարոն օբեր-լեյտենանտ, մի անգամ էլ լսել ձեր կարծիքը, և, երբ հեռախոսով ձեզ հարցրի, թե այդ գրքույկներն ի՞նչ անեմ, դուք ասացիք, որ երբ իմ տխմար գլուխը մի բան է մտնում՝ էլ ձեռք չեմ քաշում, մինչև որ ռեխիս չհասցնեն։ Եվ այսպես, ուրեմն, պարոն օբեր-լեյտենանտ, ես գումարտակի գրասենյակ տարա այդ վեպի միայն
առաջին հատորները, իսկ երկրորդ հատորը Ժամանակավորապես թողի մեր գնդի գրասենյակում։ Ես դա արի լավ դիտավորությամբ, նրա համար, որ երբ պարոն սպաները առաջին հատորը վերջացնեն՝ տամ, երկրորդ հատորը ինչպես անում են գրադարանում։ Բայց հանկարծ ճանապարհվելու հրաման եկավ և ամբողջ գումարտակին հեռախոսագիր արվեց՝ բոլոր ավելորդ բաները հանձնել գնդի պահեստին։ Ես պարոն Վանեկին մի անգամ էլ հարցրի, թե արդյոք վեպի երկրորդ հատորն ավելորդ չի՞ համարում։ Նա ինձ պատասխանեց, թե Սերբիայի, Գալիցիայի և Հունգարիայի տխուր փորձից հետո այլևս ոչ մի գիրք չեն տանում ռազմաճակատ։ Միակ օգտակար բանը քաղաքներում դրված այն արկղերն են, որոնց մեջ զինվորները դարսում են իրենց կարդացած թերթերը, քանի որ թերթերի թուղթը հարմար է թութունը կամ այն խոտը փաթաթելու համար, որ ծխում են խրամատներում։ Այդ վեպի առաջին հատորը գումարտակում արդեն բաժանել էին, իսկ երկրորդը մենք տարանք պահեստ։— Շվեյկը մի պահ լռեց, ապա ավելացրեց․— Այնտեղ, այդ պահեստում, ինչ ասեք որ չկա, նույնիսկ Բուդեյովիցիի եկեղեցու երգչախմբի խմբավարի ցիլինդրը, որով նա եկել էր զորակոչի։