Выбрать главу

— Ես ձեզ միայն մի բան կասեմ, Շվեյկ,— խորապես հառաչելով ասաց պորուչիկ Լուկաշը։— Դուք ձեզ բնավ հաշիվ չեք տալիս ձեր զանցանքների չափի մասին։ Արդեն ինքս էլ զզվել եմ, շարունակ կրկնելով, թե դուք ապուշ եք։ Ձեր հիմարությունը բնորոշող բառ չկա։ Եվ եթե ձեզ ապուշ եմ անվանում, ապա դա շատ մեղմ բառ է։ Դուք այնպիսի սոսկալի բան եք արել, որի համեմատությամբ բոլորովին անմեղ բաներ են այն բոլոր հանցանքները, որ կատարել եք ձեզ ճանաչելուս օրվանից ի վեր։ Եթե միայն իմանա՜ք ինչ եք արել, Շվեյկ․․․ Բայց երբեք չեք իմանա։ Եթե երբևէ այդ գրքույկները նրանց միտն ընկնի, չհամարձակվեք դուրս տալ, թե երկրորդ հատորի մասին հեռախոսով ձեզ ինչ եմ ասել․․․ Եթե խոսք լինի, թե առաջին և երկրորդ հատորների բանն ինչպես է եղել, այնպես ցույց տվեք, թե ո՛չ տեսել եք, ո՛չ լսել։ Թե իբր ոչինչ չգիտեք և ոչինչ չեք հիշում։ Հապա վարձեցեք ինձ որևէ պատմության մեջ գցել։ Իմացած եղեք, որ․․․

Պորուչիկ Լուկաշն այնպես էր խոսում, որ կարծես տենդի մեջ լիներ։ Երբ նա լռեց, Շվեյկն այդ պահն օգտագործեց մի այսպիսի հարցի համար․

― Խնդրում եմ մեծահոգաբար ինձ ներել, պարոն օբեր-լեյտենանտ, բայց ինչո՞ւ ես երբեք չպետք է իմանամ, թե ինչ սոսկալի բան եմ արել։ Ես, պարոն օբեր-լեյտենանտ, համարձակվում եմ միայն նրա համար, որ հետագայում կարողանամ նման բաներից խուսափել։ Չէ՞ որ մենք, ինչպես ասում են, սովորում ենք մեր սխալների վրա։ Ա՛յ, օրինակ, Դանկովկայում ապրող ձուլիչ Ադամեցը, որ սխալմամբ աղաթթու խմեց․․․

Շվեյկը խոսքը չավարտեց, քանզի պորուչիկ Լուկաշն ընդհատեց նրա պատմությունը.

— Ապո՛ւշ։ Ես ձեզ ոչինչ էլ չեմ բացատրի։ Նորից մտեք վագոն և Բալոունին ասացեք, որ երբ հասնենք Բուդապեշտ՝ թող շտաբի վագոն բերի մի բուլկի և լյարդի պաշտետը, որը, անագաթերթի մեջ փաթաթած, դրված է ճամպրուկիս ներքևի մասում։ Իսկ Վանեկին ասացեք, որ նա ջորի է։ Երեք անգամ ես նրան հրամայել եմ, որ ինձ վաշտի թվական կազմի ստույգ տվյալներ ներկայացնի։ Այսօր այդ տվյալներն ինձ պետք էին, և պարզվեց, որ իմ ձեռքին անցած շաբաթվա հին տվյալներն են։

— Zum Befehl, Herr Oberleutnant[24],― կաղկանձեց Շվեյկը և անշտապ դիմեց դեպի իր վագոնը։

Պորուչիկ Լուկաշը, երկաթուղու պաստառի վրա հետ ու առաջ քայլելով, ինքն իրեն նախատում էր. «Պետք էր մի ապտակ հասցնեի, իսկ ես կանգնել nւ հետը զրույց եմ անում, ինչպես բարեկամի հետ»։

Շվեյկը ծանր ու մեծ մտավ իր վագոնը։ Նա իր անձի նկատմամբ հարգանքով էր համակվել։ Չէ՞ որ ամեն օր մարդու չի հաջողվի այնքան սոսկալի բան անել, որ նույնիսկ ինքը իրավունք չունենա իր արածն իմանալու։

— Պարոն ֆելդֆեբել,— զեկուցեց Շվեյկը, նստելով իր տեղը,— պարոն օբեր-լեյտենանտ Լուկաշը, ինչպես ինձ թվում է, այսօր շատ լավ տրամադրության մեջ է։ Նա հրամայեց ձեզ հայտնել, որ դուք ջորի եք, քանի որ արդեն երեք անգամ ձեզնից ստույգ տվյալներ է պահանջել վաշտի թվական կազմի մասին։

— Աստվա՜ծ իմ,— հուզվեց Վանեկը։— Հիմա ես այդ դասակապետերին ցույց կտամ։ Ես ի՞նչ մեղք ունեմ, որ ամեն մի ավարա դասակապետ իր խելքին փչածն է անում և դասակի կազմի մասին ինձ տվյալներ չի ուղարկում։ Ի՞նչ է, մատի՞ցս ծծեմ այդ տվյալները։ Ահա թե ի՛նչ կարգեր կան մեր վաշտում։ Դա հնարավոր է միայն մեր տասնմեկերորդ երթային վաշտում։ Ես դա նախազգում էի, այդպես էլ գիտեի։ Ոչ մի րոպե չեմ կասկածել, որ մեզ մոտ կարգ ու կանոն չկա։ Այսօր խոհանոցում չորս բաժին պակասում է, վաղն, ընդհակառակը, երեք բաժին ավելանում։ Թող այդ ավազակները գոնե հայտնեին, թե հոսպիտալում ով կա պառկած։ Դեռ անցած ամիս իմ ցուցակներում ինչ-որ Նիկոդեմ կար նշված, և միայն ռոճիկը վճարելիս իմացա, որ այդ Նիկոդեմը սրընթաց թոքախտից մեռել է Բուդեյովիցիի տուբերկուլյոզային հիվանդանոցում, իսկ մենք այդ ամբողջ ժամանակ նրա համար պարեն ենք ստացել։ Մենք նրա համար մունդիր ենք դուրս գրել, իսկ թե դա ի՞նչ է եղել աստված գիտե։ Եվ դրանից հետո պարոն օբեր-լեյտենանտը ինձ ջորի է անվանում։ Նա ինքը ի վիճակի չէ հետևելու իր վաշտի կարգ ու կանոնին։