Գնդի ավագ գրագիր Վանեկը հուզված գնում-գալիս էր վագոնում։
— Եթե ես հրամանատար լինեի, ինձ մոտ ամեն ինչ իր կարգով կգնար։ Ես տեղեկություններ կունենայի ամեն մի զինվորի մասին։ Ենթասպաներն օրական երկու անգամ ինձ տվյալներ կտային թվական կազմի մասին։ Բայց մարդ ի՞նչ կարող է անել, երբ մեր ենթասպաները բոլորովին բանի պետք չեն։ Եվ բոլորից վատ դասակի հրամանատար Զիկան է։ Թողնես մի գլուխ կատակներ անի ու անեկդոտներ պատմի։ Մարդ նրան հայտնում է, որ Կոլարժիկը նրա դասակից տեղափոխված է գումակ, իսկ նա մյուս օրը զեկուցում է, թե դասակի թվական կազմը մնացել է անփոփոխ, կարծես թե Կոլարժիկը հիմա էլ թրևում է վաշտում և նրա դասակում։ Եվ այդպես ամեն օր։ Եվ դրանից հետո ես ջորի եմ։ Ոչ, պարոն օբեր-լեյտենանտ, այդ ձևով դուք բարեկամներ չեք շահի։ Գնդի ավագ գրագիրը, որ ֆելդֆեբելի աստիճան ունի, ձեզ համար ինչ-որ եֆրեյտոր չէ, որով ամեն մարդ կարող է սրբել իր․․․
Բալոունը, որ բերանը բաց լսում էր, Վանեկի փոխարեն ասաց այդ գողտրիկ բառը, ցանկանալով, ըստ երևույթին, խառնվել խոսակցությանը։
— Զա՛յնդ, պապանձվիր,— բարկացավ սաստիկ վրդովված ավագ գրագիրը։
— Լսիր, Բալոուն,— հանկարծ հիշեց Շվեյկը,— պարոն օբեր-լեյտենանտը քեզ հրամայել է, որ Բուդապեշտ հասնելուն պես նրա համար տանես մի բուլկի և անագաթղթով փաթաթած այն պաշտետը, որ գտնվում է պարոն օբեր-լեյտենանտի ճամպրուկի ամենացածի մասում։
Հսկա Բալոունը միանգամից կուչ եկավ, անհուսորեն կախ գցելով իր կապկային երկար թևերը, և երկար ժամանակ մնաց այդ վիճակում։
— Պաշտետը չկա՜,— հազիվ լսելի թոնթորաց նա հուսահատաբար, հայացքը հառած վագոնի կեղտոտ հատակին։
— Պաշտետը չկա՜,— կրկնեց նա ընդհատ-ընդհատ։— Ես կարծում էի․․․ Ես ճանապարհվելուց առաջ բացեցի պաշտետը․․․ հոտ քաշեցի․․․ թե հո չի՞ հոտել․․․
— Համը տեսա՜,— գոռաց նա այնպիսի անկեղծ զղջումով, որ բոլորի համար ամեն ինչ պարզ դարձավ։
― Դուք, Բալոուն, պետք է շարունակ ինքներդ ձեզ հետևեք, որպեսզի չկորցնեք հավատը ձեր անձի և բախտի նկատմամբ։ Դուք իրավունք չունեք ձեզ վերագրելու այն, ինչ հանդիսանում է ուրիշների արժանիքը։ Ամեն անգամ, երբ ձեր առջև ծառանա այնպիսի պրոբլեմ, որպիսին դուք լափել եք, ինքներդ ձեզ հարցրեք. «Ի՞նչ հարաբերության մեջ է գտնվում լյարդի պաշտետն իմ նկատմամբ»։
Շվեյկն անհրաժեշտ համարեց այդ տեսական դրույթը պարզաբանել համապատասխան օրինակով․
— Բալոուն, դու ասում էիր, թե ձեր տանը խոզ են մորթելու և ապխտելու և թե, հենց որ մեր դաշտային փոստի համարն իմանաս, քեզ մի բուդ պիտի ուղարկեն։ Դե, հիմա պատկերացրու, դաշտային փոստը բուդն ուղարկել է մեր վաշտը, և ես ու գնդի պարոն ավագ-գրագիրը մեզ համար մեկական պատառ կտրել ենք։ Վետչինան մեզ այնքան է դուր եկել, որ կտրել ենք ևս մեկական պատառ, մինչև որ բդին պատահել է նույնը, ինչ իմ ծանոթ փոստատարին, որի ազգանունը Կոզյոլ էր։ Այդ Կոզյոլը ոսկրափուտ ուներ։ Սկզբում ոտքը կտրեցին մինչև կոճը, հետո մինչև ծունկը, հետո էլ մինչև ազդրը, և եթե մարդը ժամանակին չմեռներ նրան անվերջ կկտրեին ու կսրեին գրաֆիտը փշրված մատիտի պես։ ՈՒրեմն, մենք լափեցինք քո բուդը, ինչպես դու լափել ես պարոն օբեր-լեյտենանտի լյարդի պաշտետը։
Աժդահա Բալոունը բոլորի վրա մի տխուր հայացք նետեց։
— Միայն իմ ջանքերի շնորհիվ էր,— հիշեցրեց Բալոունին ավագ-գրագիրը,— որ դուք մնացիք որպես պարոն օբեր-լեյտենանտի սպասյակ։ Ձեզ ուզում էին սանիտար նշանակել, և դուք պետք է ստիպված լինեիք մարտի դաշտից վիրավորներ դուրս բերել։ Դուկլայի մոտ մերոնք երեք անգամ սանիտարներին ուղարկեցին պրապորշչիկին բերելու, որը լարափակոցների առաջ փորից վիրավորվել էր, և նրանք բոլորը մնացին այնտեղ, բոլորի գլխին էլ գնդակ էր դիպել։ Սանիտարների միայն չորրորդ զույգին հաջողվեց կրակի գծից դուրս բերել, բայց դեռ վիրակապման կայան չհասած պրապորշչիկս հոգին ավանդեց։
Բալոունն այլևս չդիմացավ ու հեծկլտաց։
― Ամո՛թ քեզ,— արհամարհանքով ասաց Շվեյկը,― և դեռ զինվո՜ր է։
― Հա՜-ա՜, բայց որ պատերազմի համար պետքական չեմ,— սկսեց նվնվալ Բալոունը։— Ես շատակեր եմ, անկշտում, ճիշտ է։ Բայց, ախր, դրա պատճառն այն է, որ ինձ իմ սովորական կյանքից կտրել են։ Մեր ամբողջ ցեղն այդպես է։ Հանգուցյալ հայրս Պրոտիվին պանդոկում գրազ է եկել, թե մի նստելում հիսուն սարդելկա և երկու բոքոն կուտի, և գրազը տարել է։ Իսկ ես մի անգամ գրազ եկա, թե չորս սագ և չորս աման կաղամբով կնեդլիկ կուտեմ, և կերա։ Պատահում էր, որ ճաշից հետո սիրտս ուզում էր մի բան ուտել։ Մտնում էի մառանը, ինձ համար մի կտոր միս կտրում, երկու աման գարեջուր բերել տալիս և երկու կիլոգրամ ապխտած միս ճխտում։ Մեր տանը մի բատրակ կար, անունը Վոմելա, ծեր մարդ էր, ինձ միշտ խրատում էր, որ դրանով չպարծենամ ու չափից ավելի լափել չսովորեմ։ Հիշում էր, թե ինչպես իր պապը իրեն պատմել է մի շատակերի մասին։ Մի պատերազմի ժամանակ ութ տարի շարունակ հացի բերք չի եղել։ Այն ժամանակ ծղոտից ու կտավատի քուսպից մի տեսակ բան են թխել, իսկ երբ ուժները պատել է կաթի մեջ մի քիչ շոռ են բրդել,— քանի որ հաց չի եղել,— ապա դա իրենց համար, մեծ տոն ու ուրախության է եղել։ Շատակեր գյուղացին մի շաբաթ չանցած մեռել է, որովհետև, ստամոքսը սովի սովոր չի եղել։