Բալոունը իր վշտալի հայացքն ուղղեց դեպի երկինք։
— Բայց ես հավատում եմ, որ որքան էլ աստված մարդկանց պատժում է նրանց մեղքերի համար, այնուամենայնիվ, նրանց բոլորովին չի զրկում իր ողորմածությունից։
— Աստված ինքն է շատակերներ ստեղծել, ինքն էլ նրանց մասին կհոգա,— վրա թերեց Շվեյկը։— Արդեն մի անգամ քեզ կապել են, իսկ հիմա միանգամայն արժանի ես, որ ուղարկեն առաջավոր դիրքերը։ Երբ ես պարոն օբեր-լեյտենանտի մոտ սպասյակ էի, նա ամեն բան ինձ վստահում էր։ Նրա մտքով չէր անցնի, թե ես նրա տանը կարող եմ որևէ բան լափել։ Երբ մթերաբաժնից դուրս բան էին տալիս, նա միշտ ասում էր․ «Դա թող մնա ձեզ, Շվեյկ», և կամ․ «Ի՞նչ եմ անել ու, ինձ շատ բան պետք չէ։ Մի մասը թողեք ինձ, իսկ մնացածը ինչ կուզեք արեք»։ Իսկ երբ մենք ապրում էինք Պրագայում, նա ինձ ուղարկում էր ռեստորանից ճաշ բերելու։ Այնտեղի ճաշաբաժինները շատ փոքր էին, և որպեսզի նրա մտքով որևէ վատ բան չանցներ, ես իմ վերջին կոպեկներով նրա համար մի բաժին ավելի էի առնում, միայն թե մարդը կուշտ ուտեր։ Բայց մի օր գլխի ընկավ։ Ես ռեստորանից բերում էի մենյուն և նա ընտրում էր իր ուզած ճաշը։ Մի անգամ ֆարշած աղավնի ընտրեց։ Երբ ինձ կես աղավնի տվին, միտք արի, որ պարոն օբեր-լեյտենանտը կարող է կարծել, թե մյուս կեսր կերել եմ։ Մի կես աղավնի էլ առա և այնպիսի արքայական բաժին բերի, որ պարոն օբեր-լեյտենանտ Շեբան, որն այդ օրը փորը լցնելու համար լեյտենանտիս հյուր էր եկել հենց ճաշի ժամին, նույնպես կշտացավ։ Իսկ երբ կշտացավ, ասաց․ «Միայն թե ինձ մի հավատացրա, թե դա մի բաժին էր։ Աշխարհում ոչ մի տեղ մարդ մենյուով մի ամբողջ ֆարշած աղավնի չի ստանա։ Եթե այսօր կարողանամ փող գտնել, ճաշը բերել կտամ քո այդ ռեստորանից։ Խոստովանիր, որ դա կրկնակի բաժին էր»։ Պարոն օբեր-լեյտենանտն ինձ խնդրեց հաստատել, որ նա ինձ մի բաժնի փող է տվել, քանի որ չէր կարող իմանալ, որ այդ օրը հյուր է ունենալու։ Ես հաստատեցի։ «Այ, տեսնո՞ւմ ես,— ասաց պարոն օբեր-լեյտենանտը։— Բայց դա դեռ ոչինչ։ Օրերս Շվեյկը ճաշին ինձ սագի երկու բուդ բերեց։ Պատկերացրու — լապշա, անձրուկի սոուսով տավարի միս, սագի երկու բուդ, խմորագնդիկներ ու այնքան կաղամբ, որ քիչ էր մնում առաստաղին հասներ, և վերջապես, բլիններ»։
— Փա՜հ-փա՜հ-փա՜հ, գրողը տանի,— շրթունքները լիզեց Բալոունը։
Շվեյկը շարունակեց,
— Դա գայթակղության քար հանդիսացավ։ Պարոն օբեր-լեյտենանտ Շեբան հաջորդ օրը իր լողլող սպասյակին ուղարկում է մեր ռեստորանը։ Սպասյակը նրան մի պստլիկ կոլոնձ հավով փլավ է բերում, այնքան, ինչքան վեց շաբաթական երեխան կկեղտոտի բարուրի մեջ, երկու փոքր գդալ։ Այդ ժամանակ օբեր-լեյտենանտ Շեբան հարձակվում է նրա վրա, թե՝ կեսը կերել ես, իսկ նա մի գլուխ պնդում է, թե ինքը մեղք չունի։ Պարոն օբեր-լեյտենանտը մի լավ հասցնում է նրա ռեխին և ինձ օրինակ բերում, թե, տես, նա ինչպիսի բաժիններ է բերում պարոն օբեր-լեյտենանտ Լուկաշի համար։ Մյուս օրը այդ իզուր ծեծված զինվորը նորից է գնում ճաշ բերելու, ռեստորանում իմ մասին հարցուփորձ է անում, հետո գալիս ամեն ինչ պատմում իր պարոնին, սա էլ իր հերթին՝ իմ օբեր-լեյտենանտին։ Մի իրիկուն նստած եմ թերթը ձեռքիս ու կարդում եմ կռվի դաշտից թշնամու շտաբների տված հաղորդագրությունները։ Հանկարծ ներս է մտնում իմ օբեր-լեյտենանտը, երեսին գույն չկա, և միանգամից պահանջում է, որ ասեմ, թե ռեստորանից իմ հաշվին քանի՞ կրկնակի բաժին եմ առել։ Ասում է, թե ինքը ամեն ինչ գիտե և ժխտելն ինձ չի օգնի, թե վաղուց գիտեր, որ ես ապուշ եմ, բայց որ խելագար էլ եմ՝ իբր մտքովը չի անցել, թե ես իրեն այնպես եմ խայտառակել, որ հիմա իր միակ ցանկությունն է՝ գնդակահարել նախ ինձ, հետո իրեն։ «Պարոն օբեր-լեյտենանտ,— բացատրում եմ ես,— երբ դուք ինձ սպասյակ էիք վերցնում, առաջին իսկ օրն ասացիք, թե բոլոր սպասյակները չարագործներ և սրիկաներ են, իսկ քանի որ այդ ռեստորանում իսկապես շատ փոքր բաժիններ էին տալիս, դուք հիրավի կարող էիք կարծել, թե ես էլ բոլորի պես սրիկա եմ և լափել եմ ձեր․․․»։
— Ողորմա՜ծ աստված,— շշնջաց Բալոունը, կռացավ պորուչիկ լուկաշի ճամպրուկի վրա և վերջինիս հետ անհետացավ վագոնի խորքում։
― Հետո պորուչիկ Լուկաշը,— շարունակեց Շվեյկը,— սկսեց պրպտել իր բոլոր գրպանները, իսկ երբ ոչինչ չգտավ, ժիլետի գրպանից հանեց արծաթե ժամացույցը և տվեց ինձ։ Այնպե՜ս զգացված էր։ «Շվեյկ, ասում է, երբ ռոճիկս ստանամ՝ հաշիվ կազմեցեք, թե ձեզ որքան եմ պարտք։ Իսկ այս ժամացույցը ինձնից ձեզ նվեր։ Եվ մյուս անգամ ապուշ չլինեք»։ Մի անգամ մենք շատ նեղն էինք ընկել և ես ժամացույցը տարա լոմբարդ․․․
― Այդ ի՞նչ եք անում այդտեղ, Բալոուն,— հանկարծ ձայն տվեց ավագ գրագիր Վանեկը։
Անսպասելիությունից խեղճ Բալոունի խեղդահազը բռնեց։ Նա արդեն հասցրել էր բացել պորուչիկ Լուկաշի ճամպրուկը և բերանն էր խոթում նրա վերջին բուլկին։
* * *
Կայարանի մոտով, առանց կանգ առնելու, անցավ մի ուրիշ գինվորական գնացք, որ լեփ-լեցուն էր սերբիական ռազմաճակատ ուղարկվող դոյչմայստերներով։ Նրանք դեռ մինչև հիմա ուշքի չէին եկել Վիեննայում տեղի ունեցած խանդավառ ճանապարհումից և անդադրում բղավում էին․