Выбрать главу

Խիզախ իշխան Եվդենին

Խոստում տվեց արքային

Բելգրադն առնել, տալ նրան,

Արագ շինել մի կամուրջ,

Որ զորքերը մարտաշունչ

Դեպի կռիվ ընթանան․․․

Բեղերը կտրիչավարի ոլորած մի կապրալ, արմունկներով հենված բաց դռան առաջ նստած զինվորներին, որոնք թափահարում էին իրենք ոտքերը, դուրս էր կախվել վագոնից, չափ էր տալիս ու գոռում․

Կամուրջն արագ շինեցին,

Եվ գումակն ու այրուձին

Պղտոր Դանուբն անց կացան,

Զեմլինի մոտ ամրացան,

Որ քամուն տան սերբերին․․․

Նա հանկարծ հավասարակշռությունը կորցրեց, դուրս ընկավ վագոնից, թափով մեկ փորը խփեց սլաքի լծակին և մնաց նրա վրա, ինչպես քորոցի ծայրին ցցված։ Իսկ գնացքը շարունակում էր առաջ ընթանալև հետևի վագոններում սկսեցին մի ուրիշ երգ․

Կոմս Ռադեցկին մեծանուն

Երդվեց քշել թշնամուն

Լոմբարդիայից այն ավեր,

Վերոնայում անհամբեր

Նա սպասեց մինչև գան

Իր ուժերը օգնական․․․

Տխմար սլաքի ծայրին տնկված ռազմատենչ կապրալը մեռել էր։ Նրա մոտ արդեն պահակություն էր անում կայարանի պարետատան կազմի մեջ մտնող մի դեռահաս զինվորիկ, որն արտակարգ լրջությամբ էր կատարում իր պարտականությունը։ Նա կանգնել էր ձիգ, այնպիսի հաղթական տեսքով, որ կարծես ինքն էր կապրալին տնկել սլաքի վրա։

Դեռահաս զինվորը հունգարացի էր, և, երբ Իննսունմեկերորդ գնդի գումարտակի էշելոնից որևէ մեկը գալիս էր կապրալին նայելու, նա կայարանով մեկ բղավում էր․

― Nem szabad! Nem szabad! Komision militär nem szabad![25]

— Մեռավ պրծավ,— հառաչեց քաջարի զինվոր Շվեյկը, որ նույնպես հետաքրքրվողների մեջ էր։— Դա էլ իր առավելությունն ունի։ Թեև մարդու փորը երկաթ է մտել, այնուամենայնիվ բոլորը գիտեն, թե նա որտեղ է թաղված։ Ստիպված չեն լինի նրա գերեզմանը որոնել ռազմի բոլոր դաշտերում։ Շատ խնամքով է տնկվել,— գործիմաց մարդու պես ավելացրեց Շվեյկը, բոլոր կողմերից նայելով կապրալին։— Աղիքները մնացել են շալվարի մեջ․․․

— Nem szabad, nem szabad!,– բղավում էր հունգարացի դեռահաս զինվորը,— komision militär bahnhof, nem szabad!։

Հանկարծ Շվեյկի հետևից մի խիստ գոռոց լսվեց․

— Դուք այստեղ ի՞նչ եք անում։

Նրա առաջ կանգնած էր կադետ Բիգլերը։ Շվեյկը պատիվ տվեց։

— Համարձակվում եմ զեկուցել, նայում ենք հանգուցյալին, պարոն կադետ։

— Իսկ այդ ի՞նչ ագիտացիա եք մղում դուք այստեղ։ Ձեր ի՞նչ գործն է այս ամենը։

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն կադետ,— արժանապատվորեն և հանգիստ պատասխանեց Շվեյկը,— ես ոչ մի տեղ ոչ մի ագիտացիա չեմ մղել։

Կադետի հետևում հնչեց զինվորների ծիծաղը, և առաջ եկավ ավագ գրագիր Վանեկը։

— Պարոն կադետ,― բացատրեց նա,— պարոն օբեր-լեյտենանտը հանձնակատար Շվեյկին ուղարկել է այստեղ, որպեսզի տեսնի ու նրան ասի, թե ինչ է պատահել։ Հենց նոր ես շտաբի վագոնումն էի։ Այնտեղ գումարտակի հրամանատարի կարգադրությամբ Մատուշիչը ձեզ է որոնում։ Դուք պետք է անհապաղ ներկայանաք պարոն կապիտան Սագներին։

Երբ մի րոպե հետո հնչեց գնացք նստելու ազդանշանը, բոլորը դիմեցին դեպի իրենց վագոնները։

Վանեկը, Շվեյկի կողքից քայլելով, ասաց․

― Երբ շատ մարդ է հավաքվում, աշխատեցեք քիչ ճամարտակել։ Կարող եք փորձանքի մեջ ընկնել։ Քանի որ այդ կապրալը դոյչմայստեր է, ապա կարող են կարծել, թե դուք նրա մահվան համար ուրախացել եք։ Չէ՞ որ Բիգլերը մոլի չեխակեր է։

— Բայց ես ոչինչ չէի ասում,— առարկեց Շվեյկը ամեն մի կասկած բացառող տոնով,— բացի այն բանից, որ կապրալը խնամքով է տնկվել և աղիքները մնացել են շալվարի մեջ, նա կարող էր․․․

— Ավելի լավ կլինի այս խոսակցությանը վերջ տանք, Շվեյկ։— Եվ ավագ գրագիր Վանեկը թքեց։

– Ախր չէ՞ որ մեկ է,— չէր սսկվում Շվեյկը,— թե աղիքներդ որտեղ դուրս կթափվեն հանուն կայսեր, այստե՞ղ թե այնտեղ։ Նա իր պարտքը կատարեց․․․ Նա կարող էր․․․

― Նայեցեք, Շվեյկ,— ընդհատեց նրան Վանեկը,— գումարտակի հանձնակատար Մատուշիչը նորից դեպի շտաբի վագոնն է սլանում։ Զարմանում եմ, թե ինչպես բոյով մեկ չփռվեց ռելսերի վրա։

Դրանից քիչ առաջ կապիտան Սագների և ջանասեր կադետ Բիգլերի միջև տեղի ունեցավ մի այսպիսի խիստ խոսակցության․

— Ես զարմացած եմ, կադետ Բիգլեր,— սկսեց կապիտան Սագները։— Ինչու դուք ինձ անհապաղ չեք զեկուցել, որ զինվորներին չեն տվել հարյուրհիսանական գրամ հունգարական երշիկը։ Հիմա ես ստիպված եմ ինքս գնալ և պարզել, թե ինչու են զինվորները պահեստից դատարկ ձեռքով հետ գալիս։ Պարոն սպաներն էլ ի՛նչ ասես արժեն, կարծես նրանց համար հրամանը հրաման չէ։ Չէ՞ որ ես պարզ և որոշ ասացի․ «Դեպի պահեստը երթային զորասյունով, վաշտ առ վաշտ»։ Դա կնշանակե, որ եթե դուք պահեստում ոչինչ չեք ստացել, ապա պետք է վերադառնաք դարձյալ երթային զորասյունով, վաշտ առ վաշտ։ Ես ձեզ, կադետ Բիգլեր, հրամայեցի կարգ պահպանել, իսկ դուք ամեն ինչ ինքնահոսի թողիք։ Ուրախացել էիք, որ այլևս հարկ չկա երշիկի բաժինները հաշվել, և հանգիստ թողել-գնացել էիք նայելու,— ես դա լուսամուտից տեսնում էի,— դոյչմայստերների շամփրված կապրալին։ Իսկ երբ ես հրամայեցի ձեզ կանչել, ազատություն տվիք ձեր կադետային երևակայությանը և ամեն տեսակ հիմարություններ դուրս տվիք, թե, իբր, գնացել էի համոզվելու, արդյոք շամփրված կապրալի մոտ որևէ ագիտացիա չի՞ մղվում․․․