— Համարձակվում եմ զեկուցել, տասնմեկերորդ գնդի հանձնակատար Շվեյկը․․․
— Գլուխս մի տանեք ձեր այդ Շվեյկով,— բղավեց կապիտան Սագները։— Չկարծեք, կադետ Բիգլեր, որ ձեզ այստեղ կհաջողվի պորուչիկ Լուկաշի դեմ ինտրիգներ սարքել։ Շվեյկին մենք էինք ուղարկել այնտեղ․․․ Այնպես եք նայում ինձ, որ կարծես ձեր նկատմամբ մանրախնդրության եմ անում։ Այո․․․ ես մանրախնդրություն եմ անում, կադետ Բիգլեր․․․ Եթե դուք չեք հարգում ձեր պետին, ջանում եք նրան արատավորել, ապա ես ձեզ այնպես գործի կդնեմ, որ դուք, կադետ Բիգլեր, Ռաբ կայարանը երկար հիշեք։ Միայն թողնեն պարծենաք ձեր տեսական գիտելիքներով․․․ Սպասեցեք, հենց որ ռազմաճակատ հասնենք․․․ Այն ժամանակ ես ձեզ սպայական հետախուզության կուղարկեմ լարափակոցների այն կողմը․․․ Իսկ այդ ինչպե՞ս եք զեկուցում։ Ասենք, ես չլսեցի էլ ձեր զեկույցը, երբ ներս մտաք․․․ Նույնիսկ տեսականորեն, կադետ Բիգլեր․․․
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն կապիտան, որ հարյուր հիսուն գրամ հունգարական երշիկի փոխարեն զինվորները ստացան երկուական բացիկ։ Ահավասիկ, պարոն կապիտան[26]․․․
Բիգլերը գումարտակի հրամանատարին հանձնեց երկու բացիկ, որ հրատարակել էր Վիեննայի զինվորական արխիվը, որի պետն էր հետևազորի գեներալ Վոյնովիչը։ Բացիկի մի երեսին նկարված էր ռուս զինվոր՝ մի մորուքավոր մուժիկ, որին գրկել էր մի կմախք։ Ծաղրանկարի տակ գրված էր․ «Der Tag, an dem das perfide Rußland krepieren wird, wird ein Tag der Erlösung für ganze unsere Monarchie sein.»[27]։ Մյուս բացիկը պատրաստված էր գերմանական կայսրությունում։ Դա գերմանացիների նվերն էր ավստրո-հունգարական մարտիկներին։ Բացիկի վերևում տպված էր․ «Viribus unitis»[28], տակը զետեղված էր մի նկար՝ սըր Գրեյը՝ կախաղանի վրա, որի տակ ուրախ-ուրախ պատիվ էին տալիս ավստրիացի և գերմանացի զինվորները։ Նկարի տակ տպագրված էր մի ոտանավոր Գրեյնցի «Երկաթե բռունցք» գրքից (ուրախ քառյակներ մեր թշնամիների մասին)։ Գերմանական թերթերը նշում էին, թե Գրեյնցի ոտանավորները ձաղկող են, լի անխարդախ հումորով և չգերազանցված սրամտությամբ։ Ահա կախաղանի տակ զետեղված ոտանավորի թարգմանությունը․
ԳՐԵՅԸ
Բարձունքի վրա կախաղան հանված,
Ճոճվում է Էդվարդ Գրեյն անաստված․
Պետք էր ավելի շուտ կախել նրան,
Բայց մի հանգամանք խանգարեց դրան․—
Ոչ մի սեգ կաղնի չուզեց իր ճյուղին
Օրորել նրան՝ Հիսուս Քրիստոսին դավաճանողին,
Եվ անասունն այդ ճոճվում է, ավա՜ղ,
Ֆրանսիացիների հանրապետական կաղամախից կախ։
Կապիտան Սագները դեռ մինչև վերջ չէր կարդացել «անխարդախ հումորով ու չգերազանցված սրամտությամբ» լի այդ տողերը, երբ վազեվազ շտաբի վագոն մտավ գումարտակի հանձնակատար Մատուշիչը։
Նրան կապիտան Սագներն ուղարկել էր կայարանի պարետանոցին կից հեռագրատունը՝ իմանալու, թե արդյոք որևէ հրաման չկա՞, և նա բերել էր բրիգադից արված մի հեռագիր։ Վերծանման բանալիին դիմելու հարկ չեղավ։ Հեռագիրը ծածկագրված չէր և բարբառում էր․ Rasch abkochen, dann Vormarsch nach Sokal[29]։
Կապիտան Սագները մտահոգ օրորեց գլուխը։
— Համարձակվում եմ զեկուցել,— ասաց Մատուշիչը,— կայարանի պարետը հրամայեց ձեզ խնդրել, որ անձամբ գնաք իր մոտ բանակցելու։ Ստացված է ևս մի հեռագիր։
Փոքր-ինչ հետո կայարանի պարետի և կապիտան Սագների միջև տեղի ունեցավ մի հույժ գաղտնի խոսակցություն։
Առաջին հեռագրի բովանդակությունը, թե՝ «Շտապ ճաշ եփել, ապա շարժվել դեպի Սոկալ», տարակուսանք էր հարուցում։ Չէ՞ որ տվյալ պահին գումարտակը գտնվում էր Ռաբ կայարանում։ Եվ այնուհանդերձ հեռագիրը պետք է հանձնվեր ըստ պատկանելույն։ Հասցեատերն էր Իննսունմեկերորդ դնդի երթային գումարտակը, պատճենը պետք էր հանձնել Յոթանասունհինգերորդ գնդի երթային գումարտակին, որը գտնվում էր ետևում։ Ստորագրությունը ճիշտ էր․ «Բրիգադի հրամանատար Ռիտտե Ֆոն Հերբերգ»։
— Հույժ գաղտնի, պարոն կապիտան,— նախազգուշացրեց կայարանի պարետը։— Ձեր դիվիզիայից մի գաղտնի հեռագիր է ստացվել։ Բրիգադներից մեկի հրամանատարը խելագարվել է։ Նրան ուղարկել են Վիեննա, երբ նա բրիգադից բոլոր ուղղությունեերով մի քանի դյուժին այդպիսի հեռագրեր է ուղարկել։ Բուդապեշտում դուք ճիշտ այդպիսի մի հեռագիր էլ կստանաք։ Նրա բոլոր հեռագրերը, հասկանալի է, պետք է չեղյալ համարվեն։ Բայց առայժմ մենք ոչ մի կարգադրություն չենք ստացել։ Ձեռքիս տակ է, ինչպես ես արդեն ասացի, միայն դիվիզիայից տրված հրամանը, թե չծածկագրված հեռագրերը ուշադրության չառնել։ Բայց ես պարտավոր եմ հանձնել դրանք, քանի որ այդ մասին մեր ինստանցիաներից ոչ մի ցուցում չեմ ստացել։ Մեր ինստանցիաների միջոցով ես հարցում արի բանակային կորպուսի հրամանատարությանը։ Հետաքննություն է սկսված։
— Ես հին սակրավորական ծառայության կադրային սպա եմ,— ավելացրեց նա։— Մասնակցել եմ Գալիցիայի մեր ստրատեգիական երկաթուղու շինարարությանը։