— Պարոն կապիտան,— ասաց նա մի րոպե անց,— մեզ, ծերունիներիս, որ ծառայությունը սկսել ենք որպես հասարակ զինվոր, միայն ռազմաճակատ են քշում։ Թեև ներկայումս ռազմական մինիստրությունում շնից շատ հաղորդակցության ճանապարհների քաղաքացիական ինժեներներ կան, որոնք հոժարականի քննություն են հանձնել։ Սակայն, միևնույն է, քառորդ ժամից դուք շարունակելու եք ձեր ճանապարհը․․․ Հիշում եմ, թե ինչպես մի անգամ Պրագայի կադետական դպրոցում ես, ձեր ավագ ընկերը, ձեզ օգնում էի ճոճաձողի վրա վարժություններ կատարելիս։ Այն ժամանակ մեզ երկուսիս արձակուրդից զրկեցին։ Չէ՞ որ դուք էլ ձեր դասարանում կռվում էիք գերմանացիների հետ[30]․․․ Ձեզ հետ էր սովորում Լուկաշը, և դուք, կարծեմ, մտերիմ բարեկամներ էիք։ Այդ ամենը, հիշեցի երբ հեռագրով ստացա երթային գումարտակի այն սպաների ցուցակը, որոնք երթային գումարտակի հետ անցնում են իմ կայարանով։ Այն ժամանակվանից շատ ջուր է հոսել։ Այն Ժամանակ ես կադետ Լուկաշին շատ էի համակրում։
Այդ խոսակցությունը կապիտան Սագների վրա ճնշող տպավորություն գործեց։ Նա ճանաչեց իր խոսակցին։ Կադետական դպրոցի աշակերտ եղած ժամանակ պարետը ղեկավարում էր ավստրիական օպոզիցիան։ Հետագայում աստիճանների հետևից ընկնելով, նրանք թողել էին իրենց օպոզիցիոն տրամադրությունները։ Կապիտան Սագներին առանձնապես վիրավորեց պորուչիկ Լուկաշին հիշատակելը, որին ինչ-որ անհայտ պատճառներով ամենուրեք անտեսում էին։
— Պորուչիկ Լուկաշը հիանալի սպա է,— ընդգծված կերպով ասաց կապիտան Սագները։— Մեր գնացքն ե՞րբ է մեկնում։
Կայարանի պարետը նայեց ժամացույցին։
— Վեց րոպեից։
— Ես գնացի,— շտապեց Սագները։
— Ես կարծում էի, թե հրաժեշտի առթիվ դուք ինձ որևէ բան կասեք, Սագներ․․․
— Also nazdar[31],— պատասխանեց Սագները և դուրս եկավ կայարանի պարետանոցից։
* * *
Վերադառնալով գնացքի շտաբի վագոնը, կապիտան Սագները բոլոր սպաներին գտավ իրենց տեղերում։ Նրանք, խմբերի բաժանված, «չապարի» (frische viere) էին խաղում։ Չէր խաղում միայն կադետ Բիգլերը։ Նա թերթում էր իր սկսած ձեռագրերը, որ վերաբերում էին ռազմական գործողությունների թատերաբեմում տեղի ունեցող իրադարձություններին։ Կադետ Բիգլերը երազում էր աչքի ընկնել ոչ միայն ռազմի դաշտում, այլև գրական ասպարեզում՝ որպես պատերազմական իրադարձությունների տարեգիր։ Զարմանալի թևերի և «ձկան պոչի» տերը պատրաստվում էր նշանավոր ռազմական գրող դառնալ։ Նրա գրական փորձերն սկսվում էին բազմախոստում վերնագրերով, և դրանցում, ինչպես հայելու մեջ, արտացոլվում էր այն դարաշրջանի միլիտարիզմը։ Բայց թեմաները դեռևս մշակված չէին, թղթի պատառիկների վրա նշված էին միայն ապագա երկերի անունները․ «Մեծ պատերազմի մարտիկների կերպարները», «Ո՞վ սկսեց պատերազմը», «Ավստրո-Հունգարիայի քաղաքականությունը և համաշխարհային պատերազմի ծնունդը», «Ակնարկներ պատերազմական գործողությունների թատերաբեմից», «Ավստրո-հունգարիան և համաշխարհային պատերազմը», «Պատերազմի դասերը», «Հանրամատչելի ատենաբանություն պատերազմի ծագման մասին», «Խոհեր ռազմա-քաղաքական հարցերի շուրջ», «Ավստրո-Հունգարիայի փառքի օրը», «Սլավոնական իմպերիալիզմը և համաշխարհային պատերազմը», «Ռազմական փաստաթղթեր», «Նյութեր համաշխարհային պատերազմի պատմության համար», «Համաշխարհային պատերազմի գրագիր», «Համաշխարհային պատերազմի ամենօրյա տեսություն», «Առաջին համաշխարհային պատերազմը», «Մեր դինաստիան համաշխարհային պատերազմի մեջ», «Ավստրո-Հունգարական միապետության ժողովուրդները զենքի կոչված», «Պայքար համաշխարհային տիրապետության համար», «Իմ փորձը համաշխարհային պատերազմում», «Իմ ռազմական արշավի քրոնիկան», «Ինչպես են պատերազմում Ավստրո-Հունգարիայի թշնամիները», «Ո՞վ է հաղթելու», «Մեր սպաներն ու մեր զինվորները», «Իմ զինվորների հիշարժան գործերը», «Մեծ պատերազմի էպոխայից», «Գիրք ավստրո-հունգարական հերոսների», «Երկաթե բրիգադը», «Ժողովածու ռազմաճակատից գրածս նամակների», «Մեր երթային գումարտակի հերոսները», «Ձեռնարկ ռազմաճակատի զինվորների համար», «Մարտերի օրեր և հաղթանակի օրեր», «Թե ինչ տեսա ու զգացի պատերազմի դաշտում», «Դիրքերում», «Սպան պատմում է․․․», «Հառա՛ջ Ավստրո-Հունգարիայի զավակների հետ», «Թշնամու սավառնակներն ու մեր հետևազորը», «Մարտից հետո», «Մեր հրետանավորները որպես հայրենիքի հավատարիմ զավակներ», «Եթե նույնիսկ բոլոր սատանաները դուրս գային մեր դեմ․․․», «Պաշտպանողական պատերազմ և հարձակողական պատերազմ», «Արյուն և երկաթ», «Հաղթանակ կամ մահ», «Մեր հերոսները գերության մեջ»։
Կապիտան Սագները մոտեցավ կադետ Բիգլերին, նայեց նրա բոլոր ձեռագրերն ու հարցրեց, թե ինչի համար է նա գրել այդ ամենը և թե դրանք ի՛նչ կնշանակեն։
Կադետ Բիգլերը ոգևորված պատասխանեց, թե նշագրումներից յուրաքանչյուրը ցույց է տալիս այն գրքի վերնագիրը, որ նա պիտի գրի։ Որքան վերնագիր՝ այնքան գիրք։
― Ես կցանկանայի, պարոն կապիտան, որ ռազմի դաշտում ընկնելուց հետո ինձնից մի հիշատակ մնար։ Իմ իդեալն է գերմանացի պրոֆեսոր Ուգո Կրաֆտը։ Նա ծնվել է 1870 թվին, ներկայիս համաշխարհային պատերազմին կամավոր կերպով մտել է զորքի շարքերը և 1914 թվի օգոստոսի երկուսին ընկել Անլոյում։ Իր մահից առաջ նա հրատարակել է «Ինքնադաստիարակություն ի սեր կայսեր մեռնելու համար»[32] գիրքը։