Կապիտան Սագները Բիգլերին տարավ լուսամատի մոտ։
— Ցույց տվեք, կադետ Բիգլեր, թե էլ ինչ ունեք։ Ինձ չափազանց հետաքրքրում է այդօրինակ գործունեությունը,— հեգնանքը չթաքցնելով, խնդրեց կապիտան Սագները։– Այդ ի՞նչ տետր խոթեցիք ձեր ծոցը։
— Դա ոչինչ, դատարկ բան է, պարոն կապիտան,— շփոթվեց Բիգլերը երեխայի պես կարմրելով։— Բարեհաճեցեք հավաստիանալ։
Տետրը վերնագրված էր․
Սխեմաներ ավստրո-հունգարական բանակի նշանավոր ու փառապանծ ճակատամարտերի։
Ըստ պատմական ասումնասիրոթյունների կազմել է կայսերական թագավորական սպա ԱԴՈԼՖ ԲԻԳԼԵՐԸ։
Ծանոթագրություններն ու մեկնաբանություները կայսերական թագավորական սպա ԱԴՈԼՖ ԲԻԳԼԵՐԻ։
Սխեմաները չափազանց պրիմիտիվ էին։
Տետրը սկսվում էր նյորդլինգենի 1634 թ․ սեպտեմբերի 6-ի ճակատամարտի սխեմայով։ Այնուհետև գալիս էին՝ Զենտայի 1697 թ․ սեպտեմբերի 11-ի, Կալդերոյի 1805 թ․ հոկտեմբերի 31-ի, Ասպերնի 1809 թ․ մայիսի 22-ի ճակատամարտերը, Լայպցիգի մոտ 1813 թվին տեղի ունեցած ժողովուրդների ճակատամարտը, ապա Սանտա-Լուչիայի 1848 թ․ մայիսյան ճակատամարտը և Տրուտնովի 1866 թ․ հունիսի 27-ի մարտերը։ Այդ տետրում վերջինը Սարաևոյի 1878 թ․ օգոստոսի 19-ի ճակատամարտի սխեման էր։ Ճակատամարտերի սխեմաներն ու պլանները իրարից ոչնչով չէին տարբերվում։ Կադետ Բիգլերը պատերազմող կողմերից մեկի դիրքերը նշել էր դատարկ, իսկ մյուսինը՝ ստվերագծած վանդակներով։ Թե՛ մեկ և թե՛մյուս կողմում կար ձախ թև, կենտրոն և աջ թև։ Հետևում նշված էին ռեզերվները, այստեղ ու այնտեղ՝ սլաքներ։ Նյորդլինգենի, ինչպես և Սարաևոյի, ճակատամարտի սխեման հիշեցնում էր ֆուտբոլի դաշտ, որտեղ դեռ խաղը սկսվելուց առաջ խաղացողները դասավորված են։ Իսկ սլաքները ցույց էին տալիս, թե այս կամ այն կողմը դեպի ուր պիտի խփի գնդակը։
Կապիտան Սագները մեկեն զգաց այդ նմանությանը և հարցրեց․
— Կադետ Բիգլեր, դուք ֆուտբոլ խաղո՞ւմ եք։
Բիգլերը էլ ավելի կարմրեց և սկսեց ջղայնաբար աչքերը ճպճպացնել, այնպես որ թվում էր, թե պատրաստվում է լաց լինել։ Կապիտան Սագները քմծիծաղ տալով թերթեց տետրը և կանգ առավ ավստրո-պրուսական պատերազմի ժամանակ Տրուտնովի մոտ տեղի ունեցած ճակատամարտի սխեմայի տակ գրված ծանոթագրության վրա։
Կադետ Բիգլերը գրել էր․ «Տրուտնովի մոտ չէր կարելի ճակատամարտ տալ, քանի որ լեռնային տեղանքը գեներալ Մացուխելիին հնարավորություն չէր տալիս ծավալելու դիվիզիան, որին սպառնում էին մեր դիվիզիայի ձախ թևը շրջապատող բարձունքներում տեղավորված պրուսական ուժեղ զորասյունները»։
― Ձեր կարծիքով, Տրուտնովի մոտ,— քմծիծաղ տվեց կապիտան Սագները, տետրը վերադարձնելով կադետ Բիգլերին,— կարելի էր ճակատամարտ տալ միայն այն դեպքում, երբ Տրուտովը լիներ հարթ վայրում։ Ա՜խ դուք, բուդեյովիցյան Բենեդեկ։ Կադետ Բիգլեր, շատ հաճելի է, որ կայսրական բանակի շարքերում գտնվելու կարճ ժամանակամիջոցում դուք ջանացել եք խորամուխ լինել ռազմագիտության մեջ։ Դժբախտաբար, ձեզ մոտ այնպես է դուրս եկել, որ կարծես երեխաները զինվոր-զինվոր են խաղում և իրենք իրենց գեներալի աստիճան տալիս։ Այնպես արագ եք բարձրացրել ձեր աստիճանը, որ ուղղակի մարդու քեֆ է գալիս։ Կայսրական թագավորական սպա Ադոլֆ Բիգլեր։ Այդպես որ գնա, մենք դեռ Բուդապեշտ չհասած, դուք արդեն ֆելդմարշալ կդառնաք։ Դեռ երեկ չէ մյուս օրը դուք ձեր հոր մոտ կովի կաշի էիք կշռում, ո՜վ կայսրական թագավորական լեյտենանտ Ադոլֆ Բիգլեր։ Լսեցեք, չէ՞ որ դուք դեռ սպա էլ չեք։ Դուք կադետ եք, եֆրեյտորի և ենթասպայի միջև ընկած մի բան։ Դուք նույնքան իրավունք ունեք ձեզ սպա անվանելու, որքան այն եֆրեյտորը, որ պանդոկում հրամայում է իրեն «պարոն շտաբի գրագիր» անվանել։
— Լսիր, Լուկաշ,— դիմեց նա պորուչիկին,— կադետ Բիգլերը քո վաշտում է։ Այդ տղային խելքի բեր։ Ստորագրում է՝ «սպա»։ Դեռ թող կռվում արժանանա այդ կոչումին։ Երբ սկսվի հրետանային փոթորկալի կրակը և մենք գրոհի գնանք, թող կադետ Բիգլերն իր դասակի հետ կտրատի լարափակոցները, der gute Junge! Apropos[33], քեզ բարևում է Ցիկանը, նա Ռաբում կայարանի պարետ է։
Կադետ Բիգլերն հասկացավ, որ խոսակցությունն ավարտված է, պատիվ տվեց և, խեցգետնի պես կարմրած, սկսեց վագոնում վազ տալ, մինչև որ հասավ միջանցքի ծայրը։
Նա լուսնոտի պես բացեց զուգարանի դուռը և, նկատելով՝ «Զուգարանից թույլատրվում է օգտվել միայն գնացքը շարժվելիս, գերմանա-հունգարական մակագրությունը, ֆսֆսաց, սկսեց հեծկլտալ ու դառնորեն լալ։ Այնուհետև իջեցրեց շալվարը և, արցունքները սրբելով, սկսեց իրեն զոռ տալ։ Ապա օգտագործեց այն տետրը, որի վերնագիրն էր․ «Սխեմաներ ավստրո-հունգարական բանակի նշանավոր ու փառապանծ ճակատամարտերի, որ կազմել է կայսրական թագավորական սպա Ադոլֆ Բիգլերը»։ Պղծված տետրն անհետացավ ծակի մեջ և, ընկնելով գծի վրա, սկսեց դես ու դեն նետվել ընթացող գնացքի տակի ռելսերի արանքում։
Կադետը ջրով լվաց իր կարմրած աչքերը և դուրս եկավ միջանցք, վճռելով լինել ուժեղ, շատ ուժեղ։ Դեռևս առավոտվանից նրա գլուխն ու փորը ցավում էին։