Նա անցավ հետևի կուպեի մոտով, որտեղ գումարտակի հանձնակատար Մատուշիչը գումարտակի հրամանատար Բատցերի սպասյակի հետ վիեննական «շնոպս» (վաթսունվեց) էր խաղում։
Ներս նայելով կուպեի բաց դռնից, կադետ Բիգլերը հազաց։ Երկուսն էլ երեսները շրջեցին ու շարունակեցին իրենց խաղը։
— Մի՞թե չգիտեք, թե ինչ է պետք անել,— հարցրեց կադետ Բիգլերը։
― Ես չեմ կարող, «mi’ is’ d’ Trump’ ausganga»[34],― պատասխանեց կապիտան Սագների սպասյակը Կաշպերյան լեռների զարհուրելի գերմանական բարբառով։— Պետք էր, գնայի ագուռի թղթերը, պարոն կադետ, ագուռի խոշոր թղթերը,― շարունակեց նա,― և հետո միանգամից ագռավի թագավորը․․․ Ա՛յ թե ինչ պետք է անեի․․․
Այլևս ոչ մի խոսք չասելով, կադետ Բիգլերը քաշվեց իր անկյունը։ Երբ ենթապրապորշչիկ Պլեշները մոտեցավ նրան, որ հյուրասիրի թղթախաղով տարած կոնյակով, շատ զարմացավ՝ տեսնելով, թե կադետ Բիգլերն ինչպիսի ջանադրությամբ է կարդում պրոֆեսոր Ուդո Կրաֆտի «Ինքնադաստիարակություն հանուն կայսեր մեռնելու համար» գիրքը։
Դեռ Բուդապեշտ չհասած կադետ Բիգլերը սոսկալի հարբած էր։ Դուրս կախվելով լուսամուտից, նա անդադար գոռում էր դեպի անդորր տարածաթյունը․
― Frisch drauf! Im Gottes Namen frisch drauf![35]
Կապիտան Սագների հրամանով գումարտակի հանձնակատար Մատուշիչը Բիգլերին ներս քաշեց կուպե և սպասյակ Բարցերի հետ նրան պառկեցրեց նստարանի վրա։
Կադետ Բիգլերը երազ տեսավ։
ԿԱԴԵՏ ԲԻԳԼԵՐԻ ԵՐԱԶԸ ԲՈՒԴԱՊԵՇՏ ՀԱՍՆԵԼՈՒՑ ԱՌԱՋ
Նա մայոր է, կրծքին՝ signum laudis և երկաթե խաչ։ Տեսչական ստուգման է գնում իրեն վստահված բրիգադի ճակատամասը։ Չի կարողանում հասկանալ, թե ինչպես է պատահել, որ ինքը, որին ենթարկվում է մի ամբողջ բրիգադ, մինչև հիմա դեռ մայորի աստիճան ունի։ Նա ենթադրում է, որ իրեն տրված է գեներալ-մայորի աստիճան, բայց «գեներալ»-ը անհետացել է դաշտային փոստի թղթերի մեջ։
Իր մտքի մեջ նա ծիծաղում է կապիտան Սագների վրա, որն այն ժամանակ գնացքում նրան սպառնաց ուղարկել լարափակոցներ կտրատելու։ Ի դեպ, կապիտան Սագները պորուչիկ Լուկաշի հետ միասին իր՝ Բիգլերի առաջարկությամբ արդեն վաղուց տեղափոխված է ուրիշ գունդ, ուրիշ դիվիզիա, ուրիշ բանակային կորպուս։
Ինչ-որ մեկը նրան նույնիսկ պատմել է, որ նրանք երկուսն էլ, թշնամուց փախչելով, խայտառակ կերպով մեռել են մի ճահիճում։ Երբ Նա ավտոմոբիլով գնում էր դիրքերը՝ իրեն վստահված բրիգադի ճակատամասը տեսչական ստուգման ենթարկելու, նրա համար ամեն ինչ պարզ էր։ Նա անձամբ ուղարկված է բանակի գլխավոր շտաբի կողմից։
Զինվորներն անցնում են նրա մոտով և երգում մի երգ․ որը նա կարդացել է ավստրիական զինվորական երգերի «Es gilt»[36] ժողովածուում․
Halt’ euch brav, ihr tapf ’ren Brüder,
werft den Feind nur herzhaft nieder,
Laßt des Kaisers Fahne weh’n…[37]
Դաշտանկարը հիշեցնում է «Wiener illustrierte Zeitung»[38]-ի պատկերազարդումները։
Ամբարի աջ կողմում տեղավորված է հրետանին։ Սա գնդակոծում է թշնամու խրամատները, որոնք ընկած են այն խճուղու մոտ, որով նա գնում է ավտոմոբիլով։ Ձախ կողմում կանգնած է մի տուն, որի ներսից կրակում են, մինչ թշնամին ջանում է խզակոթերով տեղահան անել դուռը։ Խճուղու մոտ այրվում է թշնամու մի սավառնակ։ Հեռվում երևում են հեծելազորն ու բոցավառվող գյուղեր։ Ավելի հեռվում, մի փոքրիկ բարձունքի վրա դասավորված են երթային գումարտակի խրամատները, որտեղից գնդացրային կրակ են բացել։ Խճուղու երկայնքով ձգված են թշնամու խրամատները։ Վարորդը խճուղիով մեքենան վարում է դեպի թշնամու կողմը։ Գեներալը գոռում է վարորդի խոսափողակի մեջ․
— Չե՞ս տեսնում ուր ենք գնում։ Այնտեղ թշնամին է։
Սակայն վարորդը հանգիստ պատասխանում է․
― Պարոն գեներալ, սա միակ կարգին ճանապարհն է։ Եվ լավ վիճակի մեջ է։ Հարևան ճանապարհներին դողերը չեն դիմանա։
Որքան ավելի են մոտենում թշնամու դիրքերին, այնքան կրակը սաստկանում է։ Արկերը պայթում են սալորենիների ծառուղու երկու կողմերին փորված խրամառուների վրա։
Սակայն վարորդը հանգիստ հաղորդում է խոսափողակով․
— Սա հիանալի խճուղի է, պարոն գեներալ։ Մարդ իսկի չի իմանում ինչպես է քշում։ Եթե թեքվենք դեպի դաշտը, մեր դողը կպայթի։
— Տեսեք, պարոն գեներալ,— նորից գոռում է վարորդը։— Այս խճուղին այնքան լավ է շինված, որ նույնիսկ երեսունուկես սանտիմետրանոց հրասանդները մեզ բան չեն կարող անել։ Խճուղին կալի պես հարթ է։ Իսկ այն քարքարոտ սայլուղիների վրա մեր դողերը կպայթեն։ Չենք էլ կարող հետ դառնալ, պարոն գեներալ։
— Դըզ-դըզ-դըզ-դզո՜ւմ,— լսում է Բիգլերը, և ավտոմոբիլը մի վիթխարի թռիչք է կատարում։
— Ասում էի, չէ՞, պարոն գեներալ,— բղավում է վարորդը խոսավաղակի մեջ,— որ խճուղին չափազանց լավ է շինված։ Ա՛յ, հենց նոր ուղղակի մեր կողքին երեսունուկես սանտիմետրանոց պայթեց, բայց ահա, ոչ մի փոս, կարծես կալ լինի։ Բայց բավական է, որ դեպի դաշտը քշենք՝ դողերը կպայթեն։ Հիմա մեզ վրա կրակում են չորս կիլոմետր հեռավորությունից։
— Ո՞ւր ենք գնում։
— Դա հետո կիմանանք,— պատասխանում է վարորդը քանի դեռ խճուղին այսպես է, ես երաշխավոր եմ ամեն ինչի համար։
Հանկարծ թռի՛չք, զարհուրելի մի թռիչք, և մեքենան կանգ է առնում։