Выбрать главу

— Պարոն գեներալ,— գոռում է վարորդը,— դուք գլխավոր շտաբի քարտեզն ունե՞ք։

Գեներալ Բիգլերը վառում է էլեկտրական լապտերիկը և տեսնում, որ ծնկների վրա դրված է գլխավոր շտաբի քարտեզը։ Բայց միաժամանակ դա 1864 թ․ հոլանդական ծովափերի քարտեզն է, այն ժամանակվա քարտեզը, երբ Պրուսիան ու Ավստրիան Դանիայի դեմ պատերազմում էին Շլեզվիգի համար։

— Այստեղ ճամփաբաժան է,— ասում է վարորդը,— երկու ճանապարհներն էլ տանում են դեպի թշնամու դիրքերը։ Սակայն ինձ համար կարևորը միայն լավ խճուղին է, որպեսզի դողերը չտուժեն, պարոն գեներալ․․․ Ես շտաբի ավտոմոբիլի համար պատասխանատու եմ․․․

Հանկարծ հարվա՛ծ, մի խլացուցիչ հարվա՛ծ, և աստղերը մեծանում են անիվների պես։ Հարդագողի ճանապարհը թանձր է կաթի սերի պես։

Նա, Բիգլերը, վարորդի նստարանին նստած, համբառնում է տիեզերք։ Մնացածը կարծես մկրատով կտրատած չինի։ Ավտոմոբիլից մնացել է միայն նրա մարտական գրոհող առաջամասը։

― Ձեր բախտը բերեց,— ասում է վարորդը,– որ ուսիս վրայից քարտեզը ցույց տվիք։ Դուք թռաք-ընկաք ինձ մոտ, իսկ մնացածը պայթեց։ Դա քառասուներկուսանտիմետրանոց արկ էր։ Գիտեի, որ այդպես է լինելու։ Քանի որ ճամփաբաժան է, խճուղին բանի պետք չէ։ Երեսունութսանտիմետրանոց արկից հետո կարող էր միայն քառասուներկուսանտիմետրանոց լինել։ Չէ՞ որ առայժմ ուրիշ չափերի արկեր չեն արտադրում, պարոն գեներալ։

— Դեպի ո՞ւր եք քշում։

— Թռչում ենք երկինք, պարոն գեներալ, մեզ անհրաժեշտ է խուսափել գիսաստղերից։ Նրանք քառասուներկուսանտիմետրանոցից էլ սոսկալի են։

— Հիմա մեր տակը Մարսն է,— հայտնում է վարորդը երկար պաուզայից հետո։

Բիգլերը նորից իրեն միանգամայն հանգիստ զգաց։

— Դուք ծանո՞թ եք Լայպցիգի մոտ ժողովարդների մղած պատերազմի պատմությանը,— հարցնում է նա,— ֆելդմարշալ իշխան Շվացենբերգը 1813 թվին շարժվեց դեպի Լիբերտկովից, հոկտեմբերի տասնվեցին տեղի ունեցավ Լինդենաուի համար մղված մարտը, գեներալ Մերվելդտի ճակատամարտը։ Ավստրիական զորքերը գրավեցին Վախավը, իսկ երբ հոկտեմբերի տասնիննին Լայպցիգն ընկավ․․․

— Պարոն գեներալ,— հանկարծ ընդհատեց նրան վարորդը,― մենք երկնքի դռան առաջ ենք, իջե՛ք, պարոն գեներալ։ Մենք երկնքի դռնով անցնել չենք կարող, այստեղ հրմշտուք է։ Ուր նայամ ես՝ զորք է ու զորք։

— Մեկն ու մեկին տակը գցիր,— գոռում է նա վարորդի վրա,— և իսկույն մի կողմ կքաշվեն։

Եվ ավտոմոբիլից դուրս կախվելով՝ գեներալ Բիգլերը բղավում է․

— Achtung, sie Schweinbande![39] Ա՜յ քեզ անասուններ, գեներալ են տեսնում և չեն մտածում «աջ հավասարում» անել։

Վարորդը հանգստացնում է նրան.

— Դա նրանց համար հեշտ չէ, պարոն գեներալ, շատերի գլուխները կտրված են։

Գեներալ Բիգլերը միայն հիմա է նկատում, որ այդ բազմությունը կազմված է հաշմանդամներից, որոնք կռվում կորցրել են մարմնի զանազան մասեր՝ գլուխ, ձեռք, ոտք։ Սակայն նրանք իրենց պակաս մասերը, ուղեպայուսակի մեջ դրած, իրենց հետ ման են ածում։ Պատառոտված շինել հագած մի բարեպաշտ հրետանավոր, որ հրմշտելով առաջ էր մղվում երկնքի դռան առաջ, պարկի մեջ կրում էր իր փորը և ստորին վերջավորությունները։ Մի բարեպաշտ աշխարհազորայինի պարկի միջից գեներալ Բիգլերին նայում էր հետույքի այն կեսը, որ աշխարհազորայինը կորցրել էր Լվովի մոտ։

— Դա կարգի համար է,— դարձյալ բացատրեց վարորդը, ավտոմոբիլը քշելով խիտ բազմության միջով,— որովհետև պետք է ներկայանան երկնային գերագույն հանձնաժողովին։

Երկնքի դռնից ներս մտնել թույլ էին տալիս միայն նշանաբառով, որը գեներալ Բիգլերն իսկույն հիշեց․ «հանուն աստծո և կայսեր»։

Ավտոմոբիլը մտնում է դրախտ։

— Պարոն գեներալ,— դիմեց Բիգլերին մի թևավոր սպա-հրեշտակ, երբ նրանք անցնում էին զինակոչիկ-հրեշտակների զորանոցի մոտով,— դուք պետք է գնաք գլխավոր հրամանատարի ռազմակայան։

Նրանք անցան վարժադաշտը, որ լեփ-լեցուն էր զինակոչիկ հրեշտակներով, որոնց սովորեցնում էին «ալելույա» գոռալ։

Անցան զինվորների մի խմբի մոտով, որտեղ շիկագլուխ կապրալ-հրեշտակը խստավարժեցնում էր զինվորական լրիվ համազգեստ կրող մի դմբլո զինակոչիկ-հրեշտակի, բռունցքով հարվածում նրա փորին ու բղավում․ «Բերանդ լայն բաց արա, Բեթղեհեմի խոզ, մի՞թե այդպես են «ալելույա» գոռում։ Կարծես բերանումդ կնեդլիկ կա։ Հետաքրքիր է, թե ո՞ր էշն է քեզ թողել դրախտ։ Մեկ էլ կրկնիր․․․ ― «Հլէ-հլի-լույա»։— «Այդ ի՞նչ է, սրիկա, մեր դրախտումն էլ պիտի քթիդ մեջ խոսե՞ս։ Մե՛կ էլ կրկնիր, Լիբանանի մայրի»։

Նրանք շարունակում էին առաջանալ, բայց դեռ երկար ժամանակ լսվում էր ահաբեկված ռնգախոս հրեշտակ-զինակոչիկի ոռնոցը․ «Հլե-հլի-լույա» և․ հրեշտակ-կապրալի գոռոցը․ «Ալ-լե-լու-յա, ալ-լե-լու-յա, հորդանանի խոզ»։

Ապա նրանք մի մեծ, Չեխական Բուդեյովիցիի Մարինյան զորանոցի նման մեծ, շենքի վրա տեսան մի փառահեղ լուսապսակ, իսկ շենքի վերևում երկու սավառնակ, մեկը նրա աջ, մյուսը ձախ կողմում, դրանց միջև ձգված էր մի ահագին պաստառ, որի վրա հսկայական տառերով գրված էր․ K. u k. Gottes Hauptquartier[40]։

Դաշտային ժանդարմերիայի համազգեստ հագած երկու հրեշտակներ ավտոմեքենայից դուրս են բերում գեներալ Բիգլերին, բռնում վզակոթից և տանում վեր, երկրորդ հարկ։