Выбрать главу

Քիչ էր մնում ժառանգները խելագարվեին, նրան ապուշ էին հռչակում, փորձեր էին անում ամուսնացնել որևէ հարուստ հարսնացուի հետ, միայն թե կարողանային նրանից ազատվել։ Մոտավորապես տասներկու կորպորանտային ընկերությունների անդամ, բժշկագիտության թեկնածու Ֆրիդրիխ Վելֆերը ժառանգներին տրաքացնելու համար Վիեննայում, Լայպցիգում, Բեռլինում հրատարակել էր բավական կարգին ոտանավորների մի քանի ժողովածուներ, տպագրվում էր․ «Simplicissimus»-ի մեջ և հանգիստ շարունակում սովորել, կարծես ոչինչ չէր պատահել։

Բայց ահա պայթեց պատերազմը և նենգաբար նրան հարվածեց թիկունքից։ «Lachende Lieder»[46], «Krug und Wissenschaft»[47], «Märchen und Parabeln»[48] գրքերի հեղինակ բանաստեղծին առանց մի այլևայլության բանակ տարան, իսկ ժառանգներից մեկը ամեն ջանք գորձադրեց, որ անհոգ Ֆրիդրիխ Վելֆերը ստանա «պատերազմական ժամանակի բժշկի» աստիճան։ Վելֆերը դոկտորական քննություն բռնեց։ Նրան առաջարկել էին մի շարք գրավոր հարցեր, որոնց պատասխանները պարտավոր էր ուղարկել։ Բոլոր հարցերին նա տվեց միևնույն ստերիոտիպ պատասխանը․ «Lecken Sie mir Arsch!»[49]։ Երեք օր հետո գնդապետը հանդիսավոր կերպով հայտարարեց, թե Ֆրիդրիխ Վելֆերը ստացել է բժշկագիտության դոկտորի դիպլոմ, թե նա վաղուց էր արժանի դոկտորի կոչման և, որպես շտաբի ավագ բժիշկ, աշխատանքի է նշանակված պահեստայինների հոսպիտալում, թե հիմա ծառայության մեջ արագ առաջ գնալն իրենից է կախված, թե հայտնի է, իհարկե, որ Ֆրիդրիխ Վելֆերը զանազան քաղաքներում մենամարտել է սպաների հետ, բայց հիմա պատերազմական ժամնակներ են և այդ ամենը մոռացության է տրված։

Բանաստեղծությունների «Թաս և գիտություն» ժողովածուի հեղինակը պռոշը կծեց ու գնաց ծառայելու։ Երբ պարզվեց, որ նա զինվորների նկատմամբ չափազանց ներողամիտ է և նրանց ըստ հնարավորին երկար է պահում հիվանդանոցում,— մինչդեռ այն ժամանակվա լոզունգն էր՝ «հիվանդանոցում վեր ընկնելն ու սատկելը, կամ խրամատում վեր ընկնելն ու սատկելը մի բան է»,— դոկտոր Վելֆերին տասներեքերորդ երթային գումարտակի հետ ուղարկեցին ռազմաճակատ։

Կադրային սպաները նրան համարում էին ոչ լիարժեք պահեստի սպա, պահեստի սպաներն ևս, չցանկանալով ավելի խորացնել իրենց և կադրայինների միջև ընկած անդունդը, նրան բանի տեղ չէին դնում և հետը ընկերություն չէին անում։

Կապիտան Սագներն, իհարկե, իրեն շատ ավելի բարձր էր համարում բժշկագիտության նախկին թեկնածուից, որն իր երկարամյա ուսումնառության ընթացքում շատ սպաներ էր կտրատել։ Երբ Վելֆերը, այդ «պատերազմական ժամանակի բժիշկը», անցավ Սագների մոտով, վերջինս նույնիսկ չնայեց նրան և շարունակեց պորուչիկ Լուկաշի հետ խոսել դատարկ-մատարկ բաների մասին, թե, օրինակ, Բուդապեշտի մոտերքում դդում են աճեցնում։ Այդ առթիվ պորուչիկ Լուկաշը հիշեց, թե ինչպես կադետական դպրոցի երրորդ դասարանում սովորելիս նա իր «քաղաքացիական» ընկերների հետ եղել է Սլովակիայում։ Մի անգամ նրանք գնացել են մի սլովակ ավետարանական պաստորի մոտ։ Պաստորը նրանց հյուրասիրել է դդումի գարնիրով համեմած տապակած խոզի մսով։ Հետո նրանց բաժակները գինի է լցրել ու ասել․ «Դդումն ու խոզունք գինի են ուզում»— մի բան, որից Լուկաշը խիստ նեղացել է։

― Մենք Բուդապեշտը գրեթե չենք տեսնի,— ափսոսանքով ասաց կապիտան Սագները։ Ըստ մարշրուտի մենք միայն երկու ժամ ենք կանգնելու այստեղ։

― Կարծում եմ, գնացքը կվերակազմեն,— պատասխանեց պորուչիկ Լուկաշը։– Մեզ կքշեն Transport-Militärbahnhof[50] տեսակավորման կայարանը։

Նրանց մոտեցավ «պատերազմական ժամանակի դոկտոր» Վերլֆերը։

— Դատա՛րկ բան է,— ասաց նա ժպտալով։ — Այն պարոններին, որոնք երազում են ժամանակին սպա դառնալ և սպայական ժողովարանում պարծենում են իրենց ռազմա-պատմագիտական գիտելիքներով, պետք էր նախազգուշացնել, որ քաղցրավենիքի ծանրոցը միանգամից ուտելը վտանգավոր է։ Բրուկից մեկնելուց հետո կադետ Բիգլերը կլլել է, ինչպես նա ինքը խոստովանում է, կրեմի երեսուն փողրակ, իսկ կայարաններում միայն եռացրած ջուր է խմել։ Դա ինձ, պարոն կապիտան, հիշեցնում է Շիլլերի «Wer sagt von․․․»[51] ոտանավորը։

— Լսեցեք, դոկտոր,— ընդհատեց նրան կապիտան Սագները,— խոսքր Շիլլերի մասին չէ։ Ասացեք, ի՞նչ է պատահել կադետ Բիգլերին։

«Պատերազմական ժամանակի դոկտորը» քմծիծաղ տվեց․

— Սպայության թեկնածուն, ձեր այդ կադետը, պարզապես տակը կեղտոտել է։ Դա խոլերա չէ և ոչ էլ դիզենտերիա, այլ շատ պարզ և սովորական մի երևույթ։ Առանձին բան չկա, մարդը պարզապես տակը կեղտոտել է։ Ձեր պարոն սպայության թեկնածուն չափից ավելի կոնյակ է խմել, և տակը կեղտոտել է։ Սակայն, ըստ երևույթին, նա կարող էր տակը կեղտոտել և առանց կոնյակի, հենց միայն այն կրեմի փողրակների պատճառով, որ նրան ուղարկել են տնից։ Նա պարզապես երեխա է։ Որքան ինձ հայտնի է, նա սպայական ժողովարանում միշտ խմել է միայն քառորդ լիտր գինի։ Նա ժուժկալ է․․․

Դոկտոր Վելֆերը թքեց։

― Նա միշտ Լինցի պիրոժնիներ էր գնում․․․

— Ուրեմն, լուրջ բան չկա՞,— վերստին հարցրեց կապիտան Սագները։— Բայց․․․ եթե դա հայտնի դառնա․․․

Պորուչիկ Լուկաշը տեղից վեր կացավ և դիմեց Սագներին․

— Խորապես շնորհակալ եմ այդպիսի դասակի պետի համար։