— Ես նրան օգնեցի ոտքի կանգնել,— ասաց Վելֆերը, շարունակելով ժպտալ։— Մնացածի մասին բարեհաճեցեք ինքներդ հոգալ, պարոն գումարտակի հրամանատար։ Ես կադետ Բիգլերին կհանձնեմ տեղիս հոսպիտալին և տեղեկանք կտամ, թե հիվանդ է դիզենտերիայով, ծանր տեսակի դիզենտերիայով․․․ անհրաժեշտ է մեկուսացնել։ Կադետ Բիգլերը կընկնի վարակիչ բարաք․․․
— Դա, անշուշտ, դրությունից դուրս գալու ամենալավ ելքն է,— շարունակեց Վելֆերը նույն անպարկեշտ ժպիտով։— Այլ բան է տակը կեղտոտած կադետը, մի այլ բան՝ դիզենտերիայով հիվանդացած կադետը։
Կապիտան Սագները խիստ պաշտոնապես դիմեց իր բարեկամ Լուկաշին․
— Պարոն պորուչիկ, ձեր վաշտի կադետ Բիգլերը հիվանդացել է դիզենտերիայով և բուժվելու համար կմնա Բուդապեշտում։
Կապիտան Սագներին թվաց, թե Վելֆերը ծիծաղից խեղդվում է, բայց երբ նայեց «պատերազմական ժամանակի դոկտորին», ապա նրա դեմքը բացարձակապես ոչինչ չէր արտահայտում։
— Ուրեմն, ամեն ինչ կարգին է, պարոն կապիտան,— հանգիստ ասաց Վելֆերը,— սպայական աստիճանի թեկնածուն․․․— նա ձեռքը թափահարեց։— Դիզենտերիայով հիվանդանալիս ամեն մարդ կարող է շալվարը լցնել։
Այդպիսով, խիզախ կադետ Բիգլերն ուղարկվեց Ույ-Բուդայի զինվորական մեկուսարանը։
Նրա ապականված շալվարն անհետացավ համաշխարհային պատերազմի ջրապտույտի մեջ։ Մեծ հաղթանակներ տանելու մասին կադետ Բիգլերի փայփայած երազանքները ամփոփվեցին մեկուսիչ բարաքների պալատներից մեկի մեջ։
Երբ կադետ Բիգլերն իմացավ, որ դիզենտերիայով հիվանդ է, բերկրանք զգաց։
Ի՞նչ տարբերություն վիրավորվելու և պարտքդ կատարելու ժամանակ հանուն թագավոր կայսեր հիվանդանալու մեջ։
Հոսպիտալում նրան մի փոքրիկ անախորժություն պատահեց, քանի որ դիզենտերիայի բարաքում բոլոր տեղերը զբաղված էին, կադետին տեղափոխեցին խոլերային բարաքը։
Երբ Բիգլերին լողացրին ու ջերմաչափը խոթեցին թևի տակ, շտաբի բժիշկը մտահոգված գլուխն օրորեց․ «37°!։ Խոլերայի ամենավատ ախտանիշը ջերմաստիճանի խիստ անկումն է։ Հիվանդը դառնում է անտարբեր․․․»։
Եվ հիրավի կադետ Բիգլերը հուզմունքի ոչ մի նշան չէր ցուցաբերում։ Նա չափազանց հանգիստ էր, ինքն իրեն կրկնելով, թե, միևնույն է, տանջվում է հանուն թագավոր կայսեր։
Շտաբի բժիշկը հրամայեց ջերմաչափը խոթել նրա հետանցքը։
— Խոլերայի վերջին փուլն է,— վճռեց շտաբի բժիշկը։— Բանը բանից անցել է։ Ծայրահեղ թուլություն, հիվանդը դադարում է վերաբերմունք ցույց տալ շրջապատի նկատմամբ, գիտակցությունը մթագնում է։ Մեռնողը ժպտում է հոգևարքի ջղաձգումների մեջ։
Հիրավի կադետ Բիգլերը ժպտում էր նահատակի ժպիտով և բնավ չշարժվեց, երբ ջերմաչափը խոթեցին հետանցքը։ Նա իրեն հերոս էր երևակայում։
— Դանդաղ մահացումի սիմպտոմներ,― որոշեց շտաբի բժիշկը,— պասիվություն․․․
Սխալված չլինելու համար նա հունգարացի սանիտար ենթասպային հարցրեց, թե արդյոք վաննայի մեջ կադետը սրտախառնություն կամ լուծ չի՞ ունեցել։
Ստանալով բացասական պատասխան, բժիշկը նայեց Բիգլեըին։ Եթե խոլերայի դեպքում լուծն ու սրտախառնությունը դադարում է, ապա դա նախորդ սիմպտոմների հետ միասին ներկայացնում է կյանքի վերջին ժամերի տիպիկ պատկերը։
Կադետ Բիգլերը, որին տաք վաննայից հանել և բոլորովին մերկ պառկեցրել էին մահճակի վրա, սաստիկ մրսում էր, ատամները կափկափում էին, իսկ մարմինն ամբողջովին փշաքաղվել էր։
— Ա՛յ, տեսնում եք,— ասաց շտաբի բժիշկը հունգարերեն։— Սաստիկ դող և սառչող վերջավորություններ։ Վե՛րջն է։
Կռանալով կադետ Բիգլերի վրա, նա գերմաներեն հարցրեց․
— Also, wie geht’s?[52]
— S-s-se-hr-hr gu-gu-tt[53],— ատամները չխկչխկացրեց կադետ Բիգլերը։
— Գիտակցությունը մերթ մթագնած է, մերթ պայծառանում է,— ասաց շտաբի թժիշկը դարձյալ հունգարերեն։— Մարմինը նիհար է։ Շրթունքները և եղունգները պետք է սևանային։ Սա ինձ հանդիպած երրորդ դեպքն է, երբ խոլերայից մեռնող հիվանդի եղունգներն ու շրթունքները չեն չորանում։
Նա նորից կռացավ կադետ Բիգլերի վրա և հունգարերեն շարունակեց․
— Սրտի զարկերը չեն լսվում։
— Վեր-մը-մը-ակ տը-տը-վեք,— ատամները չխչխկացնելով խնդրեց նորից կադետ Բիգլերը։
— Դրանք նրա վերջին խոսքերն են,— հունգարերեն դիմելով ենթասպա սանիտարին, կանխագուշակեց շտաբի բժիշկը։— Վաղը մենք նրան կթաղենք մայոր Կոխի հետ։ Հիմա գիտակցությունը կորցնում է։ Նրա փաստաթղթերը գրասենյակո՞ւմ են։
— Այնտեղ կլինեն,— հանգիստ պատասխանեց ենթասպա սանիտարը։
— Վեր-մը-մը-ակ տը-տը-վեք,— աղաչալից կրկնեց կադետ Բիգլերը հեռացողների հետևից։
Հիվանդասենյակում, որտեղ տասնվեց մահճակ կար, պառկած էր ընդամենը հինգ հիվանդ, որոնցից մեկը՝ մեռած։ Վերջինս մեռել էր երկու ժամ առաջ և ծածկված էր սավանով։ Հանգուցյալը կրում էր խոլերայի բացիլները հայտնաբերած գիտնականի ազգանունը։ Դա կապիտան Կոխն էր, որի հետ կադետ Բիգլերին թաղել էր ուզում շտաբի բժիշկը։
Կադետ Բիգլերը փոքր ինչ բարձրացավ մահճակի վրա և առաջին անգամ տեսավ, թե հանուն թագավոր կայսեր ինչպես են մեռնում խոլերայից։ Կենդանի մնացած չորսից երկուսը մեռնում էին․ նրանք շնչահեղձ էին լինում, սևացել էին և դժվարությամբ ինչ-որ բառեր էին արտաբերում։ Անկարելի էր որոշել, թե ի՛նչ են ասում և ի՛նչ լեզվով են խոսում։ Դա, ավելի շուտ, նման էր խռխռոցի։