— Մեզ մոտ էլ մի այդպիսի բան պատահեց,— մեջ ընկավ տխմարամիտ Բալոունը։— Ես ուզում էի հարևան գյուղում մի հորթ առնել, արդեն գինը բարիշել էի, բայց Վոտիցկի մսագործը ուղղակի քթիս տակից հորթը ձեռիցս խլեց։
— Քանի որ դարձյալ նոր պատերազմ է,— շարունակեց Շվեյկը,— քանի որ հիմա մենք մի թշնամի ավելի ունենք, քանի որ նոր ճակատ է բացվել, ստիպված կլինենք ռազմամթերքը խնայողաբար բանեցնել։ Ինչքան ընտանիքում երեխաները շատ են, այնքան շատ ճիպոտ է հարկավոր,— ասում էր Մոտոլում ապրող Խովանեց պապը, որը փոքր վարձով քոթակում էր հարևանների երեխաներին։
— Միայն թե վախենում եմ,— ամբողջ մարմնով դողալով իր մտահոգությունն արտահայտեց Բալոունը,— որ այդ Իտալիա ասածի պատճառով մեր մթերաբաժինը կրճատեն։
Ավագ գրագիր Վանեկը փոքր֊ինչ մտածեց և լրջորեն պատասխանեց․
― Ամեն ինչ կարող է պատահել, քանի որ հիմա մեր հաղթանակն, անկասկած, մի քիչ կուշանա։
— Մեզ մի նոր Ռադեցկի էր պետք,— ասաց Շվեյկը։— Ա՜յ թե ով էր ծանոթ այդ տեղերին։ Նա լավ գիտեր, թե որն է իտալացիների թույլ տեղը, թե ինչի վրա և որ կողմից պետք է գրոհել։ Չէ՞ որ մի տեղ մտնելը հեշտ գործ չէ։ Մտնել ամեն մարդ կարող է, բայց արի ու դուրս եկ,— իսկական ռազմական արվեստը հենց դրա մեջ է։ Երբ մարդ որևէ տեղ է մտնում, պետք է իմանա, թե շուրջն ինչ է կատարվում, որպեսզի չընկնի այն անհարմար դրության մեջ, որ կոչվում է կատաստրոֆա։ Մի անգամ մեր տանը, դեռևս իմ հին բնակարանում, տանիքի տակ մի գող բռնեցին։ Բայց այդ սրիկան այնտեղ մտնելիս նկատել էր, որ սանդղավանդակի վերևում մի մեծ լապտեր են նորոգում։ Եվ ահա դուրս պրծավ բռնողների ձեռքից, սպանեց դռնապանի կնոջը և տախտակամածի վրայով մտավ այդ լապտերի մեջ, իսկ այնտեղից այլևս դուրս չեկավ։ Մեր հայր Ռադեցկին էլ Իտալիայի ամեն մի ծակուծուկը գիտեր, նրան ոչ ոք չէր կարող բռնել։ Մի գրքի մեջ նկարագրված է, թե նա ինչպես է ճղել Սանտա-Լուչիայից, թե ինչպես են ճղել նաև իտալացիները։ Ռադեցկին միայն մյուս օրն է իմացել, որ փաստորեն ինքն է հաղթել, քանի որ նույնիսկ դաշտային հեռադիտակով իտալացիները չէին երևում։ Այն ժամանակ նա հետ է դարձել և իր թողած Սանտա֊Լուչիան գրավել։ Դրանից հետո նրան ֆելդմարշալի կոչում են շնորհել։
— Խո՛սք չունեմ, հիանալի երկիր է,— մեջ մտավ խոհարար Յուրայդան։— Ես մի անգամ եղել եմ Վենետիկում և գիտեմ, որ իտալացին ամեն պատահած մարդու խոզ է անվանում։ Երբ նա բարկանում է, բոլորը նրա համար «porco maladetto»[56] են։ Նրա համար հռոմի պապն էլ, մադոննան էլ խոզ են։
Ավագ գրագիր Վանեկն, ընդհակառակը, մեծ համակրանքով արտահայտվեց Իտալիայի մսաին։ Նա պատերազմից առաջ Կրալուպիի իր դեղագործական խանութում փտած լիմոնից սիրոպ էր պատրաստում, իսկ ամենաէժան և ամենափտած լիմոնը միշտ գնում էր Իտալիայում։ Հիմա պրծավ, այլևս հնարավոր չէ Իտալիայից լիմոն բերել Կրալուպի։ Իտալիայի հետ կռվելն, անկասկած, շատ անակնկալներ կստեղծի, քանի որ Ավստրիան կջանա Իտալիայից վրեժ լուծել։
— Հեշտ է ասել՝ վրեժ լուծել,— ժպտալով առարկեց Շվեյկը։― Երբեմն մարդ կարծում է, թե վրեժ է լուծում, բայց վերջիվերջո տուժում է այն մարդը, որին նա իր վրեժը լուծելու գործիք է դարձնում։ Երբ մի քանի տարի առաջ ես ապրում էի Վինոգրադիում, մեր տան առաջին հարկում մի բարապան էր կենում, իսկ նրա բնակարանում սենյակ էր վարձել ինչ֊որ բանկի մի մանր աստիճանավոր։ Այդ աստիճանավորը միշտ հաճախում էր Կրամերիևա փողոցի գարեջրատունը, որտեղ մի անգամ ընդհարվեց մի պարոնի հետ։ Պարոնը Վինոգրադիում մեզի անալիզի լաբորատորիա ուներ և միայն մեզի մասին էր խոսում ու մտածում, հետը շարունակ մեզի շշիկներ էր ման ածում և ամեն մեկի ձեռքը խոթում, որ միզեր և մեզն անալիզի տար։ Իբր այդ անալիզից էր կախված մարդու և նրա ընտանիքի բախտը։ Հետո դա էժան է, ընդամենը վեց կրոն, ասում էր նա։ Գարեջրատան բոլոր հաճախորդները, ինչպես և գարեջրատան տերն ու նրա կինը, իրենց մեզն անալիզի տվին։ Միայն ասածս աստիճանավորն էր համառում, չնայած որ ամեն անգամ միզարան գնալիս այն պարոնը նրա հետևից ներս էր մտնում և շատ մտահոգված ասում. «Չգիտեմ ինչ ասեմ, պան Սկորկովսկի, միայն թե ձեր մեզը ինձ դուր չի դալիս։ Քանի դեռ ուշ չէ, միզեցեք շշիկի մեջ»։ Վերջիվերջո համոզեց։ Դա աստիճանավորի վրա վեց կրոն նստեց։ Եվ պարոնն իր անալիզով նրան, ինչպես և մյուսներին, հոգեհան արեց։ Բացառություն չկազմեց և գարեջրատան տերը, որի առևտրին շատ վնասեց, քանի որ յուրաքանչյուր անալիզի կցում էր այն եզրակացությունը, թե դա իր պրակտիկայում հանդիպող շատ լուրջ դեպք է, թե ջրից բացի ոչինչ չի կարելի խմել, չի կարելի ծխել, չի կարելի ամուսնանալ և պետք է միայն բանջարեղեն ուտել։ Եվ ահա աստիճանավորը, ինչպես և մյուսները, սաստիկ զայրացավ նրա վրա և իր վրեժը լուծելու գործիք դարձրեց բարապանին, գիտենալով, որ նա դաժան մարդ է։ Եվ ահա մի անգամ նա մեզի անալիզ կատարող պարոնին ասաց, թե վերջերս բարապանը իրեն վատառողջ է զգում և խնդրում է, որ պարոնը առավոտվա ժամը ութին գա իր մոտ՝ մեզը քննության տանելու։ Պարոնը գնաց։ Բարապանը դեռ քնած էր։ Պարոնն արթնացրեց նրան և սիրալիր ասաց․ «Հարգանքներիս հավաստիքը, պան Մալեկ, բարի լուր։ Ահա ձեզ շշիկ, բարեհաճեցեք միզել։ Ես ձեզնից պետք է վեց կրոն ստանամ»։ Այդ ժամանակ տեղի ունեցավ մի չտեսնված խայտառակություն։ Բարապանը մետակ վարտիքով տեղաշորից դուրս թռավ և, առ հա՛, բռնեց այդ պարոնի կոկորդից, բարձրացրեց ու շպրտեց դեպի պահարանը։ Պարոնս լռվեց֊մնաց պահարանի մեջ։ Բարապանը նրան դուրս քաշեց այնտեղից, վերցրեց մտրակը և մետակ վարտիքով ընկավ հետևից ու քշեց Չելեկովսկա վողոցն ի վար, իսկ պարոնս կաղկանձում էր պոչը տրորած շան պես։ Հավլիչկով փողոցում պան Մալեկը թռավ֊մտավ տրամվայ։ Ոստիկանը բարապանին բռնեց, բայց նա ոստիկանի հետ էլ կռիվ սարքեց։ Իսկ քանի որ բարապանը մետակ վարտիքով էր և ունեցած֊չունեցածը դուրս էր պրծել, ապա, հասարակական բարոյականությունը վիրավորած լինելու համար, նրան գցեցին ձեռնասայլակի մեջ և տարան ոստիկանատուն, իսկ նա սայլակի միջից ցուլի պես մռնչում էր․ «Սրիկանե՛ր, ես ձեզ մեզս հետազոտել ցույց կտամ»։ Հասարակական վայրում բռնություն գործադրելու և ոստիկանությանը վիրավորելու համար նա վեց ամիս նստեց, իսկ դատավճռի հրապարակումից հետո իրեն թույլ տվեց թագավորող տան հասցեին վիրավորական խոսք ասել։ Միգուցե խեղճը մինչև հիմա էլ նստած է։ Դրա համար էլ ասում եմ. «Երբ որևէ մեկից վրեժ ես լուծում, ապա տուժողը անմեղ մեկն է լինում»։