Выбрать главу

Այդ միջոցին Բալոունը լարված և երկար ժամանակ ինչ֊որ բան էր խորհում և, ի վերջո, սրտի դողով Վանեկին հարցրեց.

— Կներեք, պարոն ավագ֊գրագիր, ձեր կարծիքով Իտալիայի հետ պատերազմելու պատճառով մեր մթերաբաժինը կկրճատե՞ն։

— Դա աստծո լույսի պես պարզ է,— պատասխանեց Վանեկը։

— Հիսո՜ւս Քրիստոս,— բացականչեց Բալոունը, գլուխը հենեց ձեռքերին ու սսկվեց֊մնաց իր անկյունում։

Այդպես վերջացան Իտալիային վերաբերող վիճաբանություններն այդ վագոնում։

* * *

Շտաբի վագոնում այն նոր իրադրությանը վերաբերող խոսակցաթյունը, որ ստեղծվել էր Իտալիայի պատերազմի մեջ մտնելու հետևանքով, սպառնում էր լինել հույժ ձանձրալի, քանի որ բացակայում էր անվանի ռազմական տեսաբան կադետ Բիգլերը, սակայն նրան մասամբ փոխարինում էր երրորդ վաշտի պոդպորուչիկ Դուբը։

Պոդպորուչիկ Դուբը պատերազմից առաջ չեխերենի դասատու էր և դեռ այն ժամանակ ամեն տեղ, ուր առիթ էր ներկայանում, ջանում էր ի հայտ բերել իր լոյալությունը։ Նա իր աշակերտներին գրավոր աշխատանքներ էր տալիս Հաբսբուրգյան դինաստիայի պատմության թեմաներով։ Ցածր դասարաններում աշակերտներին սարսափ էին պատճառում Մաքսիմիլիան կայսրը, որ բարձրացել էր ժայռի կատարը և չէր կարողանում ցած իջնել, Իոսիֆ II-ը, որ հողագործ էր, և Ֆերդինանդ Բարին։ Բարձր դասարաններում թեմաներն ավելի բարդ էին։ Օրինակ, յոթերորդ դասարանին առաջարկվում էր շարադրություն գրել հետևյալ թեմայով. «Կայսր Ֆրանց Իոսիֆը որպես գիտությունների և արվեստների հովանավոր»։ Այդ շարադրության պատճառով մի յոթերորդդասարանցի դպրոցից հեռացվել էր, զրկվելով Ավստրո֊Հունգարական միապետության միջնակարգ ուսումնական հաստատությունները մտնելու իրավունքից, քանի որ գրել էր, թե այդ միապետի ամենանշանավոր գործը Պրագայի Ֆրանց Իոսիֆի կամարջի կառուցումն է։

Դուբը աչալուրջ հետևում էր, որ իր բոլոր աշակերտները կայսեր ծննդյան օրը և կայսրական մյուս հանդիսավոր օրերին Ավստրիայի հիմնը ոգևորված երգեն։ Հասարակության մեջ նրան չէին սիրում, քանի որ հաստատ հայտնի էր, որ նա իր կոլեգաներին մատնում է։ Այն քաղաքում, որտեղ Դուբը դասավանդում էր, նա անդամ էր մեծագույն ապուշների և էշերի մի եռյակի։ Այդ եռյակի մեջ մտնում էին, բացի նրանից, նահանգական վարչության պետն ու գիմնազիայի դիրեկտորը։ Այդ նեղ շրջանում նա սովորեց քաղաքականության մասին դատել միայն այն սահմաններում, որ թույլատրելի են Ավստրո-Հունգարական միապետության մեջ։ Հիմա նա իր մտքերն արտահայտում էր գիմնազիայի քարացած դասատուի տոնով.

— Ընդհանրապես Իտալիայի պատերազմի մեջ մտնելն ինձ բնավ չզարմացրեց։ Ես դա սպասում էի դեռևս երեք ամիս առաջ։ Տրիպոլիի համար Թուրքիայի դեմ մղած իր հաղթական պատերազմից հետո Իտալիան խիստ գոռոզացել է։ Բացի դրանից, նա մեծ հույս է դնում իր նավատորմի և մեր ծովափնյա շրջանների ու հարավային Տիրոլի բնակչության տրամադրության վրա։ Դեռևս պատերազմից առաջ ես մեր նահանգական վարչության պետի հետ զրուցում էի, թե մեր կառավարությունը թերագնահատում է հարավի իրեդենտիստական շարժումը։ Նա լիովին ինձ համամիտ էր, քանզի ամեն մի հեռատես մարդ, որի համար թանկ է մեր կայսրության ամբողջականությունը, պետք է կանխատեսեր, թե մինչև ուր կարող է հասցնել այն չափից ավելի ներողամտությունը, որ ցուցաբերվում է նման տարրերի նկատմամբ։ Ես լավ հիշում եմ, թե ինչպես երկու տարի առաջ նահանգական վարչության պարոն պետի հետ զրուցելիս ասացի, որ Իտալիան,— դա Բալկանյան պատերազմի, իսկ ավելի ճիշտ՝ մեր հյուպատոս Պրոխազկայի աֆերայի ժամանակ էր,— հարմար առիթի է սպասում, որ հարձակվի մեզ վրա։

― Եվ ահա մենք տեսանք այդ օրը,— գոռաց նա այնպես, որ կարծես բոլորն իր հետ վիճում էին, թեև նրա ճառին ներկա գտնվող կադրային սպաները լուռ էին և միայն այն էին փափագում, որ այդ «քաղաքացիական» դատարկաբանը գրողի ծոցը գնար։— Ճիշտ է,— շարունակեց նա, փոքր-ինչ հանդարտվելով,— մենք շատ դեպքերում, նույնիսկ դպրոցների համար գրված աշխատությունների մեջ, մոռանում էինք Իտալիայի հետ ունեցած մեր նախկին հարաբերությունները, մոռանում էինք մեր փառապանծ բանակի հաղթանակները, օրինակ, 1848 թվի, ինչպես և 1866 թվի հաղթանակների մեծ օրերը… Դրանց մասին հիշատակվում է բրիգադին արված այսօրվա հրամանի մեջ։ Սակայն, ինչ վերաբերվում է ինձ, ես միշտ ազնվաբար կատարել եմ իմ պարտքը և դեռևս ուսումնական տարին ավարտվելուց առաջ, այսպես ասած՝ պատերազմի հենց սկզբին, իմ աշակերտներին շարադրություն տվի գրելու հետևյալ թեմայով. «Unsere helden in Italien von Vicenza bis zur Custozza, oder…»[57]։