Եվ տխմար պոդպորուչիկ Դուբը հանդիսավորապես ավելացրեց․ «…Blut und Leben für Habsburg! Für ein Österreich, ganz, einig, groß!»[58]։
Նա լռեց, ըստ երևույթին սպասելով, թե շտաբի վագոնում գտնվողները կխոսեն նորերս ստեղծված իրադրության մասին և ինքը մի անգամ ևս կապացուցի, որ դեռևս հինգ տարի առաջ նախատեսել էր, թե Իտալիան ինչպես է վարվելու իր դաշնակցի հետ։ Բայց նա չարաչար սխալվեց, քանզի կապիտան Սագները, որին հանձնակատար Մատուշիչը կայարանից բերել էր «Pester Lloyd»֊ի երեկոյան հրատարակությունը, թերթն աչքի անցկացնելով՝ բացականչեց. «Լսեցեք, այն Վայները, որի գաստրոլներին մենք Բրուկում ներկա էինք, երեկ այստեղ հանդես է եկել Փոքր թատրոնի բեմում»։
Դրանով ավարտվեցին Իտալիային վերաբերվող վիճաբանությունները շտաբի վագոնում։
* * *
Գումարտակի հանձնակատար Մատուշիչը և Սագների սպասյակ Բատցերը, որոնք նույնպես նստած էին շտաբի վագոնում, Իտալիայի հետ սկսված պատերազմը քննարկում էին զուտ գործնական տեսակետից, դեռևս վաղուց, պատերազմից առաջ, զինվորական ծառայության մեջ գտնվելով, նրանք մասնակցել էին հարավային Տիրոլի զորաշարժերին։
— Մեզ համար դժվար կլինի լեռները բարձրանալ,— հառաչեց Բատցերը,— կապիտան Սագները մի սայլ ամեն տեսակ ճամպրուկներ ունի։ Ես, իհարկե, լեռնցի եմ, բայց դա բոլորովին այլ բան է։ Առաջ, պատահում էր, մարդ հրացանը թաքցնում էր բաճկոնի տակ և գնում իշխան Շվարցենբերգի կալվածքում նապաստակ խփելու…
— Եթե իսկապես մեզ ուղարկեն հարավ, Իտալիա․․․ Ես էլ ցանկություն չունեմ հրամաններն առած քարշ գալու լեռներում ու սառցադաշտերում։ Իսկ ինչ վերաբերվում է ուտելիքին, ապա այնտեղ, հարավում, միայն պոլենտա կա և մեկ էլ բուսական յուղ,— տխուր ասաց Մատուշիչը։
— Իսկ ինչո՞ւ մեզ չխոթեն այդ լեռները,— սկսեց հուզվել Բատցերը։— Մեր գունդը եղել է և՛ Սերբիայում, և՛ Կարպատներում։ Ես պարոն կապիտանի ճամպրուկներն արդեն բավական քարշ եմ տվել լեռներում։ Երկու անգամ կորցրել եմ դրանք։ Մի անգամ Սերբիայում, մի անգամ Կարպատներում։ Այսպիսի կռվի ժամանակ ամեն ինչ կարող է պատահել։ Գուցե նույն բանը ինձ սպասում է և երրորդ անգամ, Իտալիայի սահմանագծի վրա։ Իսկ ինչ վերաբերվում է այնտեղի ուտելիքին․․․— նա թքեց, ավելի մոտեցավ Մատուշիչին և խորհրդավոր կերպով ասաց.— Գիտե՞ս, մեր Կաշպերյան լեռներում հում կարտոֆիլից ահա այսպիսի մանրիկ կնեդլիկներ են պատրաստում։ Խաշում են, ձվի մեջ շուռումուռ տալիս, վրան մի բոլ սուխարի ցանում, իսկ հետո, իսկ հետո տապակում խոզի ճարպով։
Վերջին բառը նա արտասանեց հիացմունքից նվաղած ձայնով։
— Բայց ամենից լավը թթու դրած կաղամբի կնեդլիկն է,— ավելացրեց նա մելամաղձոտ տոնով,— իսկ մակարոնը արտաքնոց գցելու բան է։
Դրանով այստեղ էլ վերջացավ Իտալիային վերաբերվող խոսակցությունը։
* * *
Մնացած վագոններում միաբերան պնդում էին, թե գնացքը ետ կդարձնեն և կուղարկեն Իտալիա, քանի որ արդեն երկու ժամից ավելի կանգնած է կայարանում։ Դա որոշ չափով հաստատվում էր և այն տարօրինակ բաներով, որ կատարվում էին էշելոնի նկատմամբ։ Նորից զինվորներին վագոններից դուրս արին, եկավ սանիտարական տեսչությունն իր ախտահանիչ ջոկատով և ամեն ինչի վրա լիզոլին սրսկեց, մի բան, որ ընդունվեց մեծ տհաճությամբ, մանավանդ այն վագոններում, որտեղ գտնվում էին մթերաբաժնային հացի պաշարները։
Բայց հրամանը հրաման է. սանիտարական հանձնաժողովը հրաման էր տվել ախտահանում կատարել № 728 էշելոնի բոլոր վագոններում, ուստի շատ հանգիստ կերպով լիզոլին ցանեցին և՛ հացի կույտերի, և՛ բրնձի պարկերի վրա։ Հենց միայն դրանից երևում էր, որ ինչ֊որ արտասովոր բան է կատարվում։
Այնուհետև նորից բոլորին քշեցին վագոնները, իսկ կես ժամ անց նորից դուրս արին, որովհետև մի զառամյալ գեներալ էր եկել էշելոնը տեսչական ստուգման ենթարկելու։ Շվեյկը իսկույնևեթ ծերուկին սազական անուն կպցրեց։ Տողանի հետևում կան գնած, նա ավագ գրագրին շշնջալով ասաց.
― Համա՜ թե լեշ է։
Ծերունի գեներալը կապիտան Սագների ուղեկցությամբ անցավ շարասյան երկայնքով և, ցանկանալով զորամասին ոգեշնչել, կանգ առավ մի ջահել զինվորի առաջ և նրան հարցրեց, թե որտեղացի է, քանի տարեկան է և արդյոք ժամացույց ունի՞։ Թեև զինվորը ժամացույց ուներ, այնուամենայնիվ, հուսալով ծերուկից մի հատ էլ ստանալ, պատասխանեց, թե չունի։ Նրա պատասխանի վրա զառամյալ գեներալ-լեշը հիմարավարի ժպտաց, ինչպես մի ժամանակ քաղաքագլխին դիմելիս ժպտում էր Ֆրանց Իոսիֆ կայսրը, և ասաց, «Դա լավ է, լավ է», որից հետո պատիվ արեց այդ զինվորի կողքին կանգնած կապրալին, հարցնելով, թե արդյոք նրա կինն առո՞ղջ է։