— Համարձակվում եմ զեկուցել,— բղավեց կապրալը,— ես ազապ եմ։
Այդ խոսքի վրա էլ բարեհաճորեն ժպտալով, գեներալը փնթփնթաց.
— Դա լա՛վ է, լա՛վ է։
Այնուհետև, վերստին մանկացած գեներալը կապիտան Սագներից պահանջեց ցույց տալ, թե զինվորներն ինչպես են կատարում «թվել առաջին֊երկրորդ» հրամանարկը։ Եվ մի րոպե հետո հնչեց. «Առաջին–երկրորդ, առաջին–երկրորդ, առաջին-երկրորդ»։
Գեներալ֊լեշը դա շատ էր սիրում։ Նա տանը երկու սպասյակ ուներ, որոնց իր առաջ շարք էր կանգնեցնում, և նրանք բղավում էին.
— Առաջին-երկրորդ, առաջին-երկրորդ։
Ավստրիան այդպիսի գեներալներ շատ ուներ։
Երբ ստուգատեսը բարեհաջող ավարտվեց, գեներալը չզլացավ գովել կապիտան Սագներին, իսկ զինվորներին թույլ տվեց կայարանի տերիտորիայում զբոսնել, քանի որ հաղորդում էր եկել, թե էշելոնը շարժվելու է միայն երեք ժամից։ Զինվորները ման էին գալիս կառամատույցում և հոտվտում, թե արդյոք հնարավոր չէ՞ մի բան ճարել։ Կայարանում միշտ էլ շատ մարդ է լինում, և զինվորներից մերթ մեկին, մերթ մյուսին հաջողվում էր մի սիգարետ մուրալ։
Դա պերճախոս կերպով ցույց էր տալիս, թե որքան նվազել էր այն առաջին խանդավառությունը, որ կայարաններում արտահայտվում էր էշելոններին հանդիսավորապես դիմավորելիս։ Հիմա զինվորները ստիպված էին մուրալ։
Կապիտան Սագների մոտ եկավ հերոսներին ողջունելու միության պատգամավորությունը, որ կազմված էր անհավատալիորեն հալից ընկած երկու տիկիններից, որոնք հանձնեցին էշելոնի համար նախատեսված նվերը, այն է՝ քսան տուփ բերան զովացնելու անուշահոտ հաբեր, Բուդապեշտի կոնֆետի ֆաբրիկաներից մեկի ռեկլամը։ Այդ հաբերը դարսված էին թիթեղյա շատ գեղեցիկ տուփիկների մեջ։ Յուրաքանչյուր տուփիկի կափարիչի վրա նկարված էր մի հունգարացի հոնվեդ, որը սեղմում էր ավստրիացի աշխարհազորայինի ձեռքը, իսկ դրա վերևում երևում էր սուրբ Ստեֆանի շողացող թագը։ Տուփիկի եզրակի վրա շատ խնամքով հունգարերեն և գերմաներեն գրված էր. «Für Kaiser, Gott und Vaterland»[59]։
Կոնֆետի ֆաբրիկան այնքան լոյալ էր եղել, որ նախապատվությունը տվել էր կայսրին, նրան դնելով աստծուց առաջ։
Յուրաքանչյուր տուփիկի մեջ կար ութսուն հաբ, այնպես որ յուրաքանչյուր երեք մարդու հասնում էր մոտավորապես հինգ հաբ։ Բացի դրանից, այդ հալից ընկած տարեց տիկինները բերել էին մի հակ թռուցիկներ, որոնց վրա տպագրված էր երկու աղոթք, որ հորինել էր Բուդապեշտի արքեպիսկոպոս Գեզա Սատմար-Բուդաֆալցին։ Աղոթքները գրված էին գերմաներեն ու հունգարերեն և պարունակում էին բոլոր թշնամիների հասցեին ուղղված սոսկալիագույն նզովքներ։ Աղոթքներն համակված էին այնպիսի կրքով, որ նրանց պակասում էր միայն հունգարական «Baszom a Kristusmarjat!» թունդ հայհոյանքը։
Հունգարական արքեպիսկոպոսի կարծիքով սիրառատն աստված պետք է կտոր֊կտոր անի ռուսներին, անգլիացիներին, սերբերին, ֆրանսիացիներին ու ճապոնացիներին, նրանցից կարմիր բիբարով համեմած լապշա և գուլյաշ պատրաստի։ Սիրառատն աստված պետք է լողա հակառակորդի արյան մեջ և կոտորի բոլոր թշնամիներին, ինչպես դաժան Հերովդեսը կոտորեց մանուկներին։
Բուդապեշտի սրբազան արքեպիսկոպոսն իր աղոթքների մեջ գործ էր ածել այնպիսի անուշիկ արտահայտություններ, ինչպես, օրինակ. «Թող աստված օրհնի ձեր սվինները, որպեսզի խորը մխրճվեն թշնամյաց փորերը։ Թող ամենաարդարն աստված հրետանային կրակն ուղղի թշնամյաց շտաբների գլխին։ Ողորմա՛ծ աստված, այնպես արա, որ բոլոր թշնամիները խեղդվեն իրենց վերքերի արյան մեջ, այն վերքերի, որ նրանց կպատճառեն մեր զինվորները»։ Հարկ է մի անգամ էլ նշել, որ այդ աղոթքներին պակասում էր միայն «Baszom a Kristusmarjat!»-ը։
Հանձնելով այդ ամենը, տիկինները կապիտան Սագներին ջերմ ցանկություն հայտնեցին ներկա լինելու նվերների բաժանմանը։ Նրանցից մեկը նույնիսկ հանդգնեց թույլտվություն խնդրել ճառով դիմելու զինվորներին, որոնց նա անվանում էր ոչ այլ կերպ, քան «unsere braven Feldgrauen»[60]։ Երկուսն էլ խիստ վիրավորված ծռմռեցին իրենց դեմքերը, երբ կապիտան Սագները նրանց խնդրանքը մերժեց։ Այդ միջոցին նվերներն ուղարկվել էին այն վագոնը, որտեղ տեղավորված էր պահեստը։ Հարգարժան տիկիններն անցան զինվորների շարքի առջևով, ըստ որում նրանցից մեկը առիթը բաց լթողեց շոյելու մի մորուքավոր զինվորի՝ բուդեյովիցցի Շիմեկի թուշը։ Շիմեկը, տեղյակ չլինելով տիկինների բարձր առաքելությանը, նրանց գնալուց հետո այդ արարքը յուրովի գնահատեց և ընկերներին ասաց.
— Համա՜ թե աներես են այդ բոզերը։ Գոնե մի կարգին ռեխ ունենա, կարծես իսկական ձկնկուլ լինի։ Չորացած ոտներից բացի մեջտեղը բան չկա, մարդ երազում տեսնի՝ լեղին կճաքի, և մի այպիսի քավթառ ղարղա զինվորների հետ սեր է խաղում․․․
Կայարանում իրարանցում էր։ Իտալիայի պատերազմի մեջ մտնելն այստեղ խուճապ էր առաջացրել։ Հրետանու երկու էշելոն կանգնեցրին և ուղարկեցին Շտիրիա։ Արդեն երրորդ օրն էր, որ բոսնիացիների էշելոնը անհայտ պատճառներով չէր ճանապարհվում։ Այդ էշելոնը բոլորովին մոռացել և աչքաթող էին արել։ Բոսնիացիներն երկու օր ճաշ չէին ստացել և գնում էին Նոր Պեշտ՝ մուրալու։ Այստեղ ուրիշ ոչինչ չէր կարելի լսել, բացի բախտի քմահաճույքին թողնված, հուզմունքից ձեռքները թափահարող բոսնիացիների զայրագին հայհոյանքներից։ Շատ չանցած Իննսունմեկերորդ գնդի երթային գումարտակը նորից քշեցին դեպի գնացքը, և զինվորներր մտան իրենց վագոնները։ Սակայն մի րոպե հետո գումարտակի հանձնակատար Մատուշիչը, կայարանի պարետանոցից վերադառնալով, լուր բերեց, թե գնացքը կճանապարհեն միայն երեք ժամից։ Նկատի առնելով այդ, հենց նոր հավաքած զինվորներին նորից վագոններից բաց թողին։