Выбрать главу

Գնացքը շարժվելու վրա էր, երբ խիստ վրդովված պոդպորուչիկ Դուբը մտավ շտաբի վագոնը և կապիտան Սագներին դիմեց Շվեյկին ձերբակալելու խնդրանքով։ Պոդպորուչիկ Դուբը դեռևս գիմնազիայի դասատու եղած ժամանակ մատնիչի համբավ ուներ։ Նա սիրում էր զինվորի հետ զրուցել, իմանալ նրա համոզմունքները, առիթից օգտվելով նրան խրատել և բացատրել, թե նրանք ինչո՛ւ և հանուն ինչի են կռվում։

Շրջագայության ժամանակ նա կայարանի շենքի ետևում նկատել էր լապտերի մոտ կանգնած Շվեյկին, որը հետաքրքրությամբ դիտում էր ինչ֊որ բարեգործական ռազմական վիճակախաղի մի պլակատ։ Պլակատի վրա նկարված էր ավստրիացի զինվոր, որը մի շվարած մորուքավոր կազակի սվինով գամել էր պատին։

Պոդպորուչիկ Դուբը ափով խփեց Շվեյկի ուսին և հարցրեց, թե արդյոք պլակատը հավանո՞ւմ է։

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն լեյտենանտ,― պատասխանեց Շվեյկը,— դա հիմարություն է։ Ես հիմար պլակատներ շատ եմ տեսել, բայց այսպիսի հիմարություն տեսած չկամ։

— Իսկ այստեղ հատկապես ի՞նչն է, որ ձեզ դուր չի գալիս։

— Ինձ դուր չի գալիս, պարոն լեյտենանտ, որ զինվորն այդպես է վարվում իրեն վստահված զենքի հետ։ Չէ՞ որ քարե պատին խփելով՝ նա կարող է սվինը կոտրել։ Իսկ հետո, դա առհասարակ անմտություն է, դրա համար նրան կարող են պատժել, քանի որ ռուսը ձեռքերը բարձրացրել և հանձնվում է։ Նա գերի է առնված, իսկ գերիների հետ պետք է լավ վարվել, ինչքան չլինի մարդ են։

Պոդպորուչիկ Դուբը շարունակեց շոշափել Շվեյկի համոզմունքները և մի հարց էլ տվեց.

— Դուք այդ ռուսին խղճում եք, ճի՞շտ է։

— Ես, պարոն լեյտենանտ, նրանց երկուսին էլ խղճում եմ. և՛ ռուսին, որովհետև ծակել են, և մեր զինվորին, որովհետև դրա համար նրան կձերբակալեն։ Նա, պարոն լեյտենանտ, անպայման սվինը կկոտրի, չէ՞ որ պատը քարից է, իսկ մետաղն էլ հեշտ է կոտրվում։ Դեռևս պատերազմից աոաջ, պարոն լեյտենանտ, երբ ես իսկական ծառայության մեջ էի, մեր վաշտում մի լեյտենանտ կար։ Նույնիսկ մեր ավագ ֆելդֆեբելը այնպես հայհոյել չի կարող, ինչպես հայհոյում էր այն պարոն լեյտենանտը։ Վարժադաշտում նա մեզ ասում էր, «Երբ հնչում է «hab acht» հրամանը, պետք է աչքերդ այնպես չռես, ինչպես կատուն դարմանի վրա կղկղելիս»։ Իսկ ընդհանրապես շատ լավ մարդ էր։ Մի անգամ ծննդի տոնին խելքը թռցրեց, մի սայլ կոկոսի ընկույզ առավ, և այդ օրվանից ես գիտեմ, թե սվինները որքան հեշտ են կոտրվում։ Վաշտի կեսն այդ ընկույզների վրա սվինները կոտրեց, և մեր փոխգնդապետը հրամայեց բոլորին նստեցնել։ Երեք ամիս իրավունք չունեինք զորանոցից դուրս գալու․․․ Իսկ պարոն լեյտենանտը տնային կալանքի մեջ էր։

Պոդպորուչիկ Դուբը ատելությամբ նայեց քաջարի զինվոր Շվեյկի անհոգ դեմքին և հարցրեց.

— Դուք ինձ ճանաչո՞ւմ եք։

― Ճանաչում եմ, պարոն լեյտենանտ։

Պոդպորուչիկ Դուբը աչքերը չռեց ու ոտքերը գետնին խփեց.

— Իսկ ես ձեզ ասում եմ, որ ինձ դեռ չեք ճանաչում։

Շվեյկը, անդրդվելիորեն հանգիստ, ասես զեկուցելով, մի անգամ էլ կրկնեց․

— Ես ձեզ ճանաչում եմ, պարոն լեյտենանտ։ Դուք, համարձակվում եմ զեկուցել, մեր երթային գումարտակից եք։

— Դուք ինձ չեք ճանաչում,— նորից գոռաց պոդպորուչիկ Դուբը։— Գուցե դուք ինձ ճանաչել եք լավ կողմից, բայց հիմա կճանաչեք նաև վատ կողմից։ Ես այնքան բարի չեմ, որքան ձեզ թվում է։ Ես ում ուզենամ՝ կլացացնեմ։ Դեհ, ուրեմն, ինձ ճանաչո՞ւմ եք թե ոչ։

― Ճանաչում եմ, պարոն լեյտենանտ։

— Վերջին անգամն եմ ասում ձեզ, որ դուք ինձ չեք ճանաչում, ստահա՛կ։ Եղբայրներ ունե՞ք։

— Ճիշտ այդպես, պարոն լեյտենանտ, մեկը ունեմ։

Նայելով Շվեյկի հանգիստ, պարզ դեմքին, պոդպորուչիկ Դուբը գազազեց և, բոլորովին իրեն կորցնելով, բղավեց.

— Ուրեմն, ձեր եղբայրն էլ ճիշտ այնպիսի անասուն է, ինչպես դուք։ Ինչացո՞ւ էր։

— Գիմնազիայի դասատու էր, պարոն լեյտենանտ։ Զինվորական ծառայությունն ավարտեց և սպայության քննություն հանձնեց։

Պոդպորուչիկ Դուբը այնպես նայեց Շվեյկին, որ կարծես ուզում էր նրան հայացքով շամփրել։ Շվեյկն արժանապատվորեն դիմացավ տխմար պոդպորուչիկի կատաղի հայացքին, և շուտով խոսակցությունն ավարտվեց «Abtreten» բառով։

Նրանցից ամեն մեկը գնաց իր ճանապարհով և ամեն մեկն իրենն էր մտածում։ Պոդպորուչիկը մտածում էր, թե ինչպես ամեն ինչ կպատմի կապիտանին և նա կհրամայի Շվեյկին ձերբակալել, իսկ Շվեյկը մտածում էր, թե իր կյանքում հիմար սպաներ շատ է տեսել, բայց Դուբի նման հիմար սպա ամբողջ գնդում չի գտնվի։

Պոդպորուչիկ Դուբը, որ հենց այդ օրը հաստատ որոշել էր զինվորների դաստիարակությամբ զբաղվել, կայարանի շենքի ետևում նոր զոհեր գտավ։ Դրանք նույն Իննսունմեկերորդ գնդի, բայց ուրիշ վաշտի երկու զինվորներ էին, որոնք խավարի մեջ կոտրատված գերմաներենով բանակցում էին երկու պոռնիկների հետ։ Կայարանում և նրա մոտ թափառող այդ պոռնիկներին թիվ ու համար չկար։