Выбрать главу

Բայց, դրա փոխարեն, Բուդապեշտի կենտրոնական կայարանով անցնող բոլոր զինվորական տեսուչներն ամեն տեղ պատմում էին, թե կայարանի պարետը լավ է ուտեցնում և խմեցնում։

* * *

Հաջորդ օրը առավոտյան էշելոնը դեռ կանգնած էր կայարանում։ Հնչեց ցայգանվագը։ Զինվորները ծորակների մոտ լվացվում էին կաթսայիկների ջրով։ Գեներալն իր գնացքով դեռ չէր մեկնել և գնացել էր ոտացճանապարհները ռևիզիայի ենթարկելու։ Այդ օրը զինվորներն այդտեղ գնում էին համաձայն կապիտան Սագների հետևյալ հրամանի, որ նա արձակել էր գեներալին բավականություն պատճառելու համար. «Schwarmweise unter Kommando der Schwarmkomandanten»[65]։

Ցանկանալով պոդպորուչիկ Դուբին էլ բավականություն պատճառել, կապիտան Սագները նրան օրապահ էր նշանակել։

Եվ այդպես, պոդպորուչիկ Դուբը վերահսկում էր ոտացճանապարհները։ Երկարավուն երկշարք փոսի ձև ունեցող ոտացճանապարհը տեղավորել էր երկու ջոկ։ Զինվորները հավեսով պպզել էին խանդակների վրա, ինչպես ծիծեռնակները Աֆրիկա չվելուց առաջ թառում են հեռագրասյուների լարերին։

Յուրաքանչյուրի ցած իջեցրած շալվարի տակից երևում էին մերկ ծնկները, յուրաքանչյուրի վզից կախված էր գոտին, ասես յուրաքանչյուրը պատրաստ էր կախվելու և միայն հրամանի էր սպասում։

Ամեն ինչում առկա էր զինվորական երկաթյա կարգապահություն և կազմակերպվածություն։

Ձախ թևում նստած էր Շվեյկը, որ նույնպես խցկվել էր այդտեղ և հետաքրքրությամբ կարդում էր Ռուժենա Եսենսկայայի չգիտես ո՛ր վեպից պոկված էջի մի պատառիկ․

․․․եղի պանսիոնում, դժբախտաբար տիկինները

ում անորոշ, իրականում գուցե և ավելի վ

մեծավ մասամբ, ինքն իր մեջ ամփոփված

իր սենյակը կամ դուրս գա —

ազգային տոնին։ Իսկ եթե խոսք էին բացում ա

գնում էր մարդը և կարոտել էր զ

լավացել էր կամ չէր ուզում

լինել, ինչպես որ իրենք էին ցանկա-

երիտասարդ Կրիշիչկան այլևս անելու բան չուներ․․․

Շվեյկն աչքերը բարձրացրեց, ակամա նայեց դեպի ոտացճանապարհի ելքը և զարմանքից քար կտրեց։ Այնտեղ իր զորահանդեսային լրիվ հագուստով կանգնած էր երեկվա գեներալ֊մայորն իր համհարզի հետ, իսկ նրա կողքին՝ պոդպորուչիկ Դուբը, որը ջանադրաբար նրանց ինչ-որ բան էր զեկուցում։

Շվեյկն աչք ածեց շուրջը։ Բոլորը շարունակում էին հանգիստ նստել փոսի վրա, և միայն ենթասպաներն էին մի տեսակ կարկամել ու չէին շարժվում։

Շվեյկն զգաց պահի ողջ լրջությունը։

Նա վեր թռավ հենց այդպես շալվարն իջեցրած, գոտին վզից կախ և, վերջին պահին թղթի կտորն օգտագործելով, բղավեց․ «Einstellen! Auf! Habtacht! Rechtsschaut!»[66] և ձեռքը դրեց հովարին։

Երկու ջոկատներ, շալվարներն իջեցրած և գոտիները վզներից կախ, կանգնեցին փոսի վրա։ Գեներալ֊մայորը սիրալիր ժպտաց ու ասաց․

— Ruht, weiter machen![67]

Ջոկապետ Մալեկն առաջինը օրինակ տվեց իր ջոկին, ընդունելով առաջվա դիրքը։ Կանգնած մնաց միայն Շվեյկը, ձեռքը հովարին դրած, քանի որ նրան մի կողմից սպառնալից մոտենում էր պոդպորուչիկ Դուբը, իսկ մյուս կողմից՝ ժպտացող գեներալը։

— Ես ձեզ գիշերը տեսել եմ,— դիմեց գեներալ֊մայորը Շվեյկին, որը նրա առաջ կանգնած էր այդ աներևակայելի դիրքով։

Գազազած պոդպորուչիկ Դուբը նետվեց դեպի գեներալ֊մայորը․

— Ich melde gehorsam, Herr Generalmalor, der Mann ist blödsinnig und als Idiot bekannt, säghafter Dummkopf.[68]

— Was sagen Sie, Herr Leutnant?[69],— անսպասելի գոռաց գեներալ֊մայորը պոդպորուչիկ Դուբի վրա, ապացուցելով միանգամայն հակառակը։— Հասարակ զինվորը գիտե, թե ինչ է հարկավոր անել, երբ պետ է մոտենում, իսկ ահա հրամանատար ենթասպան պետին չի նկատում և վերաբերմունք ցույց չի տալիս։ Ճիշտ այնպես, ինչպես կռվի դաշտում։ Վտանգի պահին հասարակ զինվորը հրամանատարությունն իր վրա է վերցնում։ Չէ՞ որ նա ինքը՝ պարոն պոդպորուչիկ Դուբն էր պարտավոր տալ «Einstellen! — Auf! — Habtacht, Rechtsschaut!» հրամանը, որ տվեց այս զինվորը։

— Դու արդեն քամակդ սրբե՞լ ես,— հարցրեց գեներալ֊մայորը Շվեյկին։

— Ճիշտ այդպես, պարոն գեներալ֊մայոր, ամեն ինչ կարգին է։

— Wlencej srac nie bedziesz?[70]

— Ճիշտ այդպես, գեներալ֊մայոր, պրծել եմ։

— Որ այդպես է, շալվարդ վեր քաշիր և նորից ձիգ կանգնիր։

Քանի որ գեներալ֊մայորը «ձիգ կանգնիր»-ն արտասնեց փոքր-ինչ բարձր ձայնով, ապա նրան մոտիկ նստածներն սկսեցին վեր կենալ ու փոսի վրա ձիգ կանգնել։

Սակայն գեներալ֊մայորը բարեկամաբար նրանց ձեռքով արեց և հայրական գորովալից ձայնով ասաց.

— Aber nein, ruht, ruht, nur weiter machen![71]

Շվեյկն իր լրիվ շքահագուստով արդեն կանգնած էր գեներալ-մայորի առաջ, որը գերմաներեն մի հակիրճ ճառ արտասանեց․

— Հարգանք պետերի նկատմամբ, կանոնագրքի իմացում և վճռականություն զինվորական ծառայության մեջ,— ահա բոլորը։ Իսկ եթե այդ հատկություններին ավելացնելու լինենք և քաջությունը, ապա ոչ մի թշնամի մեր առաջ չի դիմանա։― Մատով խթելով Շվեյկի փորը, գեներալը պոդպորուչիկ Դուբին ցուցում տվեց․— Հիշեցեք այս զինվորին։ Ռազմաճակատ հասնելուն պես աստիճանը բարձրացնել և առաջին իսկ հարմար առիթով բրոնզե մեդալի ներկայացնել իր պարտականություններն օրինակելիորեն կատարելու և իր գիտելիքների համար․․․ Wissen Sie doch, was ich schon meine… Abtreteu![72]