Выбрать главу

Գեներալ֊մայորը հեռացավ, իսկ պոդպորուչիկ Դուբը բարձր ձայնով, այնպես, որ գեներալ-մայորը լսեր, հրամայեց.— Erster Schwarm auf! Doppelreihen… Zweiter Schwarm…[73]

Շվեյկն այդ միջոցին քայլերն ուղղեց դեպի իր վագոնը և, պոդպորուչիկ Դուբի մոտով անցնելիս նրան պատիվ տվեց, ինչպես պահանջվում է, բայց, չնայած դրան, պոդպորուչիկը բղավեց.— Herstellt![74] Շվեյկը նորից ձեռքը դրեց հովարին և նորից լռեց.

— Ինձ ճանաչո՞ւմ ես։ Դու ինձ չես ճանաչում։ Դու ինձ ճանաչում ես լավ կողմից, բայց կճանաչես նաև վատ կողմից։ Ես քեզ կլացացնեմ։

Վերջապես Շվեյկը հասավ իր վագոնին։ Ճանապարհին նա հիշեց, որ Կառլինի զորանոցում էլ մի լեյտենանտ կար, ազգանունը Խուդավի, որը գազազելիս այլ կերպ էր արտահայտվում. «Տղանե՛ր,— ասում էր նա,— ինձ հանդիպելիս մի մոռանաք, որ ես ձեզ համար խոզ եմ, խոզ էլ կմնամ, քանի դեռ դուք իմ վաշտումն եք»։

Երբ Շվեյկն անցնում էր շտաբի վագոնի մոտով, պորուչիկ Լուկաշը նրան ձայն տվեց ու հրամայեց Բալոունին ասել, որ շտապի սուրճը պատրաստել, իսկ կաթի պահածոյի տուփը նորից կարգին փակի, թե չէ կաթը կփչանա։ Իսկ հենց այդ ժամանակ Բալոունը վագոնում, ավագ գրագիր Վանեկի մոտ, փոքրիկ սպիրտայրոցի վրա պորուչիկ Լուկաշի համար սուրճ էր պատրաստում։ Շվեյկը գալով պորուչիկ Լուկաշի հանձնարարությունը կատարելու, իմացավ, որ իր բացակայության միջոցին ամբողջ վագոնը սկսել է սուրճ խմել։

Պորուչիկ Լուկաշի սուրճի և կաթի պահածոների տուփերն արդեն կիսով չափ դատարկ էին։ Բալոունը սուրճը խմում էր ուղղակի կաթսայիկից և թեյի գդալով փորփորում էր կաթի տուփը, որպեսզի սուրճն համեղացներ։

Խոհարար֊օկուլտիստ Յուրայդան և ավագ գրագիր Վանեկը երդվեցին սուրճի և կաթի պահածոներ ստացվելուն պես պորուչիկ Լուկաշից վերցրածը վերադարձնել։

Շվեյկին էլ սուրճ առաջարկեցին, բայց նա հրաժարվեց և Բալոունին ասաց.

— Բանակի շտաբից հրաման է ստացվել քսանչորս ժամվա ընթացքում անհապաղ կախել այն սպասյակին, որն իր սպայի կաթի և սուրճի պահածոները կգողանա։ Դա հաղորդում եմ օբեր-լեյտենանտի կարգադրությամբ, որը քեզ հրամայեց սուրճը վերցնել և անմիջապես ներկայանալ իրեն։

Վախեցած Բալոունը հեռախոսավար Խոդոունսկու ձեռքից խլեց սուրճը, որ հենց նոր էր լցրել նրա համար, նորից տաքացրեց, պահածոյած կաթ ավելացրեց և սուրճը ձեռքին սլացավ դեպի շտաբի վագոնը։

Աչքերը չռելով, Բալոունը սուրճը մատուցեց պորուչիկ Լուկաշին, և այդ ժամանակ նրա մտքով անցավ, որ պորուչիկն իր աչքերից կռահում է, թե պահածոներն ինչպես է տնօրինել։

— Ես ուշացա,— սկսեց նա կակազելով,— որովհետև չկարողացա միանգամից բացել։

— Գուցե պահածոյած կաթը թափել ես, հը՞,— տանջում էր նրան պորուչիկ Լուկաշը, սուրճի համն առնելով,— բայց գուցե սուպի պես գդալով խպշտե՞լ ես։ Գիտե՞ս քեզ ինչ է սպասում։

Բալոունը հառաչեց ու ողբաց.

— Պարոն լեյտենանտ, համարձակվում եմ զեկուցել, երեք երեխայի տե՜ր եմ։

― Տե՛ս, Բալոուն, մեկ էլ եմ նախազգուշացնում, անկշտությունդ քեզ կկործանի։ Շվեյկը քեզ բան չասա՞ց։

― Ինձ կարող են կախել քսանչորս ժամվա ընթացքում,— պատասխանեց Բալոունը, ամբողջ մարմնով դողալով։

— Այդպես մի՛ դողա, հիմարի մեկը,― ժպտալով ասաց պորուչիկ Լուկաշը,— և խելքդ գլուխդ հավաքիր։ Այդքան անկուշտ մի եղիր և Շվեյկին ասա, որ կայարանից կամ որևէ մոտ տեղից մի համեղ բան ճարի։ Այս տասանոցը տուր նրան։ Քեզ չեմ ուղարկի։ Դու կվերադառնաս միայն այն ժամանակ, երբ լափելուց տրաքես։ Սարդիններս դեռ չե՞ս լափել։ Ասում եմ, չե՞ս լափել։ Բեր և ինձ ցույց տուր։

Բալոունը Շվեյկին հայտնեց, թե օբեր֊լեյտենանտը մի տասանոց է ուղարկել, որպեսզի նա, Շվեյկը, կայարանում մի համեղ բան ճարի։ Ապա հառաչելով պորուչիկի ճամպրուկից հանեց սարդինների տուփը և ծանր սրտով տարավ ստուգման։

Խեղճ մարդն իրեն օրորել էր այն հույսով, թե պորուչիկ Լուկաշն այդ սարդինները մոռացել է, իսկ հիմա ամեն ինչ կորած է։ Պորուչիկը սարդինները կթողնի իր վագոնում, և Բալոունը նրանցից կզրկվի։ Նա իրեն կողոպտված էր զգում։

— Ահա, համարձակվում եմ զեկուցել, պարոն լեյտենանտ, ձեր սարդիններր,— ասաց նա դառնորեն, տուփը հանձնելով տիրոջը։— Կհրամայե՞ք բացել։

— Լա՛վ, Բալոուն, պետք չէ բացել, հետ տար։ Ես միայն ուզում էի տեսել, թե հո տուփին ձեռք չես տվել։ Երբ սուրճը բերիր, ինձ թվաց, թե շրթունքներդ պսպղում են, ինչպես պրովանսյան յուղից։ Շվեյկն արդեն գնա՞ց։

— Ճիշտ այդպես, պարոն օբեր֊լեյտենանտ, արդեն գնաց,— պատասխանեց Բալոունը փայլելով։— Շվեյկն ասաց, թե պարոն օբեր֊լեյտենանտը գոհ կմնա և թե պարոն օբեր֊լեյտենանտին բոլորը կնախանձեն։ Նա կայարանից չգիտեմ ուր գնաց և ասաց, թե Ռակոշպալոտոի այն կողմում մի տեղ գիտե։ Իսկ եթե գնացքից ուշանա, կմիանա ավտոշարասյունին և ավտոմոբիլով կհասնի մեզ։ Թե իր համար անհանգստանալու կարիք չկա, թե ինքն իր պարտականությունները լավ գիտե։ Թե մի առանձին բան չի պատահի, եթե նույնիսկ ստիպված լինի իր հաշվին կառք վարձել և էշելոնի հետևից հասնել մինչև Գալիցիա։ Թե հետո բոլոր ծախսերը կարելի է ռոճիկից պահել։ Թող, ասում է, պարոն օբեր֊լեյտենանտը իր համար բոլորովին չանհանգստանա։