— Դեհ, չքվի՛ր,— տրտմորեն առաջարկեց պորուչիկ Լուկաշը։
Պարետանոցից հայտնեցին, թե գնացքը դեպի Գյոդյոլլյո-Ասոդ կշարժվի միայն կեսօրվա ժամը երկուսին և թե կայարանում սպաներին երկուական լիտր կարմիր գինի և մի֊մի շիշ կոնյակ են տալիս։ Ասում էին, թե իբր Կարմիր Խաչին հասցեագրված ինչ-որ ծանրոց են գտել։ Ինչ էլ որ եղած լիներ, այդ ծանրոցը երկնային պարգև թվաց, և շտաբի վագոնում բոլորի տրամադրությունը բարձրացավ։ Կոնյակը «երեքաստղանոց» էր, իսկ գինին՝ «Հումպոլդսկիրխեն» մարկայի։
Միայն պորուչիկ Լուկաշն էր անտրամադիր։ Արդեն մի ժամ անցել էր, իսկ Շվեյկը դեռ չէր վերադարձել։ Հետո անցավ ևս կես ժամ։ Եվ հանկարծ կայարանի պարետանոցից դուրս եկավ մի տարօրինակ թափոր, որ շարժվում էր դեպի շտաբի վագոնը։ Առջևից քայլում էր Շվեյկը, քայլում էր ինքնամոռաց և հանդիսավոր կերպով, այն առաշին քրիստոնյա նահատակների պես, որոնց դեպի կրկեսի հրապարակն էին տանում։
Նրա աջ և ձախ կողքերից, սվինները հրացաններին հագցրած, քայլում էին երկու հունգարացի հոնվեդներ, ձախ թևից առաջանում էր կայարանի պարետատան դասակի հրամանատարը, իսկ նրա հետևից՝ ծալքավոր կարմիր յուբկայով մի կին և կարճաճիտ սապոգներով, կլոր գլխարկով, աչքի տակը կապտած մի տղամարդ՝ ձեռքին վախից կչկչացող մի հավ։
Նրանք բոլորը ցանկացան մտնել շտաբի վագոնը, բայց դասակի հրամանատարը հավի տիրոջ և նրա կնոջ վրա հունգարերեն բղավեց, որ մնան ներքևում։
Պորուչիկ Լուկաշին տեսնելով, Շվեյկն սկսեց նրան բազմանշանակ աչքով անել։
Դասակի հրամանատարը ցանկանում էր խոսել տասնմեկերորդ երթային վաշտի հրամանատարի հետ։ Պորուչիկ Լուկաշը նրա ձեռքից առավ կայարանի պարետանոցից հղված շտամպավոր թուղթը և, սփրթնելով, կարդաց. «Իննիսունմեկերորդ հետևակ գնդի երթային գումարտակի տասնմեկերորդ երթային վաշտի հրամանատարին ի հետագա կատարումն։ Ընդսմին ուղարկվում է հետևակ զինվոր Յոզեֆ Շվեյկը, ըստ իր ցուցմունքի երթային գումարտակի հիշյալ երթային վաշտի հանձնակատար, որը մեղադրվում է կայարանի պարետության շրջանում գտնվող Իշատարչայի բնակիչներ Իշտվան ամուսիններին կողոպտելու մեջ։ Հիմք․ Հետևակ զինվոր Յոզեֆ Շվեյկը գողացել է Իշտվան ամուսիններին պատկանող հավը, երբ վերոհիշյալ Իշատարչայում վազվզելիս է եղել Իշտվան ամուսինների տան հետևում, (բնագրում փայլուն կերպով ստեղծված էր գերմաներեն մի նոր բառ՝ «Istvan-gatten»[75]), և բռնվել է հիշյալ հավի տիրոջ կողմից, որը ցանկացել է հավը նրա ձեռքից խլել։ Վերոանվանյալ Շվեյկը դիմադրություն է ցույց տվել, հարվածելով հավի տեր Իշտվանի աջ աչքին, ուստի և բռնվել է հանցանքի վայրը կանչված պարեկի կողմից և ուղարկվել իր վաշտը։ Հավը վերադարձվում է տիրոջը։ Հերթապահ սպա (ստորագրություն)»։
Երբ պորուչիկ Լուկաշը գրում էր Շվեյկին ընդունելու ստացագիրը, ծնկները դողում էին։ Շվեյկը նրան մոտիկ էր կանգնած և նկատեց, որ պորուչիկ Լուկաշը մոռացավ ամսաթիվը նշել․
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր֊լեյտենանտ, այսօր ամսի քսանչորսն է։ Երեկ մայիսի քսաներեքն էր, երեկ Իտալիան մեզ պատերազմ հայտարարեց։ Քիչ առաջ ես քաղաքի ծայրամասում էի, այնտեղ միայն այդ մասին են խոսում։
Հոնվեդներն ու դասակի հրամանատարը գնացին, ներքևում մնացին միայն Իշտվան ամուսինները, որոնք շարունակ փորձում էին մտնել վագոն։
— Եթե, պարոն օբեր֊լեյտենանտ, մի հնգանոց ունեք, մենք կարող ենք այդ հավը գնել։ Այս անաստվածը հավի համար տասնհինգ կրոն է ուզում, ներառյալ աչքատակի կապտուկի համար հասանելիք տասը կրոնը,— հանգիստ ասում էր Շվեյկը,— բայց ես կարծում եմ, պարոն օբեր֊լեյտենանտ, որ աչքատակի այդ դատարկ կապտուկի համար տասը կրոնը շատ-շատ է։ «Պառաված տիկին» պանդոկում ընդամենը քսան կրոնով աղյուսով ջարդեցին խառատ Մատվեյի վարի ծնոտը, ատամներից էլ վեցը թափեցին, իսկ այն ժամանակ փողն ավելի գին ուներ, քան հիմա։ Անգամ Վոլշլեգերը չորս կրոնով է մարդ կախում։
— Այստեղ եկ,— գլխով արեց Շվեյկը աչքատակը կապտած և հավը բռնած տղամարդուն,— իսկ դու, պառավ, մնա այդտեղ։
Տղամարդը մտավ վագոն։
— Նա մի քիչ գերմաներեն գիտե,— հայտնեց Շվեյկը,— բոլոր հայհոյանքներր հասկանում է և շատ լավ կարող է ձեզ գերմաներեն հայհոյել։
— Also, zehn Gulden, դիմեց նա տղմարդուն։— Fünf Gulden Henne, fünf Auge. Ot forint,— հասկանո՞ւմ ես, ծուղրուղու. öt forint kukuk igen[76]։ Սա շտաբի վագոն է, հասկանո՞ւմ ես, ժուլիկ։ Հավը տուր տեսնենք։
Շվարած տղամարդու ձեռքը մի տասանոց խոթելով, նա վերցրեց հավը, վիզը ոլորեց և գյուղացուն վայրկենաբար վագոնից դուրս հրեց։ Հետո բարեկամաբար սեղմեց նրա ձեռքը և ասաց. Jo napot, baratom, adieu[77], կորիր կնկանդ մոտ, թե չէ ցած կգլորեմ։
— Ա՛յ, տեսնում եք, պարոն օբեր֊լեյտենանտ, ամեն ինչ կարելի է կարգավորել,— հանգստացնում էր Շվեյկը պորուչիկ Լուկաշին։― Ամենից լավն այն է, որ գործը վերջանա առանց սկանդալի, առանց հատուկ ձևականությունների։ Հիմա ես ու Բալոունը ձեզ համար այնպիսի հավի սուպ եփենք, որ հոտը մինչև Տրանսիլվանիա հասնի։