Выбрать главу

Պորուչիկ Լուկաշը չկարողացավ դիմանալ, Շվեյկի ձեռքից խլեց չարաբաստիկ հավը, նետեց հատակին ու բղավեց․

— Գիտե՞ք, Շվեյկ, թե ինչի է արժանի այն զինվորը, որ պատերազմի ժամանակ խաղաղ բնակչությանը թալանում է։

― Պատվավոր մահվան՝ վառոդի և արճիճի միջոցով,— հանդիսավորապես պատասխանեց Շվեյկը։

— Բայց դուք, Շվեյկ, արժանի եք կախաղանի, որովհետև առաջինն եք սկսել թալանել։ Դուք սրիկա եք։ Ես պարզապես չգիտեմ ի՛նչ անուն տամ ձեզ։ Դուք մոռացել եք երդումը։ Գլուխս պտույտ է գալիս։

Շվեյկը հարցականորեն նայեց պորուչիկ Լուկաշին և արագ պատասխանեց.

— Համարձակվում եմ զեկուցել, ես չեմ մոռացել երդումը, որ զինվորականներս պարտավոր ենք կատարել։ Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր֊լեյտենանտ, ես հանդիսավոր կերպով երդվել եմ պայծառափայլ իշխան և թագավոր Ֆրանց Իոսիֆ Առաջինին, որ նրան կծառայեմ հավատարմորեն ու ճշմարտապես, ինչպես նաև կենթարկվեմ, կհարգեմ ու կպահպանեմ նորին մեծության գեներալներին և իմ պետերին, ճշտիվ կկատարեմ նրանց կարգադրություններն ու հրամանները, կծառայեմ ընդդեմ ամեն մի թշնամու, ով էլ որ նա լինի, որտեղ էլ որ այդ բանը պահանջի նորին կայսրական թագավորական մեծությունը,— ջրի վրա, ջրի տակ, երկրի վրա, օդում, օրվա և գիշերվա բոլոր ժամերին, ճակատամարտի, հարձակման, կռվի ժամանակ և այլ հնարավոր հանգամանքներում, ամենուրեք․․․

Շվեյկը վերցրեց հատակին ընկած հավը և, ձիգ կանգնելով, ուղիղ նայեց պորուչիկի աչքերին և շարունակեց.

— ․․․միշտ և ամեն ժամանակ կկռվեմ քաջաբար ու արիաբար, երբեք չեմ լքի իմ զորքը, իմ գնդերը, դրոշակներն ու թնդանոթները, երբեք ոչ մի համաձայնության չեմ գա թշնամու հետ, միշտ ինձ կպահեմ այնպես, ինչպես պահանջում են զինվորական օրենքները և ինչպես իրեն պետք է պահի քաջարի զինվորը։ Ազնվաբար կապրեմ, ազնվաբար էլ կմեռնեմ, և այդ բանում թող օգնյա ինձ աստված։ Ամե՛ն։ Իսկ այս հավը, համարձակվում եմ զեկուցել, ես չեմ գողացել, չեմ թռցրել և, երդումս հիշելով, ինձ պահել եմ միանգամայն օրինավոր կերպով։

— Դե՞ն ես գցելու այդ հավը թե ոչ, անասո՛ւն,— ծղրտաց պորուչիկ Լուկաշը, արձանագրությամբ հարվածելով Շվեյկի ձեռքին, որով նա բռնել էր հանգուցյալին։— Նայիր այս արձանագրությունը։ Տեսնում ես, սևով սպիտակի վրա գրված է․ «Սույնով ուղարկվում է հետևակ զինվոր Շվեյկ Իոզեֆը, համաձայն իր ցուցմունքների հիշյալ երթային վաշտի հանձնակատար, որը մեղադրվում է կողոպուտի մեջ»։ Իսկ հիմա դու, կողոպտի՛չ, նողկալի՛ արարած, ինձ պիտի ասես, թե․․․ Ո՛չ, ես մի օր քեզ կսպանեմ։ Հասկանո՞ւմ ես։ Դե պատասխանիր, ապո՛ւշ, ավազա՛կ, ինչպե՞ս խելքիդ փչեց այդպիսի բան անել։

— Համարձակվում եմ զեկուցել,— քաղաքավարի պատասխանեց Շվեյկը,— այստեղ մի թյուրիմացություն կա։ Երբ ինձ հաղորդեցին ձեր կարգադրությունը որևէ համեղ բան ճարելու կամ գնելու մասին, միտք արի, թե այդպիսի ի՞նչ ճարեմ։ Կայարանի շենքի հետևում երշիկից ու էշի չորացրած մսից բացի ոչինչ չկար։ Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր֊լեյտենանտ, ես ամեն ինչ ծանր ու թեթև արի։ Ռազմաճակատում պետք է որևէ շատ սննդարար բան ունենալ, այդ դեպքում ռազմական ձախորդություններին ավելի հեշտ է դիմանալ։ Ես ուզում էի ձեզ հորիզոնական ուրախություն պատճառել։ Եվ որոշեցի, պարոն օբեր-լեյտենանտ, ձեզ համար հավի սուպ պատրաստել։

— Հավի սո՜ւպ,— կրկնեց նրա հետևից պորուչիկը գլուխը բռնելով։

— Ճիշտ այդպես, պարոն օբեր-լեյտենանտ, հավի սուպ։ Ես գնել էի սոխ և հիսուն գրամ վերմիշել։ Ահա բոլորն այստեղ է, այս գրպանումս՝ սոխը, մյուսում՝ վերմիշելը։ Աղ ու բիբար մեր գրասենյակում կա։ Մնում էր միայն հավ գնել։ Գնացի, ուրեմն, կայարանի հետևի կողմը՝ Իշատարչա։ Դա, ճիշտն ասած, գյուղ է, բոլորովին քաղաքի նման չէ, չնայած որ առաջին փողոցում տախտակի վրա գրված է. «Քաղաք Իշատարչա»։ Անցա մի փողոց, որի տների առաջ պարտեզներ կային, անցա երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ, վեցերորդ, յոթերորդ, ութերորդ, իններորդ, տասներորդ, տասնմեկերորդ փողոցը, մինչև որ հասա տասներեքերորդ փողոցի ծայրը, որտեղ վերջին տնակից հետո մարգագետիններ են սկսվում։ Այդտեղ հավեր էին թափառում։ Մոտեցա ու ընտրեցի ամենամեծն ու ամենածանրը։ Բարեհաճեցեք նայել, պարոն օբեր-լեյտենանտ, ամբողջովին ճարպ է, շոշափելու կարիք էլ չկա, առաջին իսկ հայացքից երևում է, որ ինչպես հարկն է կուտ են տվել։ Բոլորի աչքի առաջ բռնում եմ հավը։ Նրանք հունգարերեն ինչ֊որ բան են գոռում, իսկ ես բռնել եմ հավի ոտքերից և չեխերեն ու հունգարերեն հարցնում եմ, թե դա ո՞ւմ հավն է, թե որ ուզում եմ գնել։ Հանկարծ, հենց այդ րոպեին, ծայրի տնակից հուրս վազեցին մի տղամարդ ու մի կին։ Գյուղացին սկսեց ինձ հայհոյել, սկզբում հունգարարեն, իսկ հետո գերմաներեն, թե ես օրը ցերեկով հավը գողացել եմ։ Ես նրան ասացի, որ վրաս չգոռա, որ ինձ ուղարկել են հավ գնելու, մի խոսքով՝ բացատրեցի, բանն ինչ է։ Իսկ հավը, որի ոտքերից բռնել էի, հանկարծ սկսեց թևերը թափահարել, իսկ քանի որ ես նրան պինդ չէի բռնել ձեռքս թափով դեպի վեր ձգեց և ցանկացավ թառել իր տիրոջ քթի վրա։ Իսկ նա սկսեց բղավել, թե իբր հավով խփել եմ իր ռեխին։ Իսկ այն կինը մի գլուխ բլբլացնում էր ու կանչում, «Ջո՛ւ֊ջո՛ւ-ջո՛ւ»։