Выбрать главу

Այդ ժամանակ ինչ֊որ ապուշներ, որ այդ բոլորից ոչինչ չէին հասկանում, կանչեցին հոնվեդների պարեկին, և ես ինքս առաջարկեցի գնալ կայարան՝ պարետային վարչություն, որպեսզի այնտեղ իմ անմեղությունը յուղի պես ջրի երես դուրս գա։ Բայց այնտեղ հերթապահող պարոն լեյտենանտի հետ լեզու գտնել չկարողացա, նույնիսկ այն բանից հետո, երբ նրան խնդրեցի ձեզնից իմանալ, թե արդյոք ճիշտ չէ՞, որ դուք ինձ ուղարկել եք որևէ համեղ բան գնելու։ Նա մինչև անգամ ինձ հայհոյեց, հրամայեց լեզուս ինձ քաշել, քանի որ, ասաց, առանց բացատրությունների էլ աչքերիցս երևում է, որ ինձ սպասում է ծառի մի պինդ ճյուղ և մի լավ պարան։ Երևի շա՛տ վատ տրամադրության մեջ էր, քանի որ այնտեղ հասավ, որ տաքացած վրա տվեց, թե այդպիսի հաստ ռեխ կարող է ունենալ միայն այն զինվորը, որ զբաղվում է թալանով ու գողությամբ։ Թե իբր կայարանի վրա շատ գանգատներ են ստացվում։ Թե հենց երեկ չէ մյուս օրը մոտերքում մի հնդկահավ է կորել։ Իսկ երբ նրան հիշեցրի, որ երեկ չէ մյուս օրը մենք գտնվում էինք Ռաբում, նա պատասխանեց, թե այդպիսի առարկություններն իր համար նշանակություն չունեն։ Եվ ինձ ուղարկեցին ձեզ մոտ։ Հա՛, այնտեղ մի եֆրեյտոր էլ, որին չէի նկատել, վրաս բղավեց, թե մի՞թե չգիտեմ ով է իմ առաջ կանգնած։ Պատասխանում եմ, թե նա եֆրեյտոր է, եթե նրան տեղափոխեին եգերների զորամասը, ապա կդառնար պարեկի պետ, իսկ հրետանու մեջ՝ օբեր-հրետաձիգ։

— Շվեյկ,— մի պահ հետո ասաց պորուչիկ Լուկաշը,— դուք այնքան ամեն տեսակ արկածներ ու ձախորդություններ եք ունեցել, այնքան, ինչպես դուք եք ասում, սխալներ ու սխալիկներ, որ այդ բոլոր անախորժություններից ձեզ կարող է փրկել միայն կախաղանը, կարեի մեջ զինվորական պատիվներով կախվելը։ Հասկանո՞ւմ եք։

— Ճիշտ այդպես, պարոն օբեր֊լեյտենանտ, այսպես կոչված փակ գումարտակի կարեն կազմվում է չորս և, բացառության կարգով, նաև երեք կամ հինգ վաշտից։ Արդյոք չէի՞ք հրամայի, պարոն օբեր-լեյտենանտ, հավի սուպի մեջ շատ վերմիշել գցել, որ ավելի թանձր լինի։

― Շվեյկ, հրամայում եմ անմիջապես չքվել ձեր հավի հետ, ապա թե ոչ գլխներովդ կտամ, ողորմելի՛ ապուշ։

— Ինչպես կհրամայեք, պարոն օբեր֊լեյտենանտ, միայն թե համարձակվում եմ զեկուցել, քեղակարոս չճարեցի, ոչ մի տեղ գազար էլ չկա։ Ես էլ մեջը կգցեմ կարտ․․․

Շվեյկը չհասցրեց «ոֆիլ»-ն էլ ասել, երբ հավի հետ միասին դուրս թռավ շտաբի վագոնից։ Պորուչիկ Լուկաշը մի շնչով մի գավաթ կոնյակ պարպեց։

Շտաբի վագոնի լուսամուտների տակից անցնելիս Շվեյկը ձեռքը դրեց հովարին և գնաց իր վագոնը։

* * *

Հոգեկան պայքարի մեջ բարեհաջող կերպով հաղթանակ տանելով, Բալոունն արդեն պատրաստվում էր բացել պորուչիկի սարդինները, երբ հանկարծ հայտնվեց Շվեյկը՝ ձեռին հավը, մի բան, որ, բնականաբար, վագոնում գտնվողների մեջ աշխուժություն առաջացրեց։ Բոլորը նայում էին նրան, կարծես հարցնելով. «Որտեղի՞ց ես գողացել»։

— Գնել եմ պարոն օբեր-լեյտենանտի համար,— հայտնեց Շվեյկը, գրպաններից հանելով սոխն ու վերմիշելը։— Ուզում էի նրա համար սուպ պատրաստել, բայց նա հրաժարվեց և հավն ինձ նվիրեց։

— Սատկա՞ծ է,— անվստահորեն հարցրեց ավագ գրագիր Վանեկը։

— Իմ ձեռքով եմ վիզը կտրել,— պատասխանեց Շվեյկը, գրպանից հանելով դանակը։

Բալոունը երախտագիտությամբ ու հարգանքով նայեց Շվեյկին և անխոս սկսեց պատրաստել պորուչիկի սպիրտայրոցը։ Հետո վերցրեց կաթսայիկներն ու վազեց ջուր բերելու։

Հեռախոսավար Խոդոունսկին մոտեցավ Շվեյկին, որ սկսել էր հավը փետրել և առաջարկեց իր օգնությունը, նրա ականջին փսփսալով այս ինտիմ հարցը․ «Այստեղից հեռո՞ւ է։ Սողալո՞վ պիտի մտնել բակը, թե՞ հենց փողոցում են ման գալիս»։

— Ես հավը գնել եմ։

— Լա՛վ, ձայնդ կտրիր, և դեռ իրեն ընկեր է համարում։ Մենք հո տեսանք, թե քեզ ինչպես էին բերում։

Այնուամենայնիվ, հեռախոսավարը ջերմ մասնակցություն ունեցավ հավը փետրելուն։ Մեծ ու հանդիսավոր նախապատրաստության գործում իրեն լավ դրսևորեց նաև խոհարար֊օկուլտիստ Յուրայդան, որը սուպի համար կարտոֆիլ ու սոխ կտրատեց։

Վագոնից դուրս նետված փետուրները գրավեցին շրջայց կատարող պոդպորուչիկ Դուբի ուշադրությունը։ Նա ձայն տվեց, որ հավ փետրողը վագոնից դուրս գա, և անմիջապես դռան մեջ երևաց Շվեյկի գոհունակ դեմքը։

— Սա ի՞նչ է,— գոռաց պոդպորուչիկ Դուբը, գետնից բարձրացնելով հավի կտրած գլուխը։

— Համարձակվում եմ զեկուցել,— պատասխանեց Շվեյկը,— դա իտալական սև ցեղի հավի գլուխ է․ դրանք հիանալի ածան հավեր են, տարեկան երկուհարյուր վաթսուն ձու են ածում։ Բարեհաճեցեք տեսնել ի՛նչ լավ ձվարան ունի։— Շվեյկը գրեթե պոդպորուչիկ Դուբի քիթը խոթեց հավի աղիքներն ու փորոտիքի մնացած մասերը։

Դուբը թքեց ու հեռացավ։ Մի րոպե հետո նա վերադարձավ.

— Ո՞ւմ համար է պատրաստվում այդ հավը։

— Մեզ համար, համարձակվում եմ զեկուցել, պարոն լեյտենանտ։ Տեսեք ինչքան ճարպ կա վրան։

Պոդպորուչիկ Դուբը հեռացավ՝ մրթմրթալով․

— Մենք կհանդիպենք Ֆիլիպի[78] մոտ։

— Նա քեզ ի՞նչ ասաց,— հարցրեց Շվեյկին Յուրայդան։

— Մենք տեսակցություն նշանակեցինք ինչ֊որ Ֆիլիպի մոտ։ Այդ ազնվական պարոնները մեծ մասամբ արվամոլներ են։