Выбрать главу

Խոհարար֊օկուլտիստն ասաց, թե միայն էսթետներն են հոմոսեկսուալիստ, և դա բխում է էսթետիզմի էությունից։

Ապա ավագ գրագիր Վանեկը պատմեց, թե ինչպես Իսպանիայի վանքերում մանկավարժները երեխաներին բռնաբարում են։

Իսկ երբ կաթսայի ջուրը եռաց, Շվեյկն սկսեց պատմել, թե մի դաստիարակի վստահել էին Վիեննայի անապաստան երեխահերի գաղութը և այդ դաստիարակը նրանց բոլորին բռնաբարել էր։

― Կիրք է, Ի՞նչ կարող ես անել։ Բայց ավելի վատ է, երբ կնկա կիրքն է բռնում։ Սրանից մի քանի տարի առաջ Պրագայում երկու մարդաթող բոզ տիկիններ կային, մեկի ազգանունը Մոուրկովա, մյուսինը՝ Շոուսկովա։ Մի անգամ, երբ Ռոզտոկիի ծառուղիներում բալենին արդեն ծաղկել էր, նրանք երեկոյան բռնում են մի հարյուր տարեկան իմպոտենտ երգեհոնահարի, քարշ տալիս Ռոզտոկիի պուրակը և բռնաբարում։ Ի՛նչ օյիններ ասես, որ գլխին չեն խաղում։ Ժիժկովում Ակսամիտ անունով մի պրոֆեսոր է ապրում, նա այնտեղ պեղումներ էր կատարում, զանազան ծռմռված մեռելների գերեզմաններ որոնում և նրանցից մի քանիսի կմախքները տարել էր իր հետ։ Իսկ այդ բոզերը երգեհոնահարին քաշել-մտցրել էին այդ պեղված գերեզմաններից մեկի մեջ, այնտեղ էլ նրան խոշտանգել ու բռնաբարել։ Մյուս օրը պրոֆեսոր Ասկամիտը գալիս է ու տեսնում, որ գերեզմանի մեջ մի բան է ընկած։ Մարդը ուրախանում է, բայց դա այն մարդաթող խանումների խոշտանգած երգեհոնահարն է լինում։ Հինգ օր անց այդ երգեհոնահարը մեռավ։ Իսկ այդ լրբերի լկտիությունն այն աստիճանի էր հասել, որ եկել էին նրա թաղմանը։ Դա արդեն այլասերություն է։ Աղը գցեցի՞ր,— դիմեց Շվեյկը Բալոունին, որն օգտվելով այն հետաքրքրությունից, որով բոլորը լսում էին Շվեյկի պատմությունը, ցանկանում էր իր ուսապարկի մեջ ինչ-որ թան թաքցնել։— Այդ ի՞նչ ես անում այդտեղ։ Ա՜խ, Բալոուն, Բալոուն,— հանկարծ իր բարեկամին լրջորեն կշտամբեց Շվեյկը։— Ի՞նչ ես ուզում անել այդ հավի բուդը։ Հապա տեսեք, հավի բուդը մեզնից գողացել է, որ հետո առանց մեզ իր համար ճաշ եփի։ Հասկանո՞ւմ ես, Բալոուն, ինչ ես արել։ Գիտե՞ս թե բանակում ինչպես են պատժում այն զինվորին, որը ռազմաճակատում ընկերոջից բան է գողանում։ Կապում են թնդանոթի բերանին, և նա կարտեչի պես թռչում է։ Հիմա ախ ու վախ անելդ արդեն ուշ է։ Հենց որ ռազմաճակատում հրետանու հանդիպենք, կներկայանաս առաջին իսկ պատահած ենթասպային։ Իսկ առայժմ, որպես պատիժ, ստիպված պետք է լինես վարժություններ կատարել։ Վագոնից դո՛ւրս եկ։

Դժբախտ Բալոունը դուրս եկավ, իսկ Շվեյկը նստեց դռան առաջ, ոտքերը ցած կախեց և սկսեց հրամանարկել․

— Զգա՛ստ։ Ազա՛տ։ Զգաստ։ Աջ դարձ։ Հիմա զբաղվենք տեղում վարժություններ անելով։ Աջ դարձ։ Համա՜ թե, եղբա՛յր, կով եք դուք։ Ձեր կոտոշները պետք է գտնվեն այնտեղ, որտեղ առաջ ձեր աջ ուսն էր։ Թողնե՛լ։ Կիսադարձ դեպի աջ։ Ա՛յ, տեսնում ես, ջորի, արդեն կարողանում ես։ Կիսադարձ դեպի ձախ։ Հիմա՛ր, չգիտե՞ս շարքն ինչ է։ Ուղի՛ղ։ Հետ դարձ։ Չոքել մի ծնկան վրա։ Մե՛կ էլ պառկիր։ Նստի՛ր։ Կանգնի՛ր։ Նստի՛ր։ Մե՛կ էլ կանգնիր։ Ազա՛տ։ Տեսնո՞ւմ ես, Բալոուն, դա որքան օգտակար է։ Համենայն դեպս կերածդ լավ կմարսես։

Նրանց շուրջը զինվորներ էին հավաքվել և ուրախ ծիծաղում էին։

— Բարի եղեք մի կողմ քաշվել,— ձայն տվեց Շվեյկը,— մենք քայլավարժություն ենք կատարելու։ Տե՛ս հա, Բալոուն, ականջդ չորս արա, որ ստիպված չլինեմ քսան անգամ կրկնել։ Չեմ սիրում զինվորներին իզուր վազեցնել։ Ուրեմն, այսպես։ Ուղղությունը դեպի կայարան։ Ուշադրություն դարձրու, թե դեպի ուր են քեզ ցույց տալիս։ Քայլով մա՛րշ։ Ջոկ, կա՛նգ առ։ Կանգնի՛ր, գրողը տանի քեզ, քանի դեռ կարցեր չեմ նստեցրել։ Ջոկ, կա՛նգ առ։ Վերջապես, հիմա՛ր, ես քեզ կանգնեցրի։ Կա՛րճ քայլով։ Չգիտե՞ս կարճ քայլն ինչ է։ Ես քեզ, ախպերացու, այնպիսի կարճ քայլ ցույց տամ, որ անունդ մոռանաս։ Լրի՛վ քայլով։ Ոտքը փոխե՛լ։ Տեղո՛ւմ։ Գոմեշի մեկը գոմեշ։ Երբ հրամանարկում եմ «տեղում», պետք է տեղում դոփես։

Նրանց շուրջն հավաքվել էր առնվազն երկու վաշտ։ Բալոունը քրտնել և ոտքի վրա կանգնել չէր կարողանում։ Իսկ Շվեյկը շարունակում էր հրամանարկել.

― Համաքա՛յլ։ Ջոկ, հետ դարձ, մա՛րշ։ Ջոկ, կա՛նգ առ։ Վազելով մա՛րշ։ Ջոկ, մա՛րշ։ Քայլով մարշ։ Կա՛նգ առ։ Ազա՛տ։ Զգաստ։ Ուղղությունը դեպի կայարան։ Վազքով մա՛րշ։ Կանգ առ։ Հետ դա՛րձ։ Ուղղությունը դեպի վագոնը։ Վազքով մա՛րշ։ Կարճ քայլով։ Ջոկ, կանգ առ։ Ազատ։ Հիմա հանգստացիր, իսկ հետո նորից կսկսենք։ Մարդ որ ուզենա, կարող է ամեն ինչի հասնել։

— Ի՞նչ է կատարվում այստեղ,— հանկարծ գոռաց պոդպորուչիկ Դուբը, որ վազելով մոտեցել էր զինվորների բազմությանը։

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն պոդպորուչիկ, մենք մի թեթև քայլավարժություն էինք պարապում, որպեսզի շարքային վարժությունները չմոռանանք և թանկագին ժամանակն իզուր չվատնենք։

— Վագոնից ցած իջեք,— հրամայեց պոդպորոուչիկ Դուբը։— Բավական է։ Ինձ հետ գնանք գումարտակի հրամանատարի մոտ։

Այնպես պատահեց, որ այն պահին, երբ Շվեյկը մտավ շտաբի վագոնը, պորուչիկ Լուկաշը մյուս դռնից իջավ կառամատույց։

Պոդպորուչիկ Դուբը կապիտան Սագներին զեկուցեց քաջարի զինվոր Շվեյկի տարօրինակ, ինչպես նա արտահայտվեց, ժամանցի մասին։ Կապիտան Սագները շատ լավ տրամադրության մեջ էր, քանի որ «Հումպոլդսկիրհենը» հիրավի չափազանց լավն էր եղել։