Выбрать главу

— Ուրեմն, դուք չեք ուզում թանկագին ժամանակն իզուր վատնել,— ժպտաց նա բազմանշանակ։— Մատուշի՛չ, հապա այստեղ եկ։

Գումարտակի հանձնակատար Մատուշիչին նա հրամայեց կանչել տասներկուերորդ վաշտի ֆելդֆեբել, իր դաժանությամբ հայտնի Նասակլոյին և անհապաղ Շվեյկի համար մի հրացան բերել։

— Ահա այս զինվորը,— ասաց կապիտան Սագները ֆելդֆեբել Նասակլոյին,— չի ուզում թանկագին ժամանակն իզուր վատնել, նրան տարեք վագոնի հետևը և հետը հրացանի վարարկներ պարապեցեք։ Բայց ոչ հանգիստ տալ, ոչ դադար։ Սովորեցրեք կատարել առանձնապես երկու վարարկ, ըստ որում առանց դադարի Setzt ab, an, setzt ab![79]

— Ա՛յ կտեսնեք, Շվեյկ, չեք ձանձրանա,— խոստացավ նա հրաժեշտ տալիս։

Եվ արդեն մեկ րոպե հետո վագոնի հետևից հնչում էր կցկրտուր հրամանարկը, որ հանդիսավորապես տարածվում էր ուղեգծերի վրա։ Ֆելդֆեբել Նասակլոն, որին «քսանմեկ» խաղից կտրել էին հենց այն պահին, երբ ինքն էր բանկ դրել, աշխարհով մեկ բղավում էր. «Ոտքի՛դ։ Ուսի՛դ։ Ոտքի՛դ։ Ուսի՛դ»։

Մի ակնթարթ հրամանարկը լռեց, և լսվեց Շվեյկի գոհ ու խոհուն ձայնը.

― Այդ ամենը ես արդեն մի քանի տարի առաջ սովորել եմ իսկական զինվորական ծառայության մեջ։ «Ոտքիդ» հրամանարկից հետո հրացանը աջ ոտքի մոտ գտնվում է այնպիսի դիրքով, որ խզակոթի ծայրը կոշիկի քթի հետ ուղիղ գիծ կազմի։ Աջ ձեռքն ազատ ծալված է և այնպես է հրացանը բռնում, որ բութ մատը հենվում է փողին, իսկ մնացած մատները սեղմում են ագուստը։ Իսկ «ուսիդ» հրամանարկի ժամանակ հրացանը ազատ, փողը դեպի վեր, փոկով ազատ կախվում է ուսից, իսկ փողի բերանը փոքրինչ թեքված է դեպի հետ։

— Բավական է դուրս տաս,— հնչեց նորից ֆելդֆեբել Նասակլոյի ձայնը։— Զգաստ։ Աջ հավասարում։ Գրո՛ղը տանի, այդ ինչպե՞ս եք անում…

— Հրացանը «ուսիս» է, և «աջ հավասարում» հրամանարկի ժամանակ աջ ձեռքս փոկի վրայով սահում է ցած և բռնում ագուստի պարանոցը, իսկ գլուխս շրջում եմ դեպի աջ։ Իսկ «զգաստ» հրամանարկի ժամանակ աջ ձեռքով նորից բռնում եմ փոկը, իսկ գլուծս նայում է ուղիղ դեպի ձեզ։

Նորից հնչեց ֆելդֆեբելի ձայնը.

― Հորիզոնադի՛ր։ Ոտքի՛դ։ Հորիզոնադի՛ր։ Ուսի՛դ։ Սվինները հագցնե՛լ։ Սվինները հանե՛լ։ Սվինը պատյանի մեջ։ Դեպի աղո՛թք։ Հետ դառնալ աղոթքից։ Չոքել աղոթքի։ Հրացանը լցնել։ Կրա՛կ։ Կրակել դեպի կես աջ։ Ուղղությունը շտաբի վագոնը։ Հեռավորությունը երկուհարյուր քայլ։ Պատրաստ։ Նշան բռնել։ Կրա՛կ։ Ոտքի՛դ։ Նշան բռնել։ Ոտքի՛դ։ Կրա՛կ։ Նշան բռնել։ Կրա՛կ Ոտքի՛դ։ Նորմալ նշանոց։ Ազա՛տ։

Ֆելդֆեբելը սկսեց ծխախոտ փաթաթել։ Շվեյկն այդ միջոցին զննում էր հրացանի համարը և հանկարծ բացականչեց․

— 4268! Պեչկինում մի շոգեկառք այս համարն ուներ։ Այդ շոգեկառքը կանգնած էր տասնվեցերորդ գծի վրա։ Ուզում էին նորոգելու տանել Լիսայի դեպոն, բայց դա այնքան էլ հեշտ չէր, պարոն ֆելդֆեբել, որովհետև ավագ մեքենավարը, որին հանձնարարել էին շոգեկառքը քշել այնտեղ, թվերը շատ վատ էր հիշում։ Այն Ժամանակ ուղեմասի պետը նրան կանչեց իր գրասենյակը և ասաց. «Տասնվեցերորդ գծի վրա կանգնած է համար 4268 շոգեկառքը։ Ես գիտեմ, որ դուք թվերը վատ եք հիշում, իսկ եթե այդ համարը թղթի վրա գրեմ ու տամ ձեզ, ապա, մեկ է, այդ թուղթն էլ պիտի կորցնեք։ Եթե դուք թվերն այդքան վատ եք հիշում, ապա ուշադիր լսեցեք ինչ որ կասեմ։ Ես հիմա ձեզ կապացուցեմ, որ շատ հեշտ կարելի է մտքում պահել ամեն մի թիվ։ Ուրեմն, լսեցեք։ Այն շոգեկառքի համարը, որ պետք է տանել Լաբի Լիսայի դեպոն, 4268 է։ Առաջին թվանշանն է, 4, երկրորդը՝ 2։ Հիմա արդեն դուք հիշում եք 42֊ը, այսինքն երկու անգամ երկու կանի 4. դա առաջին թվանշանն է, որը երկուսի բաժանած՝ հավասար է երկուսի, և իրար կողքի ստացվում է 4 և 2։ Հիմա չվախենաք։ Ինչքա՞ն կանի երկու անգամ չորսը։ Ութ, ճի՞շտ է։ Ուրեմն, հիշեցեք, որ 4268 համարի ութնոցն ըստ հերթականության կլինի վերջին թվանաշանը։ Այն բանից հետո, երբ դուք ձեր միտը պահեցիք, որ առաջին թվանշանն է 4, երկրորդը՝ 2, չորորդը՝ 8, հարկավոր է մի կերպ հիշել այն վեցնոցը, որ գտնվում է 8-ից առաջ, իսկ դա շատ հեշտ է անել։ Առաջին թվանշանն է 4, երկրորդը՝ 2, իսկ չորսին գումարած երկու հավասար է վեցի։ Հիմա դուք արդեն հաստատ գիտեք, որ վերջից հաշված երկրորդ թվանշանը կլինի 6։ Եվ դրանից հետո թվանշանների այդ հերթականությունը այլևս երբեք չեք մոռանա։ Ձեր հիշողության մեջ ամրապնդվեց 4268 համարը։ Բայց դուք այդ բանին կարող եք հասնել ավելի հեշտ ձևով»։

Ֆելդֆեբելը դադարեց ծխեր աչքերը չռեց Շվեյկի վրա և միայն թոնթորաց.

— Kappe ab![80]

Շվեյկը միանգամայն լրջորեն շարունակեց.

— Եվ նա սկսեց բացատրել շոգեկառքի 4268 համարն ավելի հեշտ մտաբերելու հնարը։ «Ութից հանած երկու կլինի վեց։ Հիմա դուք արդեն գիտեք 68֊ը, իսկ վեցից հանած երկու կլինի չորս, հիմա էլ դիտեք 4֊ը և 68֊ը, և եթե այստեղ դնեք այդ 2֊ը, ապա այդ բոլորը կանի 4 — 2 — 6 ― 8։ Այնքան էլ դժվար չէ այդ բանն անել նաև այլ կերպ, բազմապատկման և բաժանման միջոցով։ Մենք կհանգենք միևնույն արդյունքին։ Մտներդ պահեցեք,— ասաց ուղեմասի պետը,— որ երկու անգամ քառասուներկուսը հավասար է ութսունչորսի։ Տարին ունի տասներկու ամիս։ Հիմա ութսունչորսից հանեցեք տասներկու՝ կմնա յոթանասուներկու, հանեցեք այդ թվից դարձյալ տասներկու ամիս՝ կմնա վաթսուն։ Եվ այդպես, մենք ունենք մի որոշակի վեցնոց։ Իսկ զրոն ջնջում ենք։ Հիմա մենք արդեն ունենք 42 — 68 — 4։ Ջնջում ենք զրոն, ջնջում ենք նաև հետևի չորսը, և, ահա, հեշտությամբ նորից ստանում 4268, այսինքն այն շոգեկառքի համարը, որ պետք է ուղարկել Լիսայի դեպոն։ Բաժանման միջոցով էլ, ինչպես արդեն ասացի, դա շատ հեշտ է։ Հաշվում ենք կոիֆիցենտը ըստ մաքսային տարիֆի․․․»։ Դուք ձեզ վա՞տ եք զգում, պարոն ֆելդֆեբել։ Եթե կուզեք, կսկսեմ կատարել, օրինակ, «General de charge! Fertig! Hoch an! Feuer!»[81] Գրո՛ղը տանի, պարոն կապիտանը մեզ չպետք է ուղարկեր արևի տակ պարապելու։ Վազեմ պատգարակ բերեմ։