Выбрать главу

Եկավ բժիշկը և հավաստեց, թե առկա է կա՛մ արևահարություն, կա՛մ ուղեղի թաղանթի սուր բորբոքում։

Երբ ֆելդֆեբելը ուշքի եկավ, նրա կողքին կանգնած էր Շվեյկը և ասում էր.

— Հա՛, խոսքս կիսատ մնաց… Դուք կարծում եք, պարոն ֆելդֆեբել, մեքենավարը միտը պահե՞ց։ Թվերն իրար խառնեց և բոլորը բազմապատկեց երեքով, քանի որ միտն էր ընկել սուրբ երրորդությունը։ Շոգեկառքն, իհարկե, նա չգտավ։ Եվ այդպես էլ այդ շոգեկառքը մինչև հիմա կանգնած է տասնվեցերորդ գծի վրա։

Ֆելդֆեբելը նորից աչքերը փակեց։

Վերադառնալով իր վագոնը, Շվեյկն իրեն ուղղված այն հարցին, թե այդքան ժամանակ որտեղ էր, պատասխանեց. «Ով ուրիշին սովորեցնում է «վազքով մարշ», նա ինքը հարյուր անգամ կատարում է «ուսի՛դ» հրամանարկը։

Վագոնի մի անկյունում վախից դողում էր Բալոունը, որն այն ժամանակ, երբ հավի մի մասն արդեն եփվել էր, լափել էր Շվեյկի բաժնի կեսը։

Մեկնումից քիչ առաջ էշելոնին հասավ մի զինվորական խառն գնացք, որ կազմված էր տարբեր զորամասերից։ Դրանք ուշացած կամ հոսպիտալներից դուրս եկած և իրենց զորամասերը փնտրող զինվորներ էին, ինչպես նաև գործուղումներից վերադարձող կամ կալանքից ազատված ամեն տեսակ կասկածելի անձնավորություններ։

Այդ գնացքից ցած իջավ Մարեկը, որ դատվել էր որպես խռովարար, քանի որ մի ժամանակ չէր ցանկացել ոտացճանապարհները մաքրել։ Սակայն դիվիզիական դատարանը նրան ազատել էր։ Նրա գործի հետաքննությունը կարճվել էր, այդ իսկ պատճառով հոժարական Մարեկը հայտնվեց շտաբի վագոնում՝ գումարտակի հրամանատարին ներկայանալու։ Հոժարականը մինչև հիմա ոչ մի զորամասի կցված չէր, որովհետև նրան շարունակ բանտից բանտ էին տեղափոխել։

Երբ կապիտան Սագները հոժարականին տեսավ և նրանից ընդունեց «Politisch verdächtig! Vorsicht»![82] գաղտնի նշումը կրող թղթերը, մեծ բավականություն չզգաց։ Բարեբախտաբար, նա հիշեց «ոտացճանապարհների գեներալին», որն այնքան զվարճալի կերպով հանձնարարել էր գումարտակի անձնակազմը համալրել մի պատմաբանով։

— Դուք շատ անփույթ մարդ եք, հոժարակա՛ն,— ասաց կապիտանը։— հոժարականների զորամասում դուք իսկական պատուհաս եք եղել։ Փոխանակ ջանալու աչքի ընկնել և ձեր կրթությանը համապատասխան աստիճան ստանալ, դուք բանտից բանտ եք ճանապարհորդել։ Դուք խայտառակում եք ձեր գունդը, հոժարակա՛ն։ Բայց դուք կարող եք ձեր զանցանքները քավել, եթե հետագայում ձեր պարտականությունները բարեխղճորեն կատարեք և օրինակելի զինվոր դառնաք։ Ամբողջովին նվիրվեցեք գումարտակին։ Մենք ձեզ կփորձենք։ Դուք ինտելիգենտ երիտասարդ եք, անշուշտ գրելու ձիրք և լավ ոճ կունենաք։ Ահա թե ինչ կասեմ հիմա ես ձեզ։ Ամեն մի գումարտակ ռազմաճակատում կարիք ունի մի այնպիսի մարդու, որը ժամանակագրական կարգով գրի առնի այն ռազմական դեպքերը, որ անմիջականորեն վերաբերվում են գումարտակին և պատերազմական գործողությունների մեջ նրա ունեցած մասնակցությանը։ Անհրաժեշտ է նկարագրել բոլոր հաղթական արշավները, այն բոլոր նշանավոր դեպքերը, որոնց գումարտակը մասնակցել է և որոնց ժամանակ առաջատար կամ նկատելի դեր է կատարել, անհրաժեշտ նյութեր նախապատրաստել բանակի պատմության համար։ Դուք ինձ հասկանո՞ւմ եք։

— Ճիշտ այդպես, պարոն կապիտան։ Դուք նկատի ունեք, որքան ես հասկանում եմ, բոլոր զորամասերի կյանքից առնված մարտական էպիզոդները։ Գումարտակն ունի իր պատմությունը։ Գունդն իր գումարտակների պատմության հիման վրա կազմում է գնդի պատմությունը։ Գնդերի պատմության հիման վրա կազմվում է դիվիզիայի պատմությունը և այլն… Ես այդ գործին կնվիրեմ, պարոն կապիտան, իմ ողջ ունակությունը։

Հոժարական Մարեկը ձեռքը դրեց սրտին․

— Ես անկեղծ սիրով կնշեմ մեր գումարտակի բոլոր փառապանծ գործերի թվականները, մանավանդ հիմա, երբ հարձակման ամենաթեժ ժամանակն է և երբ օրը օրին պետք է համառ մարտեր սպասել, որոնց ընթացքում մեր գումարտակը իր հերոս որդիների դիակներով կծածկի ռազմի դաշտը։ Գիտակցելով գործի ամբողջ լրջությունը, ես կգրեմ գալիք դեպքերի ընթացքը, որպեսզի մեր գումարտակի պատմության էջերը լցված լինեն հաղթանակներով։

— Դուք, հոժարական, կցվում եք գումարտակի շտաբին։ Զեզ վրա պարտավորություն եմ դնում հիշատակել պարգևատրման ներկայացվածներին, նշել, իհարկե, համաձայն մեր ցուցումների, այն արշավները, որոնց մեջ դրսևորվել են գումարտակի բացառիկ մարտունակությունը և երկաթյա կարգապահությունը։ Դա այնքան էլ հեշտ չէ, հոժարակա՛ն, բայց հուսով եմ, որ դուք բավականաչափ դիտողականություն ունեք և, ինձնից որոշ դիրեկտիվներ ստանալով, մեր գումարտակին առանձնակի տեղ կհատկացնեք մյուս զորամասերի մեջ։ Ես գնդին հեռագիր եմ ուղարկում ձեզ գումարտակի պատմաբան նշանակելու մասին։ Ներկայացեք երկրորդ վաշտի ավագ գրագիր Վանեկին և ասացեք, որ ձեզ տեղավորի իր վագոնում։ Այնտեղ բավական շատ տեղ կա։ Վանեկին հայտնեցեք, որ ես նրան սպասում եմ։ Եվ այսպես, դուք ծառայության կընդունվեք գումարտակի շտաբում։ Դա հրամանով կձևակերպվի։