* * *
Խոհարար֊օկուլտիստը քնած էր, իսկ Բալոունն անդադար դողում էր, քանզի արդեն բացել էր պորուչիկի սարդինների տուփը։ Ավագ գրագիր Վանեկը գնացել էր կապիտան Սագների մոտ, իսկ հեռախոսավար Խոդոունսկին կայարանում մի շիշ գիհօղի էր ճարել ու խմել և հիմա զգացված երգում էր.
Մինչ հաճույք էի վայելում կյանքում,
Դյութիչ էր թվում աշխարհն իմ աչքին.
Դու սրտիս հավատ էիր ներարկում,
Եվ հոգիս լի էր սիրով խնդագին։
Բայց երբ թշվառս իմացա հանկարծ,
Որ կյանքը նենգ է, նենգ ու չարակամ,
Ե՛վ սեր, և՛ հավատ չքացան անդարձ,
Եվ հեկեկացի առաջին անգամ։
Հետո նա վեր կացավ, մոտեցավ ավագ գրագիր Վանեկի սեղանին և մի թդթի կտորի վրա խոշոր տառերով գրեց. «Սույնով խոնարհաբար խնդրում եմ ինձ նշանակել գումարտակի փողահար: Հեռախոսավար Խոդոունսկի»։
Կապիտան Սագների և ավագ գրագիր Վանեկի խոսակցությունր կարճ տևեց։ Կապիտանը նրան միայն նախազգուշացրեց, որ գումարտակի պատմագիր հոժարարական Մարեկը ժամանակավորապես Շվեյկի հետ գտնվելու է նույն վագոնում։
— Ես կարող եմ ձեզ միայն մի բան ասել։ Մարեկը, ես կասեի, կասկածելի, քաղաքականապես անբարեհույս մարդ է։ Աստվա՛ծ իմ։ Ներկայումս դրանում զարմանալու բան չկա։ Ո՞ւմ մասին այդ բանը չեն ասում։ Բայց դա միմիայն ենթադրություն է։ Կարծեմ ինձ հասկանում եք, ճի՞շտ է։ Ես ձեզ միայն նախազգուշացնում եմ, որ եթե նա սկսի որևէ այնպիսի խոսակցություն… Հասկանո՞ւմ եք, ձեռաց խոսքը կտրեցեք, որպեսզի որևէ գլխացավանքի մեջ չընկնեմ։ Ուղղակի ասացեք, որ այլևս դուրս չտա, և վերջ։ Դա չի նշանակում, իհարկե, թե պետք է իսկույն վազել ինձ մոտ։ Հետը խոսեցեք բարեկամաբար։ Այդպես խոսելն ավելի լավ է, քան տխմար ամբաստանությունները։ Մի խոսքով, ես ոչինչ չեմ ուզում լսել, որովհետև… Հասկանո՞ւմ եք։ Այդպիսի բաները ստվեր են գցում ամբողջ գումարտակի վրա:
Վերադառնալուվ իր վագոնը, Վանեկը հոժարական Մարեկին մի կողմ տարավ և ասաց.
— Լսեցեք, դուք կասկածի տա՞կ եք։ Ասենք, դա կարևոր չէ: Միայն թե հեռախոսավար Խոդոունսկու ներկայությամբ ավելորդ բաներ չխոսեք։
Հազիվ էր նա խոսքը վերջացրել, երբ Խոդոունսկին մոտեցավ ավագ գրագրին և նրա գիրկն ընկավ ու սկսեց հեծեծալ։ Հարբածի այդ հեծեծանքները պետք է նշանակեին հետևյալ երգը․
Մեն ու միայնակ, բոլորից լքված,
Սիրտս մի անհույս տխրությամբ լցված,
Ես արցունք էի թափում դառնագին
Իմ սիրած կույսի քնքշալի կրծքին։
Եվ մի երկնային սիրով անվախճան
Աչքերն իր ժպտում, հույս էին տալիս,
Շշնջում էին շուրթերն իր մարջան.
— Քե՛զ հետ եմ ես միշտ, քե՛զ հետ, սիրելիս։
— Քեզ հետ եմ ես միշտ,— բոռում էր Խոդոունսկին,— ինչ որ հեռախոսով լսեմ, իսկույն ձեզ կպատմեմ։ Թքել եմ երդումի վրա։
Բալոունը անկյունում սարսափահար երեսր խաչակնքում ու բարձրաձայն աղոթում էր․
— Սո՛ւրբ աստվածածին, մի մերժիր պաղատանքն իմ, այլ ողորմածաբար ականջ դիր ինձ։ Սփոփիր ինձ, ո՛վ գթառատ կույս։ Օգնի՛ր ինձ, տարաբախտիս։ Դիմում եմ քեզ հավատով վառ, հույսով հաստատ և սիրով ջերմագին։ Դիմում եմ քեզ վշտի հովտից իմ, երկնային թագուհի․ պաշտպան կանգնիր ինձ, որպեսզի ողորմությամբ աստծո մինչև կյանքիս վերջը մնամ հովանուդ ներքո։
Եվ օրհնյալ Մարիամ կույսը իրոք որ միջնորդեց նրա համար, քանի որ հոժարականը իր շատ բան տեսած երթային տոպրակից մի քանի տուփ սարդին հանեց և տվեց յուրաքանչյուրին մի տուփ։
Բալոունը խիզախաբար բացեց պորուչիկ Լուկաշի ճամպրուկը և երկնքից ընկած սարդինը դրեց մեջը։
Բայց երբ բոլորը տուփերը բացեցին և սկսեցին բավականությամբ ուտել, Բալոունը գայթակղության ենթարկվեց, բացեց ճամպրուկը, այնուհետև՝ տուփը, և սարդիններն ագահաբար կուլ տվեց։
Եվ այդ ժամանակ օրհնյալ ու քաղցրիկ կույս Մարիամը նրանից երես դարձրեց։ Հազիվ էր Բալոունը տուփի միջի յուղը խմել-պրծել, երբ գումարտակի հանձնակատար Մատուշիչը վազելով մոտեցավ վագոնին և բղավեց․
— Բալոուն, շուտ օբեր֊լեյտենանտիդ սարդին տար։
— Ապտակներ են շրխկալու,— ասաց գրագիր Վանեկը։
— Ավելի լավ կլինի դատարկ ձեռքով չգնաս,— խորհուրդ տվեց Շվեյկը,— գոնե այս հինգ դատարկ տուփերը հետդ տար։
— Ի՞նչ մեղք եք գործել, ինչո՞ւ է աստված ձեզ այդպես պատժում,― կարեկցաբար հարցրեց հոժարականը։— Անցյալում դուք, անշուշտ, մեծ մեղք եք գործել։ Հո սրբապղծություն չե՞ք արել։ Չլինի թե ձեր ծխական քահանայից գողացել եք վառարանի ծխնելույզի մեջ ծխահարվող խոզի բուդը։ Գուցե մտել եք նրա նկուղն ու խմել եկեղեցապատկան գինին։ Կամ գուցե երեխա ժամանակ մտել եք նրա պարտեզը տանձ գողանալու։