Բալոունը վհատված թափահարեց թևերը։ Նրա դեմքը կատարյալ հուսահատություն էր արտահայտում։ Այդ հալածված մարդու սրտակեղեք տեսքը կարծես ասում էր․ «Ե՞րբ պիտի տառապանքներս վերջ ունենան»։
— Հասկանում եմ,— ասաց հոժարականը, կարծես լսելով դժբախտ Բալոունի ողբը,— դուք կտրել եք ձեր կապն աստծո հետ։ Չեք կարողանում աստծուն պաղատել, որ ձեզ այս աշխարհից ավելի շուտ տանի։
Շվեյկն ավելացրեց.
— Բալոունը մինչև հիմա սիրտ չի անում զինվորի իր կյանքը, զինվորի իր համոզմունքները, խոսքերը, արարքները և զինվորի իր մահը վերահանձնարարել «ամենաբարձրյալ աստծո մայրական սրտի ողորմությանը», ինչպես ասում էր իմ ֆելդկուրատ Կացը, երբ թունդ հարբում էր և փողոցում որևէ զինվորի բռնացնում։
Բալոունն սկսեց նվնվալ, թե այլևս տեր աստծուն չի վստահում։ Արդեն քանի՜ անգամ աստծուն աղոթել է, որ իրեն դիմանալու կարողություն տա և մի կերպ ստամոքսը ձգի-փոքրացնի։
— Դա հո պատերազմի ժամանակվանից չի սկսվել։ Շատակերությունը իմ վաղուցվա հիվանդությունն է,— գանգատվում էր նա։— Այդ հիվանդության պատճառով կնիկս երեխաներիս հետ ուխտի էր գնում Կլոկոտի։
— Իմանում եմ,— գլխով արեց Շվեյկը,— դա Թաբորի մոտ է։ Այնտեղ մի հարուստ կույս Մարիամ կա, վրան կեղծ բրիլյանտներ․․․ Մի անգամ նրան կողոպտել էր ուզում եկեղեցու պահակը, որը չգիտեմ Սլովակիայի որ տեղից էր եկել։ Շատ աստվածավախ մարդ էր։ Եկել էր Կլոկոտի և միտք արել, թե այդ գործն ավելի լավ կգնա, եթե ինքը նախապես սրբվի իր բոլոր հին մեղքերից, և խոստովանության ժամանակ այն էլ էր խոստովանել, թե ուզում է հաջորդ օրը կույս Մարիամին կողոպտել։ Բայց դեռ աչքը չէր թարթել, դեռ չէր հասցրել երեքհարյուր անգամ կրկնել «Հայր մեր»-ը,— պան քահանան այդպիսի ապաշխարանք էր դրել նրա վրա, որպեսզի չկարողանար փախչել,— երբ եկեղեցու պահակները նրան բռնել-տարել էին ժանդարմական բաժանմունք։
Խոհարար-օկուլտիստն սկսեց հեռախոսավար Խոդոունսկու հետ վիճել, թե արդյոք դա խոստովանության գաղտնիքի աղաղակող խախտո՞ւմ է և թե առհասարակ արժե՞ր այդ մասին աղմուկ բարձրացնել, քանի որ բրիլյանտները կեղծ են եղել։ Ի վերջո նա Խոդոունսկուն ապացուցեց, որ դա եղել է պատիժ, այսինքն ճակատագիրն այդպես է կանխորոշել այն անհիշելի անցյալում, երբ սլովակացի դժբախտ պահակը որևէ այլ մոլորակի վրա դեռևս գլխոտանի է եղել։ Ճիշտ այդպես էլ, արդեն վաղուց, երբ Կլոկոտիի քահանան դեռևս եքիդնա կամ որևէ այլ պարկավոր, ներկայումս արդեն ոչնչացած կաթնասուն կենդանի է եղել, բախտը կանխորոշել է, որ նա պետք է խախտի խոստովանության գաղտնիքը, թեև իրավաբանական տեսակետից, ըստ կանոնական իրավունքի, մեղքերին թողություն տրվում է նույնիսկ այն դեպքում, երբ մեղսավորը փորձել է յուրացնել վանքապատկան գույքը։
Այդ ամենին Շվեյկն ավելացրեց հետևյալ իմաստուն դիտողությունը.
— Դե, իհարկե։ Ոչ ոք չգիտե, թե ինքը միլիոնավոր տարիներ հետո ի՞նչ է անելու, դրա համար էլ ոչ մի բանից չպիտի հրաժարվեր։ Երբ մենք Կառլինում ծառայում էինք պահեստայինների լրացուցիչ զորամասում, օբեր֊լեյտենանտ Կվանսնիչկան պարապմունքի ժամանակ միշտ ասում էր.
— Դուք չկարծեք, ծո՛ւյլ կովեր, մաջարակա՛ն կրտած խոզեր, թե ձեր զինվորական ծառայությունն այս աշխարհում կվերջանա։ Մենք կհանդիպենք մեր մահից հետո էլ, և ես ձեր գլխին այնպիսի քավարան կսարքեմ, որ գժվեք, խոզի ծնունդներ։
Այդ միջոցին բոլորովին հուսահատված Բալոունը, կարծելով, թե միայն իր մասին են խոսում, շարունակեց իր հրապարակային խոստովանությունը. «Նույնիսկ Կլոկոտին չօգնեց, որ շատակերությունիցս ազատվեմ։ Կնիկս երեխաների հետ վերադառնում էր ուխտից, սկսում հավերը հաշվել, և մեկը կամ երկուսը պակաս էր լինում։ Չէի կարողանում ինձ զսպել։ Ես հո լավ գիտեմ, որ հավը տնտեսության համար հարկավոր բան է, բայց հենց որ դուրս էի գալիս բակ, նայում նրանց, փորիս մեջ անդունդ էր բացվում։ Մի ժամ հետո ես ինձ լավ էի զգում, բայց հավը չկար։ Մի անգամ մերոնք Կլոկոտիում աղոթում էին, որ ես, նրանց ապին, տանը նորից որևէ բան չլափեմ ու տնտեսությանը վնաս չտամ։ Ես ման էի գալիս բակում, և հանկարծ աչքիս մի հնդկահավ ընկավ։ Այս անգամ քիչ էր մնում գործը կյանքիս գնով վերջանար։ Բդի ոսկորը բկումս մնաց, և եթե ես ջաղացում մի աշակերտ չունենայի, բոլորովին պստլիկ մի տղա,— ոսկորը նա քաշեց֊հանեց,— այսօր ձեզ հետ այստեղ նստած չէի լինի և այս համաշխարհային պատերազմն էլ չէի տեսնի։ Այդ իմ պստլիկ աշակերտն այնպե՜ս ժիր էր, այնպե՜ս թմբլիկ, տռուզ, հաստլիկ ու չաղլիկ․․․»։
Շվեյկը մոտեցավ Բալոունին․
— Լեզուդ ցույց տուր։
Բալոունը լեզուն հանեց, որից հետո Շվեյկը դիմեց ներկաներին.
— Այդպես էլ գիտեի։ Նա իր աշակերտին լափել է։ Խոստովանիր, լափե՞լ ես։ Երբ ձերոնք նորից գնացած են եղել Կլոկոտի, ճի՞շտ է։
Վհատված Բալոունը աղոթողի պես թևերը խաչեց ու գոչեց․
— Թողեք ինձ, եղբայրնե՛ր։ Մարդ էլ իր ընկերներից այդպիսի բաներ լսի՞։
— Մենք դրա համար ձեզ չենք մեղադրում,— ասաց հոժարականը։— Ընդհակառակը, դա ցույց է տալիս, որ ձեզնից լավ զինվոր դուրս կգա։ Երբ Նապոլեոնի պատերազմների ժամանակ ֆրանսիացիները պաշարել էին Մադրիդը, քաղաքի իսպանացի պարետը, սովից բերդը հանձնաձ չլինելու համար, առանց աղի կերել է իր համհարզին։ Դա իրոք որ զոհողություն է, քանի որ աղած համհարզն, անշուշտ, ավելի համեղ կլիներ։ Պարո՛ն ավագ գրագիր, մեր գումարտակի համհարզի ազգանունն ի՞նչ է։ Ցիգլե՞ր։ Ոչ, նա շատ նիհար է։ Այդպիսի համհարզով մարդ չի կարող նույնիսկ մի երթային վաշտ կերակրել։