— Տեսե՛ք,— ասաց ավագ գրագիր Վանեկը,— Բալոունի ձեռքին տերողորմյա կա։
Եվ իսկապես, Բալոունը իր մեծ վշտից փրկվել էր ուզում Կլոկոտիից բերված և Վիեննայի «Մորից-Լևենշտայն» ֆիրմայի արտադրած տերողորմյայի հատիկների օգնությամբ։
— Սա էլ է Կլոկոտիից,— տխուր զեկուցեց Բալոունը,— մինչև սա կբերեին, մեր սագի ճտերից երկուսը ևս եղան։ Համա՜ թե միս էր, համե՜ղ, ու կակո՜ւղ։
Շուտով ամբողջ էշելոնին հրաման եկավ քառորդ ժամից մեկնել։ Բայց ոչ ոք հրամանին չհավատաց, և այնպես եղավ, որ, չնայած բոլոր նախազգուշություններին, ոմանք գնացքից ուշացան։ Երբ գնացքը շարժվեց, պակասում էր տասնութ մարդ, այդ թվում և տասներկուերորդ երթային վաշտի դասակի հրամանատր Նասակլոն։ Գնացքն արդեն վաղուց էր թաքնվել Իշատարլայի այն կողմում, իսկ դասակի հրամանատարը կայարանի հետևում գտնվող ակացիաների պուրակում դեռ սակարկում էր մի պոռնիկի հետ, որը նրանից հինգ կրոն էր պահանջում, մինչդեռ նա արդեն կատարված ծառայության համար նրան առաջարկում էր մեկ կրոն կամ մի քանի ապտակ։
Ի վերջո Նասակլոն պոռնիկի հետ հաշիվը փակեց այնպիսի զորեղ ապտակներով, որ նրա վայնասունի վրա մարդիկ կայարանից վազ տվին այնտեղ։
Խատվանից դեպի Գալիցիայի սահմանը
Լաբորեցի ամբողջ ճանապարհին գումարտակում,— որը դեռ ոտքով պետք է հասներ հաղթանակների դաշտը և այնտեղ փառք նվաճեր,— չէին դադարում այն տարօրինակ խոսակցությունները, որոնցից այս կամ այն չափով պետական դավաճանության հոտ էր փչում: Այդպես էր և այն վագոնում, որտեղ գտնվում էին հոժարականն ու Շվեյկը․ նույնը, թեպետ և փոքր մասշտաբներով, տեղի էր ունենամ ամենուրեք։ Նույնիսկ շտաբի վագոնում դժգոհություն էր տիրում, քանի որ Ֆյուզեշաբոնում գնդից մի հրաման էր ստացվել, որի համաձայն սպաների գինու օրաբաժինը մեկութերորդական լիտրով պակասեցվում էր։ Իհարկե, չէին մոռացել և շարքայիններին, որոնց սագոյի օրաբաժինը կրճատվում էր տասը գրամով։ Դա առավել ևս հանելուկային էր, քանի որ զինվորական ծառայության մեջ ոչ ոք սագոյի երես չէր տեսել։
Այնուամենայնիվ հրամանը պետք է հայտնվեր ի գիտություն ավագ գրագիր Բաումտանցելի։ Իսկ նա սաստիկ վիրավորվեց և իրենց կողոպտված զգաց, քանի որ, ինչպես ինքն էր ասում, հիմա սագոն դեֆիցիտային ապրանք է, և նա կարող էր ամեն մի կիլոյի համար ստանալ ութ կրոնից ոչ պակաս։
Ֆյուզեշաբոնում պարզվեց, որ վաշտերից մեկի դաշտային խոհանոցը կորել է, մինչդեռ հենց այդ կայարանում պետք է եփեին, վերջապես, այն կարտոֆիլով գուլյաշը, որի վրա «ոտացճանապարհների գեներալն» այնպիսի հույսեր էր դրել։
Կատարված հետաքննության շնորհիվ պարզեցին, որ չարաբաստիկ դաշտային խոհանոցն առհասարակ Բրուկից դուրս չի եկել և, հավանաբար, մինչև հիմա լքված ու մոռացված, կանգնած է այնտեղ, երևի № 186 բարաքի հետևում։
Ինչպես հետագայում պարզվեց, այդ դաշտային խոհանոցի անձնակազմը նախորդ օրը քաղաքում սարքած տուրուդմփոցի համար հաուպտվախտ էր նստել և կարողացել այնտեղ մնալ այն ամբողջ ժամանակաընթացքում, երբ նրա երթային վաշտն անցնում էր Հունգարիայով։
Առանց խոհանոցի մնացած երթային վաշտը կցեցին մի այլ դաշտային խոհանոցի։ Ճիշտ է, այստեղ գործն առանց աղմուկի չվերջացավ, որովհետև կարտոֆիլ մաքրելու համար երկու վաշտերից առնձնացված զինվորների միջև սկսեցին տարաձայնություններ ծագել, թե՛ սրանք և թե՛ նրանք ասում էին, որ իրենք ապուշներ չեն և ուրիշների համար չեն աշխատի։ Մինչ նրանք վիճում էին, վերջապես պարզվեց, որ առհասարակ գուլյաշի և կարտոֆիլի հետ կապված այդ ամբողջ պատմությունը մի ճարպիկ մանևր էր, որի նպատակն էր զինվորներին վարժեցնել այն բանին, որ երբ առաջավոր գծում գուլյաշ եփեին և այդ ժամանակ ստացվեր «նահանջե՛լ հրամանը, գուլյաշը կաթսաներից թափեին և նրանց բերանը բան չընկներ։
Թեև այդ նախապատրաստությունը հետագայում ողբերգական հետևանքներ չունեցավ, տվյալ պահին շատ օգտակար էր։ Հիմա, երբ բանը հասավ գուլյաշը բաժանելուն, հնչեց «մտնել վագոննե՛րը» հրամանը, և էշելոնը քշեցին առաջ, դեպի Միշկոլց։ Բայց Միշկոլցում էլ գուլյաշը չբաժանեցին, քանի որ մյուս գծի վրա կանգնած էր ռուս գերիների գնացքը, որի պաաճառով զինվորներին թույլ չէին տալիս վագոններից դուրս գալ։ Դրա փոխարեն նրանց կատարյալ ազատություն տվին երազելու, թե գուլյաշը կբաժանեն Գալիցիա հասնելուց հետո, երբ, իհարկե, գուլյաշը կհամարեն փչացած, ուտելու ոչ պիտանի, և կթափեն։ Գուլյաշն ուղարկեցին Տիսալյոկ, Զամբոր և, երբ զինվորները բոլորովին հույսները կտրել էին, թե ճաշ կստանան, գնացքը կանգ առավ Շատորալյաուխեում, որտեղ կաթսաների տակ նորից կրակ վառեցին, գուլյաշը տաքացրին և, վերջապես, բաժանեցին։
Կայարանը ծանրաբեռնված էր։ Նախ պետք է ճանապարհեին ռազմամթերքի երկու գնացք, ապա հրետանու երկու էշելոն և պոնտոնային ջոկատների մի գնացք։ Այստեղ կուտակվել էին, կարելի է ասել, բանակի ամեն տեսակ զորամասերի գնացքներ։