Выбрать главу

Կայարանի շենքի հետևում հոնվեդ-հուսարները բռնել էին երկու լեհական հրեաների, ձեռքներից խլել օղու շշերով լի զամբյուղը, և, կատարները տաքացրած, վճարելու փոխարեն նրանց դեմքներին հարվածներ էին հասցնում։ Նրանք այդ բանն անում էին, ըստ երևույթին, պետերի թույլտվությամբ, քանի որ կողքներին կանգնած էր իրենց ռոտմիստրը, որն այդ տեսարանին նայելով՝ գոհ ժպտում էր։ Այդ նույն պահին պահեստի հետևում ուրիշ հոնվեդ-հուսարներ մտնում էին ծեծված հրեաների սևաչյա դուստրերի շրջազգեստների տակ։

Կայարանում կանգնած էր նաև մի գնացք, որով ինքնաթիռներ էին տանում ռազմաճակատ։ Դրա կողքին, երկրորդ գծի վրա, հակառակ ուղղությամբ կանգնած էր մի ուրիշ գնացք, որը նույնպես բեռնված էր ինքնաթիռներով ու հրանոթներով, որոնք, սակայն, արդեն շարքից դուրս էին եկած։ Այստեղ կիտված էին խփված ինքնաթիռներ ու ջարդուխուրդ եղած հաուբիցներ։ Ամենայն նորն ու ամուրը գնում էր այնտեղ ռազմաճակատ, իսկ երբեմնի փառքի մնացորդներն ուղարկվում էին թիկունք՝ նորոգելու և վերակառուցելու։

Պոդպորուչիկ Դուբը ջարդված հրանոթների և ինքնաթիռների շուրջն հավաքված զինվորներին համոզում էր, թե դա ռազմավար է։ Բայց հանկարծ նա նկատեց, որ իրենից քիչ հեռու, մի ուրիշ խմբի կենտրոնում, կանգնած է Շվեյկը և նույնպես ինչ-որ բան է բացատրում։ Մոտ գնալով, նա լսեց Շվեյկի խոհուն ձայնը․

― Ինչ ասել կուզե, դա ռազմավար է։ Դեհ, իհարկե, առաջին հայացքից դա կասկածելի է, մանավանդ երբ լաֆետի վրա մարդ կարդում է «k․ u․ k․ Artilleriedivision»[83]։ Ըստ երևույթին բանն այսպես է եղել․ թնդանոթն ընկել է ռուսների ձեռքը, և մենք ստիպված ենք եղել հետ խլել, իսկ այդպիսի ռազմավարը շատ ավելի արժեքավոր է, որովհետև․․․ Որովհետև,— խանդավառված գոչեց նա, նկատելով պոդպորուչիկ Դուբին,— թշնամու ձեռքին ոչինչ չպետք է թողնել։ Ձեզ օրինակ Պերեմիշլը կամ այն զինվորի վարմունքը, որի ձեռից կռվի ժամանակ թշնամին խլել է երթային տափաշիշը։ Դա տեղի է ունեցել դեռևս Նապոլեոնի պատերազմների ժամանակ։ Այդ զինվորը գիշերը գնացել-մտել է թշնամու ճամբարը և իր տափաշիշը հետ բերել։ Եվ դեռ մի բան էլ շահել է, քանի որ այդ գիշեր թշնամու բանակում օղի էին տալիս։

Պոդպորուչիկ Դուբը ֆշշացրեց միայն․

— Ռա՛դ եղեք։ Մեկ էլ ձեզ այստեղ չտեսնեմ։

— Լսում եմ, պարո՛ն լեյտենանտ։— Եվ Շվեյկը դիմեց դեպի մյուս վագոնները, իր խոսքին ավելացնելով այնպիսի բառեր, որ եթե պոդպորուչիկ Դուբը լսեր՝ համբերությունից դուրս կգար, թեև նրա ասածը Աստվածաշնչից քաղված միանգամայն անմեղ մի ասույթ էր․

— Մի կարճ ժամանակ դուք ինձ չեք տեսնի։

Պոդպորուչիկ Դուբն այնքան հիմար էր, որ Շվեյկի գնալուց հետո նորից զինվորների ուշադրությունը հրավիրեց ավստրիական խփված ինքնաթիռի վրա, որի մետաղե անիվի վրա պարզորոշ նշված էր․ «Wiener Neustadt»[84]։― Այս ռուսական ինքնաթիռը մենք խփել ենք Լվովի մոտ,— պնդում էր նա։

Այդ բառերը լսեց նրանց կողքից անցնող պորուչիկ Լուկաշը, որը մոտեցավ բազմությանը և ի լուր ամենքի ավելացրեց․

— Ըստ որում երկու ռուս օդաչուներն էլ այրվել են։

Ապա, այլևս ոչ մի խոսք չասելով, շարունակեց իր ճանապարհը, մտքումը պոդպորուչիկ Դուբին էշ անվանելով։

Մի վագոն անցնելուց հետո Լուկաշը նկատեց Շվեյկին և ջանաց նրանից խուսափել, քանի որ Շվեյկի դեմքից երևում էր, որ նրա հոգում շատ բան է կուտակվել, և նա այրվում-փոթորկվում է այդ ամենը իր պետին պատմելու ցանկությամբ։ Շվեյկն ուղղակի մոտեցավ նրան․

― Ich melde gehorsam, Kompanienordonanz[85] Շվեյկը սպասում է հետագա կարգադրությունների։ Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, ես ձեզ որոնում էի շտաբի վագոնում։

― Լսեցեք, Շվեյկ,— խիստ ու չարացած հարձակվեց ստորադրյալի վրա պորուչիկ Լուկաշը,— գիտե՞ք դուք ով եք։ Արդեն մոռացա՞ք, թե ձեզ ինչ անվանեցի։

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, դա մոռանալու բան չէ։ Ես մի ինչ-որ հոժարական Ժելեզնի չեմ․․․ Ասածս պատերազմից դեռ շատ առաջ էր, մենք գտնվում էինք Կառլինի զորանոցում։ Մի գնդապետ ունեինք, անունը, չեմ հիշում, Ֆլիդլեր ֆոն Բումերա՞նգ էր թե ուրիշ «րանգ»։

Այդ «րանգ»-ի վրա պորուչիկ Լուկաշն ակամա քմծիծաղ տվեց, իսկ Շվեյկը շարունակեց պատմել․

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, մեր գնդապետը բոյով երկու անգամ ձեզնից ցածր էր, իշխան Լոբկովիցի պես բակենբարդներ ուներ, մի խոսքով կապիկի նման մի բան էր։ Բարկանալիս իր բոյից բարձր էր թռչկոտում։ Անունը դրել էինք «ռետինե պապիկ»։ Դա պատահեց մայիսի մեկերից մեկի նախօրեին։ Մենք մարտական լրիվ պատրաստության մեջ էինք։ Այդ օրը երեկոյան նա բակում մեզ դիմեց մի մեծ ճառով և ասաց, թե վաղը մենք բոլորս մնալու ենք զորանոցներում և ոչ մի տեղ չպետք է գնանք, որպեսզի պահանջի դեպքում բարձրագույն հրամանով կոտորենք ամբողջ սոցիալիստական ավազակախումբը։ Այդ պատճառով էլ նա, ով կուշանա և զորանոց կվերադառնա ոչ թե այսօր, այլ միայն մյուս օրը, դավաճան է, քանի որ հարբած մարդը ոչ ոքի գնգակահարել չի կարող և, թերևս, նույնիսկ սկսի օդի մեջ կրակել։ Եվ ահա հոժարական Ժելեզնին եկավ զորանոց և ասում է․ «Ռետինե պապիկն իրոք որ լավ բան է մտածել։ Չէ՞ որ նրա ասածը միանգամայն ճիշտ է։ Եթե վաղը ոչ ոքի չեն թողնելու զորանոց մտնել, ապա ավելի լավ է առհասարակ չգալ»— և, համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, ձեռաց իր ասածն արեց։