Выбрать главу

Իսկ գնդապետ Ֆլիդլերը, աստված հոգին լուսավորի, շատ սատանա մարդ էր։ Հաջորդ ամբողջ օրր շրջում էր Պրագայում և հոտվտում, թե հո մեր գնդից որևէ մեկը չի համարձակվել զորանոցից դուրս գալ, և ահա, հակառակի պես, Պրաշնա Բրանայի մոտ պատահում է Ժելեզնուն։ Իսկույն հարձակվում է նրա վրա․ «Ես քես ցույց կտամ, ես քես խելկի պերեմ, ես քո մայր լացացնեմ»։ Ամեն լափ թափում է գլխին և հետը քարշ տալիս զորանոց, ճանապարհին հազար ու մի գարշելի բաներ ասում, անվերջ սպառնում և շարունակ նրա ազգանունը հարցնում։ «Շելեսնի՛, դու ցեռքս ընկար, ես ուրախ եմ, որ քես պռնեցի, ես քես «der ersten Mai»[86] ցույց տամ։ Շելեսնի՛, Շելեսնի՛, դու հիմա բռանս մեջ ես, ես քես ծակը կոխել տալ, ամուր կոխել տալ»։ Քանի որ ժելեզնին այլևս կորցնելու բան չուներ, Պորժիչ փողոցում, Ռոզվարժիլի մոտով անցնելիս իրեն նետում է մի դարպաս և միջանցիկ բակով անհետանում, «ռետինե պապիկին» զրկելով նրան կալանքի տակ առնելու բավականությունից։ Գնդապետն այնպես է գազազում, որ զայրույթից նորից մոռանում է հանցագործի ազգանունը։ Գալիս է նա զորանոց և սկսում ցատկոտել մինչև առաստաղը (առաստաղը ցածր էր)։ Գումարտակի օրապահը շատ է զարմանում, թե ինչու «պապիկն» հանկարծ սկսել է կոտրատված չեխերենով խոսել, իսկ նա մի գլուխ գոռգոռում է․ «Մետնուն կալանավորել։ Ոչ, Մետնուն չկալանավորել։ Սվինցովին կալանավորել։ Օլոֆյաննուն կալանավորել»։ Եվ ահա այդ ժամանակվանից էլ սկսվեցին «պապիկի» տառապանքները։ Ամեն օր հարցնում էր, թե արդյոք չե՞ն բռնել Մետնուն, Սվինցովին, Օլովյաննուն։ Հրամայեց ամբողջ գունդը շարք կանգնեցնել, բայց ժելեզնուն, որի պատմությունը բոլորը գիտեին, արդեն տեղափոխել էին հոսպիտալ, քանի որ մասնագիտությամբ ատամնատեխնիկ էր։ Թվում էր, թե դրանով ամեն ինչ վերջացավ։ Բայց ահա մեր գնդի զինվորներից մեկը բախտ ունեցավ «Բացեկների մոտ» պանդոկում սվինահարել մի դրագունի, որը քարշ էր գալիս նրա սիրած աղջկա հետևից։

Մեզ կանգնեցրին քառանկյունաձև։ Բոլորը պետք է դուրս գային, նույնիսկ հիվանդները։ Եթե զինվորը ծանր հիվանդ էր, դուրս էին բերում երկու թևից բռնած։ Ճար չկար, Ժելեզնիս էլ ստիպված եղավ դուրս գալ։ Բակում կարդացին գնդին տրված հրամանը, որի բովանդակությունը մոտավորապես այն էր, թե դրագուններն էլ մարդ են և թե արգելվում է նրանց սպանել, քանի որ մեր զինակիցներն են։ Մի հոժարական թարգմանում էր հրամանը, իսկ գնդապետը գազազած վագրի պես չորս կողմն էր նայում։ Նա անցավ շարքի առջևով, հետո պտտվեց քառանկյունու շուրջը և հանկարծ Ժելեզնուն ճանաչեց։ Սրա բոյը մի սաժեն կլիներ, այնպես որ, պարոն օբեր-լեյտենանտ, շատ մազալու էր, երբ գնդապետը նրան բռնեց ու մեջտեղ քաշեց։ Հրամանը կարդացող հոժարականն իսկույն ձայնը կտրեց, իսկ գնդապետս ցատկոտում էր Ժելեզնու առաջ, ինչպես շունը մադիանի դիմաց, և գոռգոռում․ «Դու ինձնից չես պախչի, դու իմ ձեռից չես պրցնի, դու նորից ասես Շելեսնի, իսկ ես միշտ ասեմ Մետնի, Օլոֆյաննի, Սվինցովնի։ Բայց դու Շելեսնի՛, այո, Շելեսնի՛։ Ես քես ցույց կտամ Սվինցովնի, Օլոֆյաննի, Մետնի, դու Mistvien[87], du Schwein[88], դու Շելեսնի»։ Հետո հրամայեց նրան մի ամիս հաուպտվախտ նստեցնել։ Երկու շաբաթ անցնելուց հետո հանկարծ գնդապետի ատամներն սկսեցին ցավել, և նա հիշեց, որ Ժելեզնին ատամնաաեխնիկ է։ Հրամայեց նրան բերել հոսպիտալ և պատվիրեց իր մի ատամը հանել։ Ժելեզնին կես ժամի չափ քաշեց–քաշքշեց այդ ատամը, այնպես որ «պապիկի» գլխին երեք անգամ ջուր լցրին և ուշքի բերին․ այդ ժամանակ խեղճացավ և Ժելեզնու մնացած երկու շաբաթը ներեց։ Ահա թե ինչ է պատահում, պարոն օբեր-լեյտենանտ, երբ պետն իր ստորադրյալի ազգանունը մոռանում է։ Իսկ ստորադրյալը երբեք չի համարձակվի իր պետի ազգանունը մոռանալ, ինչպես մեզ ասում էր այդ պարոն գնդապետը։ Եվ մենք երկար տարիներ կհիշենք, որ մի ժամանակ Ֆլիդլեր ազգանունով գնդապետ ենք ունեցել։ Ձեզ հո շատ չձանձրացրի՞ իմ պատմությամբ, պարոն օբեր-լեյտենանտ։

— Գիտե՞ք ինչ, Շվեյկ,— պատասխանեց պորուչիկ Լուկաշը,— որքան հաճախ եմ ձեզ լսում, այնքան ավելի եմ համոզվում, որ դուք պետերին չեք հարգում։ Զինվորը երկար տարիներից հետո էլ պարտավոր է իր պետերի միայն լավն ասել։

Երևում էր, որ այդ խոսակցությունը սկսում էր պորուչիկ Լուկաշին զվարճություն պատճառել։

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ,— ասես արդարանալով նրան ընդհատեց Շվեյկը,— չէ որ նա, պարոն գնդապետ Ֆլիդլերը, վաղուց է մեռել, բայց, եթե դուք ցանկանում եք, ես նրա միայն լավը կասեմ։ Նա, պարոն օբեր-լեյտենանտ, զինվորների համար մարմին առած հրեշտակ էր։ Այնքա՜ն բարի էր, իսկը սուրբ Մարտինի պես, որն աղքատներին ու սովյալներին սագեր էր բաժանում։ Նա իր սպայական ճաշը կիսում էր առաջին իսկ պատահած զինվորի հետ, իսկ երբ մի անգամ պովիդլոյով կնեդլիկ ուտելուց բոլորս տրաքում էինք, հրամայեց ճաշի համար խաշած կարտոֆիլով խոզի միս պատրաստել։ Բայց նա իր բարությունը ըստ ամենայնի դրսևորում էր զորաշարժերի ժամանակ։ Երբ մենք հասանք Նիժնիե Կրալովիցի, հրամայեց իր հաշվին խմել այդ քաղաքի գարեջրագործարանում եղած ամբողջ գարեջուրը։ Իր անվանակոչության կամ ծննդյան օրերին գնդապետը թույլ էր տալիս ամբողջ գնդի համար սմետանով նապաստակներ և սուխարիով կնեդլիկներ պատրաստել։ Նա իր զինվորների նկատմամբ այնքան բարի էր, որ մի անգամ, պարոն օբեր-լեյտենանտ․․․