Պորուչիկ Լուկաշը փաղաքշաբար ձգեց Շվեյկի ականջը և բարեկամաբար ասաց․
― Դե լա՛վ, գնա, անպիտա՛ն, հանգիստ թող նրան։
― Zum Befehl, Herr Oberleutnant![89],― ասաց Շվեյկը և դիմեց դեպի իր վագոնը։
Այդ ժամանակ էշելոնի վագոններից մեկի մոտ, որի մեջ պահված էր հեռախոսի ապարատներն ու լարերը, տեղի ունեցավ հետևյալ տեսարանը։
Վագոնի մոտ կապիտան Սագների հրամանով ժամապահ էր կանգնած, քանի որ ամեն ինչ պետք է ճակատավարի լիներ։ Նկատի ունենալով հեռախոսային ապարատների և լարերի արժեքավորությունը, վագոնների երկու կողմից ժամապահներ էին կանգնեցրել և նրանց հայտնել պայմանաբառն ու պատասխան բառը։
Այդ օրվա պայմանաբառն էր «Kappe»[90], իսկ պատասխան բառը՝ «Խատվան»։ Հեռախոսային ապարատներով բեռնված վագոնի մոտ կանգնած ժամապահը կոլոմցի լեհ էր, որը պատահմունքի տարօրինակ բերումով ընկել էր Իննսունմեկերորդ գունդը։
Պարզ է, որ նա «Kappe»-ի մասին ոչ մի գաղափար չուներ։
Բայց քանի որ, այնուամենայնիվ, հուշագիտական որոշ ընդունակություններ ուներ, կարողացել էր միտը պահել, որ այդ բառր սկսվում է «կ»-ով։ Երբ գումարտակի օրապահ պոդպորուչիկ Դուբը նրան հարցրեց պայմանաբառը, նա հանգիստ պատասխանեց․ «Kaffee»[91]։ Դա միանգամայն բնական էր, քանի որ կոլոմնացի լեհը դեռ չէր կարողացել մոռանալ Բրուկի ճամբարում ամեն առավոտ և իրիկուն խմած սուրճը։
Լեհը մի քանի անգամ բարձրաձայն կրկնեց իր «Kaffee»-ն, իսկ պոդպորուչիկ Դուբը առաջանում էր ուղիղ դեպի նա։ Այնժամ ժամապահը հիշելով իր երդումը և այն, որ ինքը պահակ է կանգնած, սպառնալից բղավեց․ «Halt!»։ Իսկ երբ պոդպորուչիկ Դուբը երկու քայլ էլ արեց դեպի նա և նորից պահանջեց պայմանաբառն ասել, ժամապահը հրացանն ուղղեց նրա վրա և, գերմաներեն լավ չիմանալով, լեհագերմանական մի խառնալեզվով գոռաց․ «Beze szajsn, beze szajsn»[92]։
Պոդպորուչիկ Դուբը հասկացավ և սկսեց հետ-հետ գնալ, գոռալով․ «Wachkommandant, Wachkommandant»[93]։
Հայտնվեց ջոկապետ Ելենեկը, որը լեհին ժամապահ էր նշանակել, և նրանից հարցրեց պայմանաբառը, ապա նույնն արեց պոդպորուչիկ Դուբը։ Վհատված կոլոմնացի լեհը, բոլոր հարցերին պատասխանում էր․ «Kaffee! Kaffee» և այնքան բարձրաձայն, որ ամբողջ կայարանում լսվում էր։
Վագոններից զինվորներն արդեն դուրս էին ցատկում իրենց կաթսայիկներով, իրարանցում սկսվեց, որը վերջացավ նրանով, որ զինաթափ արված ազնիվ զինվորին տարան կալանավորական վագոն։
Պոդպորուչիկ Դուբը որոշակիորեն կասկածում էր Շվեյկի վրա։ Առաջինը Շվեյկն էր կաթսայիկը ձեռին դուրս եկել վագոնից։ Դուբը դա տեսավ։ Նա իր գլխով կերաշխավորեր, որ ինքը լսել է, թե ինչպես Շվեյկը գոռում էր․ «Դո՛ւրս գալ կաթսայիկներով, դո՛ւրս գալ կաթսայիկներով»։
Կես գիշերից անց գնացքը շարժվեց դեպի Լադովիցե—Տրեբիշով, որտեղ վաղ առավոտյան նրան դիմավորեց վետերաների խմբակը, որն այդ երթային գումարտակը շփոթել էր հունգարական հոնվեդների Տասնչորսերորդ երթային գնդի մի գումարտակի հետ, որ այդ կայարանով անցել էր գիշերը։ Բոլոր վետերանները, անտարակույս, հարբած էին և իրենց «Isten áldmeg a király»[94] ոռնոցով արթնացրին ամբողջ էշելոնը։ Առավել գիտակից զինվորներից մի քանիսը գլուխները վագոններից դուրս հանեցին և նրանց պատասխանեցին․ «Համբուրեցեք քամակներս։ Eljen!»[95]։ Այդ Ժամանակ վետերաններն այնպես բղավեցին «Éljen! Éljen a tizennegyedik regiment!»[96], որ կայարանի լուսամուտների ապակիները դողացին։
Հինգ րոպե հետո գնացքը շարժվեց դեպի Հումեննե։ Այստեղ ամենուրեք պարզ երևում էին այն մարտերի հետքերը, որ մղվել էին ռուսների հարձակման ժամանակ, երբ նրանք ձգտում էին թափանցել Տիսսայի հովիտը։ Երկարորեն ձգվում էին շտապ փորված խրամատները, այստեղ ու այնտեղ երևում էին գյուղացիական այրված բնակազմեր, իսկ դրանց կողքին, հապշտապ սարքված շենքեր, որոնք ցույց էին տալիս, որ բնակիչները վերադարձել են։
Կեսօրին գնացքը մոտեցավ Հումեննե կայարանին։ Այստեղ կռվի հետքերն ակներև էին։
Սկսեցին ճաշի պատրաստություն տեսնել։ Այդ ժամանակ զինվորներն իրենց աչքով տեսան ու համոզվեցին, թե ռուսների գնալուց հետո իշխանություններն ինչպես դաժանորեն են վարվում տեղի բնակչության հետ, որին ռուսները լեզվով ու կրոնով հոգեհարազատ էին։
Կառամատույցում, հունգարացի ժանդարմներով շրջապատված, կանգնած էին մի խումբ ձերբակալված ռուսիններ։ Նրանց մեջ կային մի քանի ուղղափառ քահանաներ, ուսուցիչներ և զանազան շրջաններից բերված գյուղացիներ։ Նրանց ձեռքերը պարանով կապել էին մեջքներին, իսկ իրենց՝ զույգ-զույգ իրար կապել։ Շատերի քթերը ջնջխված էին, իսկ գլխներին ուռուցքներ կային, որ նրանց պարգևել էին ժանդարմները ձերբակալելու ժամանակ։
Նրանցից փոքր-ինչ հեռու զվարճանում էր մի հունգարացի ժանդարմ։ Նա ուղղափառ քահանայի ձախ ոտքին պարան էր կապել, մյուս ծայրը բռնել ձեռքին, և, հրացանի խզակոթով սպառնալով, դժբախտ մարդուն ստիպում էր չարդաշ պարել։ Ժամանակ առ ժամանակ նա պարանը ձիգ էր տալիս, և քահանան վայր էր ընկնում։ Քանի որ ձեռքերը կապված էին մեջքին, քահանան չէր կարողանում վեր կենալ ու մեջքի վրա շուռ գալու հուսահատական փորձեր էր անում, ջանալով այդ կերպ ոտքի կանգնել։ Ժանդարմը քահ-քահ ծիծաղում էր արտասվելու աստիճան։ Երբ քահանային հաջողվում էր վեր կենալ, ժանդարմը ձիգ էր տալիս պարանը, և խեղճ մարդը նորից գետին էր թավալվում։