Выбрать главу

— Apropos[102],— ասաց հոժարականը, ձեռքը ճակատին խփելով,— քիչ էր մնում մոռանայի, պարոն օբեր-լեյտենանտ, կամ, քաղաքացիական ձևով ասած, պան Վանեկ, դուք պետք է ինձ հանձնեք բոլոր ենթասպաների ցուցակը։ Տվեք ինձ տասներկուերորդ վաշտի ջոկատապետներից որևէ մեկի անունը։ Հոուսկա՞։ Շատ լավ, ուրեմն այդ ֆուգասի պայթյունից կտրվում է Հոուսկայի գլուխը։ Գլուխը մի կողմ է նետվում, բայց մարմինն անում է ևս մի քանի քայլ, նշան է բռնում, կրակում և խփում թշնամու մի սավառնակ։ Ինքնին հասկանալի է, որ այդ հաղթանակները հանդիսավորապես կտոնվեն Շենբրունում, ընտանեկան շրջանում։ Ավստրիան գումարտակներ շատ ունի, սակայն դրանցից միայն մեկը, այսինքն հենց մերը, այնպես աչքի կընկնի, որ թագավորական տունը միայն նրա պատվին մի փոքրիկ ընտանեկան տոնահանդես կսարքի։ Բանը ներկայացվում է այնպես, ինչպես դուք տեսնում եք իմ նշումների մեջ․ էրցհերցոգի ամուսին Մարիա Վալերիի ընտանիքն այդ նպատակով իր ռեզիդենցիան Վալեզեից տեղափոխում է Շենբրուն։ Տոնահանգեսը խիստ մտերմական բնույթ ունի և տեղի է ունենում միապետի ննջարանի կողքին գտնվող դահլիճում, որը լուսավորված է սպիտակ մոմերով, քանի որ, ինչպես հայտնի է, արքունիքում էլեկտրական լամպեր չեն սիրում, որովհետև հանկարծ կարող է կարճ միացում առաջանալ, որից ծերուկ միապետը վախենում է։ Երեկոյան ժամը վեցին սկսվում է տոնահանդեսը ի պատիվ և ի փառս մեր գումարտակի։ Այդ ժամանակ նորին մեծության թոռներին բերում են դահլիճ, որը, ճիշտն ասած, հանգուցյալ թագուհու հարկաբաժնի մեջ է մնում։ Հիմա հարցն այն է, թե բացի կայսրական ընտանիքից էլ ով ներկա կլինի տոնահանդեսին։ Այդտեղ պետք է ներկա լինի և կլինի կայսեր գեներալ-համհարզ կոմս Պաարը։ Նկատի ունենալով այն հանգամանքը, որ այդպիսի ընտանեկան և մտերմական ընդունելությունների ժամանակ երբեմն մեկն ու մեկն իրեն վատ է զգում,— ես բնավ չեմ ուղում ասել, թե կոմս Պաարը կսկսի փսխել,— ցանկալի է լեյբ–բժշկի՝ նորին մեծության արքունական խորհրդական Կերցելի ներկայությունը։ Հանուն կարգապահության, որպեսզի ընդունելությանը ներկա գտնվող պալատական օրիորդների նկատմամբ պալատական լակեյներն անպարկեշտություններ թույլ չտան, ժամանում են ավագ արքունապետ բարոն Լեդերերը, սենեկապետ կոմս Բելեգարդեն, արքունի տիկին կոմսուհի Բոմբելը, որը արքունի կանանց մեջ նույն դերն է կատարում, ինչ «մադամը» Շուգիի հասարակաց տանը։ Այդ բարձրաշխարհիկ հասարակությունը հավաքվելուց հետո գնում, զեկուցում են կայսրին։ Նա ներս է մտնում թոռների ուղեկցությամբ, սեղանի մոտ գրավում իր տեղը և կենաց ճառ արտասանում ի պատիվ մեր երթային գումարտակի։ Նրանից հետո խոսք է վերցնում էրցհերցոգուհի Մարիա Վալերին, որը գովեստով է խոսում առանձնապես ձեր մասին, պարոն ավագ գրագիր։ Ճիշտ է, ինչպես երևում է իմ նշումներից, մեր գումարտակը ծանր ու զգալի կորուստներ է կրում, քանզի առանց զոհերի գումարտակը՝ գումարտակ չէ։ Ես առաջուց նշել եմ մոտ քառասուներկու հաղթանակ, սակայն գումարտակի պատմությունը չպետք է կազմվի միայն հաղթանակներին վերաբերող չոր փաստերից։ Դուք, օրինակ, պարոն Վանեկ, կընկնեք մի գետակի մոտ, իսկ ահա Բալոունը, որ այնպես վախեցած մեզ է նայում, կզոհվի յուրօրինակ մահով, ոչ գնդակից, ոչ արկից և ոչ էլ նռնակից։ Նրան կխեղդի այն օղապարանը, որ թշնամու սավառնակից նրա վրա կնետեն հենց այն պահին, երբ նա կսկսի իր օբեր-լեյտենանտի համար ճաշ պատրաստել։

Բալոունը, ձեռքերը տրտում թափահարելով, մի կողմ քաշվեց և վհատված ասաց.

— Ի՞նչ կարող եմ անել, երբ այդպես անբախտ եմ ծնվել։ Դեռ այն ժամանակ, երբ իսկական ծառայության մեջ էի, պատահում էր, որ օրը երեք անգամ գնում էի ճաշ ստանալու, քանի դեռ չէին նստեցրել։ Մի օր այնպես պատահեց, որ ճաշին իրար հետևից երեք անգամ դոշի միս ստացա, իսկ հետո դրա համար երեք ամիս նստեցի․․․ Տե՛ր, եղիցի կամք քո։

― Մի՛ վախենաք, Բալոուն,— մխիթարեց նրան հոժարականը,— գումարտակի պատմության մեջ չի նշվի, թե դուք զոհվել եք սպայական խոհանոցից խրամատները գնալիս, երբ լափում էիք սպայական ճաշը։ Դուք կհիշատակվեք մեր գումարտակի բոլոր այն զինվորների հետ, որոնք կընկնեն ի փառս մեր հայրենիքի, այնպիսիների հետ, ինչպիսին է, օրինակ, ավագ գրագիր Վանեկը։