Выбрать главу

Երբ Կուներտը գնաց, պոդպորուչիկ Դուբը դիմեց պորուչիկ Լուկաշին.

— Իմ սպասյակը շատ խելոք տղա է։ Ճիշտ է, երբեմն սխալներ է անում, բայց ընդհանրապես շատ հասկացող է։ Նրա գլխավոր արժանիքը անբասիր ազնվությունն է։ Մի անգամ Բրուկում ես գյուղից, իմ աներձագից, մի ծանրոց ստացա, մեջը մի քանի տապակած սագեր։ Եվ կհավատա՞ք, նա մատն անգամ չդիպցրեց այգ սագերին, իսկ քանի որ ես չկարողացա արագ ուտել-վերջացնել, նա գերադասեց, որ սագերը մնան ու հոտեն։ Ահա թե ինչ ասել է կարգապահություն։ Սպան պարտավոր է զինվորներին դաստիարակել։

Պորուչիկ Լուկաշը ցանկանալով ցույց տալ, որ չի լսում այդ ապուշի դատարկաբանությունը, դեմքը շրջեց դեպի լուսամուտը և ասաց.

— Այո, այսօր չորեքշաբթի է։

Այնժամ պոդպորուչիկ Դուբը, խոսելու պահանջ զգալով, շրջվեց դեպի կապիտան Սագները և ընկերական ինտիմ տոնով սկսեց.

— Լսեցեք, կապիտան Սագներ, ի՞նչ կարծիք ունեք դուք…

— Կներեք, մի րոպե,— ներողություն խնդրեց կապիտան Սագները և վագոնից դուրս եկավ։

* * *

Այդ միջոցին Շվեյկը Կուներտի հետ զրուցում էր նրա պետի մասին։

— Ո՞ւր էիր կորել մինչև հիմա, ինչո՞ւ չէիր երևում,— հարցրեց Շվեյկը։

— Դու հո գիտես,— պատասխանեց Կուներտը,— իմ տխմարի ձեռին մարդ անգործ չի մնա։ Ամեն րոպե կանչում է և այնպիսի բաներ հարցնում, որ ինձ բոլորովին չեն վերաբերվում։ Մի անգամ, օրինակ, հարցրեց, թե քեզ հետ ընկերություն անո՞ւմ եմ։ Պատասխանեցի, թե մենք շատ քիչ ենք տեսնվում։

— Շատ հաճելի բան է անում, որ իմ մասին հարցնում է։ Ես, ախր, քո պարոն լեյտենանտին շատ եմ սիրում։ Նա այնքան լավն է, բարեհոգի, զինվորների համար իսկական հարազատ հայր,— լրջավարի ասաց Շվեյկը։

— Կարծո՞ւմ ես,— առարկեց Կուներտը։— Մեծ խոզ է, բայց դդումը քեզ օրինակ։ Զզվեցրել է ինձ, ամեն բանից կպչում ու զահլա է տանում։

— Տես, է՜,— զարմացավ Շվեյկը,— իսկ ես միշտ նրան կարգին մարդ եմ համարել։ Դու քո լեյտենանտի մասին ինչ-որ ուրիշ տեսակ ես խոսում։ Ասենք, բոլոր սպասյակներդ էլ այդպես եք։ Վերցնենք հենց, օրինակ, մայոր Վենցելի սպասյակին, իր պարոնին նա անվանում է ոչ այլ ինչ, եթե ոչ «նզովյալ դմբո», իսկ գնդապետ Շրեդերի սպասյակն իր պարոնի մասին խոսելիս նրան մեծարում է «հոտած հրեշ» և «գարշահոտ փորսուղ» անուններով։ Եվ այդ բոլորն այն պատճառով, որ սպասյակն իր պարոնից է սովորում։ Եթե պարոնը նրան չհայհոյի, սպասյակն էլ չի սովորի հայհոյել։ Բուդեյովիցիում, երբ ես իսկական ծառայության մեջ էի, մենք մի լեյտենանտ ունեինք, անունը Պրոխոզկա։ Նա թունդ չէր հայհոյում, միայն երբեմն իր սպասյակին ասում էր․ «Հե’յ, սքանչելի կով»։ Սպասյակ Հիբմանը նրա բերանից ուրիշ հայհոյանք չէր լսել։ Այդ Հիբմանը, երբ նրան զինվորական ծառայությունից արձակեցին, այդպես էր գիմում և՛ հորը, և՛ մորը, և՛ քրոջը — «հե՛յ, սքանչելի կով»։ Այդպես էր դիմում և իր հարսնացուին։ Վերջինս նրանից հրաժարվեց և նրան դատի տվեց իր անձը վիրավորելու համար, որովհետև Հիբմանը ինչ-որ պարերեկույթի ժամանակ աղջկան, նրա հորը, մորն ու քույրերին հրապարակով այդպես էր դիմել։ Աղջիկը նրան չներեց նաև դատարանում, ասելով, որ եթե նա իրեն «կով» անվաներ երես առ երես, միգուցե ինքը հաշտության դիմեր, բայց, ախր, նրա արածը խայտառակություն է Եվրոպայով մեկ։ Խոսքը մեր մեջ, Կուներտ, ես քո լեյտենանտի մասին երբեք այդպիսի բան չէի մտածի։ Առաջին անգամ հետը խոսելիս նա ինձ վրա շատ համակրելի մարդու տպավորություն թողեց, կարծես ծխարանից հենց նոր հանած երշիկ լիներ։ Իսկ երբ երկրորդ անգամ խոսեցի՝ աչքիս շատ կարդացած ու այնպես վեհաշունչ մարդ երևաց․․․ Իսկ դու որտեղացի՞ ես։ Բուդեյովիցիի հենց միջի՞ց։ Սիրում եմ, երբ մարդ որևէ տեղի հենց միջից է լինում։ Իսկ Բուդեյովիցիում որտե՞ղ ես ապրում։ Տաղավարաշարի ներքևի մասո՞ւմ։ Դա լավ է։ Այնտեղ գոնե ամառը հով է։ Պսակվա՞ծ ես։ Կին ու երեք երեխա ունե՞ս։ Ուրեմն, բախտավոր ես, ընկեր։ Գոնե վրադ լաց լինող ունես, ինչպես քարոզի ժամանակ միշտ ասում էր իմ ֆելդկուրատ Կացը։ Իսկ դա իսկապես ճիշտ է, քանի որ Բրուկում ես լսեցի, որ մի գնդապետ մի պահեստի զինվորի հետ խոսելիս նույնն էր ասում։ Նրանք երկուսն էլ այնտեղից գնում էին Սերբիա։ Գնդապետն ասում էր, թե այն զինվորը, որ տանը ընտանիք է թողնում և ռազմի դաշտում զոհվում, խզում է իր ընտանեկան բոլոր կապերը։ Նա այսպես էր ասում․ «Երբ նա դիագ, դիագ, նաև ընդանիկի համար, ընդանեկան գապ այլևս չգա։ Նա ավելին է, քան «ein Heid»[104], որովհետև իր գյանք, «hat geopfert»[105] մեձ ընդանիկի համար, «za Vaterland»[106] — Հինգերո՞րդ հարկում ես ապրում։

— Առաջին հարկում։

— Այո, այո, ճիշտ է, նոր հիշեցի, որ այնտեղ, Բուդեյովիցիի հրապարակում, հինգհարկանի տուն չկա։ Արդեն գնո՞ւմ ես։ Հասկացա։ Քո սպան կանգնած է շտաբի վագոնի մոտ և այս կողմ է նայում։ Եթե քեզ հարցնի, թե իր մասին բան-ման ասե՞լ եմ, ասա, որ ասել եմ և չմոռանաս հայտնել, թե իր մասին որքան լավ էի արտահայտվում։ Չէ՞ որ մարդ հազարից մի անգամ կհանդիպի այնպիսի սպայի, որ զինվորի հետ այնպես բարեկամաբար, այնպես հայրաբար վարվի, ինչպես նա։ Չմոռանաս ասել, որ ես նրան շատ կարդացած մարդ եմ համարում, այն էլ ասա, որ նա շատ ինտելիգենտ անձնավորություն է։ Ասա նաև, որ ես քեզ սովորեցնում էի պարկեշտ լինել, պետիդ աչքերին նայելիս կռահել նրա ամենաչնչին ցանկություններն անգամ և բոլորը կատարել։ Տես, հա՜, չմոռանաս։