Выбрать главу

Շվեյկը մտավ իր վագոնը, իսկ Կուներտը, կոճերն առած, քաշվեց իր որջը։

Քառորդ ժամ հետո շարունակեցին առաջ շարժվել Բրեստով, Վելիկի Ռադվան և ն Նովայա Չաբինա հրդեհված գյուղերի միջով։ Երևում էր, որ այդտեղ համառ մարտեր էին տեղի ունեցել։ Կարպատների լանջերը ծածկված էին խրամատներով, որոնք երկաթգծի նորաշպալ ուղեթմբի երկայնքով ձգվում էին հովտից հովիտ։ Ճանապարհի երկու կողմերին հանդիպում էին արկերից գոյացած վիթխարի ձագարներ։ Լաբորեց գետի մեջ թափվող գետակների վրա (ճանապարհն անցնում էր Լաբորեցի ակունքների երկայնքով) այստեղ-այնտեղ երևում էին նոր կամուրջներ և հների այրված սյուները։

Մեձիլաբորեցի ամբողջ հովիտը փորված-փորփրված էր, կարծես այդտեղ վիթխարի խլուրդների բանակներ էին աշխատել։ Գետակի մյուս կողմում ձգվող խճուղին քանդված ու տակնուվրա էր արված, զորքերի հոսուն լավան նրա երկայնքով մեկ տրորել էր դաշտերը։

Տեղատարափ անձրևներից հետո ձագարների եզրերին սկսել էին ավստրիական մունդիրների ծվեններ երևալ։

Նոր Չաբինայի հետևում, այրված ծեր սոճու ճյուղերի մեջ բանդ եղած, կախված էր ավստրիական հետևակ զինվորի մի կոշիկ, սրունքի մի մասը մեջը։

Հավանաբար, այդտեղ մոլեգնել էր հրետանային կրակը, անտառները կանգնած էին առանց տերևների ու կոների, ծառերը՝ առանց կատարների, խրճիթներն ավերված էին։

Գնացքը դանդաղորեն շարժվում էր նոր, հապշտապ շինված ուղեթմբի վրայով, այնպես որ ամբողջ գումարտակը հնարավորություն ուներ հանգամանորեն ծանոթանալու պատերազմի հրաշալիքներին և,— նայելով զինվորական գերեզմանոցների խաչերին, որ սպիտակին էին տալիս տափարակներում և ամայացած բլուրների լանջերին,— դանդաղորեն, բայց հաջողությամբ նախապատրաստվելու ռազմի փառքին, որը պսակվում է սպիտակ խաչի ծայրին տարուբերվող ավստրիական ցեխոտված գլխարկով։

Կաշպերյան լեռներից եկած գերմանացիները, որ նստած էին հետևի վագոններում և դեռևս Միլովիցիի կայարանը մտնելիս ղռվռալռվ երգում էին իրենց «Wann ich kum, wann ich wieda kum»[107]-ը, պապանձվել էին, քանի որ հասկացել էին, որ այն մարդկանցից շատերը, որոնց գլխարկներն այժմ տարուբերվում են խաչերի վրա, նույնպես երգել են, թե որքան սքանչելի է լինելու, երբ վերադառնան և ընդմիշտ մնան տանը, սիրածի հետ միասին․․․

Մեձիլաբորեցում գնացքն անցավ ավերված, այրված կայարանի մոտով, որի ծխոտած պատերի միջից դուրս էին ցցվել ածխացած գերանները,— անցավ ու կանգ առավ։

Փայտյա նոր, երկար բարաքը, որ հապշտապ շինել էին հրդեհված կայարանի փոխարեն, պատած էր բոլոր լեզուներով գրված պլակատներով․ «Բաժնեգրվեցեք ավստրիական ռազմական փոխառությանը»։

Այդպիսի մի այլ բարաքում տեղավորված էր Կարմիր Խաչի կայանը։ Այդտեղից դուրս եկան մի չաղլիկ զինվորական բժիշկ և երկու գթության քույրեր։ Քույրերն անզուսպ հռհռում էին չաղլիկ բժշկի վրա, որը նրանց ուրախացնելու համար զանազան կենդանիների ձայներ էր հանում և ապաշնորհ կերպով խռնչում։

Երկաթուղու պաստառից ցած, հեղեղատի հունի մեջ, ընկած էր մի ջախջախված դաշտային խոհանոց։

Ցույց տալով այդ խոհանոցը, Շվեյկը Բալոունին ասաց․

— Լա՛վ տես, Բալոուն, թե մոտ ապագայում մեզ ինչ է սպասում։ Ճաշը բաժանելու վրա են եղել, թռել-եկել է նռնակը և ահա թե ինչպես մաքրել խոհանոցի հաշիվը։

— Ուղղակի մարդու սարսափ է գալիս,— հառաչեց Բալոունը։― Մտքովս չէր անցնի, որ մի օր այսպիսի փորձանքի մեջ կընկնեմ։ Իսկ մեղավորը իմ գոռոզությունն է։ Ախր, ես, շուն շանորդիս, անցած ձմեռ Բուդեյովիցիում կաշվե ձեռնոցներ էի առել։ Արդեն անհարմար էի զգում իմ գեղցու թաթերին գործած հին ձեռնոցներ ունենալ, ինչպես հանգուցյալ հայրս։ Չէ՛, սիրտս քաղաքի կաշվե ձեռնոցներ էր ուզում… Հայրս ախորժակով սիսեռ էր ուտում, իսկ ես սիսեռը տանել չէի կարողանում։ Թռչունի միս էի պահանջում։ Խոզի հասարակ մսից էլ էի երես դարձնում։ Կնիկս պարտավոր էր, մեղա՜ քեզ աստված, խոզի միսը գարեջրով եփել։

Բալոունը, բոլորովին վհատված, սկսեց խոստովանել հոգին ավանդողի պես․

— Մալշայի գինետանը հայհոյում էի սրբերին, Նիժնի Զագայում ծեծեցի կապելանին։ Աստծուն դեռ հավատում էի, այդ մեկը չեմ ուրանա, բայց Հովսեփի սրբության վրա կասկածում էի։ Տանը բոլոր սրբերին հանդուրժում էի, միայն սուրբ Հովսեփի պատկերն էի հանել, և ահա հիմա աստված ինձ պատժում է այդ բոլոր մեղքերիս ու անբարոյականությանս համար։ Ինչքա՜ն անբարոյական գործեր եմ արել ջրաղացում։ Ինչքա՜ն հաճախ եմ հորս հայհոյել ու նրան պատկանող փողերը տակով արել, իսկ կնկաս՝ տանջել։

Շվեյկը մտածեց ու ասաց.

— Դուք ջրաղացպան եք, ճի՞շտ է։ Դուք պետք է իմանայիք, որ աստծո ջրաղացները դանդաղ, բայց լավ են աղում, բայց ճիշտ է, որ համաշխարհային պատերազմը հենց ձեր պատճառով է ծագել։