Выбрать главу

Խոսակցությանը խառնվեց հոժարականը.

— Ձեր աստվածահայհոյությամբ և բոլոր սրբերին չճանաչելով դուք, անշուշտ, ձեզ մեծապես վնասել եք։ Չէ՞ որ դուք պետք է գիտենայինք, որ մեր ավստրիական բանակն արդեն վաղուց զուտ կաթոլիկական բանակ է, և նրան փայլուն օրինակ է տալիս մեր գերագույն գլխավոր հրամանատարը։ Եվ առհասարակ ինչպե՞ս եք հանդգնել կռվի գնալ ձեր հոգում ատելության թույն կրելով թեկուզ և մի քանի սրբերի նկատմամբ, երբ ռազմական մինիստրությունը կայազորային վարչություններում պարոն սպաների համար ճիզվիտների քարոզներ է սահմանել և երբ Զատկին մենք ականատես էինք զինվորական հանդիսավոր թափորի։ Դուք ինձ հասկանո՞ւմ եք, Բալոուն։ Ընդունո՞ւմ եք արդյոք, որ դուք այդպիսով դուրս եք գալիս մեր փառապանծ բանակի ոգու դեմ։ Վերցնենք, օրինակ, սուրբ Հովսեփին, որի պատկերը դուք, ձեր ասելով, թույլ չեք տվել կախել ձեր սենյակում։ Չէ՞ որ, Բալոուն, հենց նա է այն բոլոր մարդկանց հովանավորը, որ ցանկանում են զինվորական ծառայությունից գլուխներն ազատել։ Նա հյուսն է եղել, իսկ դուք հո գիտեք այն առածը, թե՝ «տեսնենք հյուսնը որտեղ է մի ծակ թողել»։ Ինչքա՜ն մարդիկ այդ նշանաբանով արդեն գերի են հանձնվել, այլ ելք չգտնելով։ Չորս կողմից շրջապատված լինելով, նրանք իրենց փրկել են ոչ թե եսասիրական նկատառումներով, այլ որպես բանակի անդամներ, որպեսզի հետո, գերությունից վերադարձած, հնարավորություն ունենան թագավոր կայսրին ասելու. «Մենք այստեղ ենք և սպասում ենք հետագա հրամանների»։ Հիմա հասկանո՞ւմ եք, թե բանն ինչ է, Բալոուն։

— Չէ՛, չեմ հասկանում,— հառաչեց Բալոունը,— բութ գլուխ ունեմ։ Տասն անգամ պիտի ասեն, որ գլուխս մտնի։

— Մի քիչ չե՞ս պակսեցնի,— հարցրեց Շվեյկը։— Որ այդպես է, ես քեզ մի անգամ էլ բացատրեմ։ Դու, ուրեմն, լսեցիր, որ պետք է վարվես ըստ այն ոգու, որը բանակում տիրապետող է, որ ստիպված պետք է լինես հավատալ սուրբ Հովսեփին, իսկ երբ թշնամին քեզ շրջապատի՝ պետք է նայես ու տեսնես, թե հյուսնը որտեղ է մի ծակ թողել, որպեսզի ի սեր կայսրի կարողանաս քեզ պահպանել նոր պատերազմների համար։ Հիմա, երևի, հասկացար։ Եվ լավ կանես, եթե մեզ ավելի մանրամասն խոստովանես, թե ինչ անբարոյական բաներ ես արել քո այդ ջրաղացում։ Միայն թե մեզ այնպիսի բաներ չպատմես, որ նման լինեն այն անեկդոտին, թե մի բատրակուհի քահանայի մոտ խոստովանելու է գնացել և, իր զանազան մեղքերը թվելուց հետո, հանկարծ ամաչել է և ասել, թե ամեն գիշեր մի շատ անբարոյական բան է արել… Դե իհարկե, այդ լսելուն պես տերտերիս բերանի ջուրը վազել է․․․ Եվ նա սկսել է աղջկան համոզել, թե. «Մի ամաչիր, սիրելի դուստր իմ, չէ՞ որ ես աստծո սպասավորն եմ, մանրամասն պատմիր այն մեղքերը, որ գործել ես ընդդեմ բարոյականության»։ Իսկ աղջիկը լաց է եղել, թե իբր ամոթ է, թե իր արածը սոսկալի անբարոյականություն է։ Տերտերս նորից սկսել է նրան համոզել, թե, ախր, ինքը նրա խոստովանահայրն է։ Վերջապես աղջիկը, ամբողջ մարմնով դողալով, պատմել է, թե ամեն գիշեր շորերը հանել ու մտել է անկողին։ Եվ դարձյալ տերտերս նրա բերանից խոսք չի քաշել։ Աղջիկն սկսել է ավելի բարձր ձայնով գոռալ։ Իսկ տերտերը նորից, թե․ «Մի՛ ամաչիր, մարդս ի ծնե անոթ է մեղաց, բայց անսահման է ողորմությունն աստծո»։ Վերջապես աղջիկը սիրտ է արել և լալով ասել․ «Երբ ես շորերս հանած անկողին էի մտնում, քչփորում էի ոտներիս մատների արանքի կեղտը և դեռ հոտ էլ քաշում»։ Ահա նրա ամբողջ անբարոյականությունը։ Բայց հուսով եմ, որ դու, Բալոուն, ջրաղացում այդպիսի բաներ չես արել և մեզ ավելի լուրջ բան կպատմես, իսկական անբարոյականության մասին։

Բալոունը, իր ասելով, անբարոյականություն էր արել գեղջկուհիների նկատմամբ։ Անբարոյականությունն այն էր եղել, որ նա նրանց ալյուրին վատ տեսակի ալյուր էր խառնել։ Դա էր ահա պարզասիրտ Բալոունի ասած անբարոյականությունը։

Ամենից շատ հիասթափվեց հեռախոսավար Խոդոունսկին, որը դեռ փորձում էր ջրաղացպանից խոսք քաշել, թե նա ջրաղացում այդ գեղջկուհիների հետ իսկապե՞ս ոչինչ չի արել ալյուրի պարկերի վրա։ Բալոունը, ձեռքը թափ տալով, պատասխանեց․ «Այդքան խելք չունեի»։

* * *

Զինվորներին հայտարարեցին, թե ճաշը տրվելու է Պալոտոն անցնելուց հետո, Լուպկայի լեռնանցքում, և այդ պատճառով գումարտակի ավագ գրագիրը, բոլոր վաշտերի խոհարարները և պոդպորուչիկ Ցայտհամլը, որը վարում էր գումարտակի տնտեսությունը, ճանապարհ ընկան դեպի Մեդձիլաբորեց գյուղը։ Իբրև պարեկ նրանց տվել էին չորս զինվոր։

Կես ժամ էլ չէր անցել, երբ նրանք վերադարձան հետևի ոտքերը կապած երեք խոճկորների և այն ռուսինի ողբացող ընտանիքի հետ, որից բռնագրավել էին խոճկորները։ Նրանց հետ էր և Կարմիր Խաչի բարաքի չաղլիկ բժիշկը, որը տաք-տաք ինչ-որ բան էր բացատրում ուսերը թոթվող պոդպորուչիկ Ցայտհամլին։

Վեճն իր գագաթնակետին հասավ շտաբի վագոնի մոտ, երբ զինվորական բժիշկը սկսեց կապիտան Սագներին ապացուցել, թե այդ խոճկորները հատկացված են Կարմիր Խաչի հոսպիտալին։ Իսկ գյուղացին ոչինչ չէր ուզում լսել և պահանջում էր, որ խոճկորներն իրեն վերադարձնեն, քանի որ դրանք իր վերջին ունեցվածքն են և որ ոչ մի դեպքում իր խոճկորները չի տա այն գնով, որ իրեն վճարել են։