Այդ ասելիս նա կապիտան Սագների ձեռքն էր խոթում խոճկորների համար ստացած փողը, իսկ նրա կինը կապիտանի մյուս ձեռքը բռնել ու համբուրում էր հնուց ի վեր այդ երկրին հատուկ ստորաքարշությամբ։
Կապիտան Սագները վախեցած էր այդ ամբողջ պատմությունից, և նրան դժվարությամբ հաջողվեց պառավին դեն հրել։ Բայց դա քիչ օգուտ տվեց։ Պառավին փոխարինեցին երիտասարդ ուժեր, որոնք իրենց հերթին սկսեցին ծծել նրա ձեռքը։
Պոդպորուչիկ Ցայտհամլը կոմերսանտի տոնով ասաց.
— Այս գյուղացուն դեռ տասներկու խոճկոր մնացել է, և նրան, համաձայն դիվիզիայի տնտեսական մասի № 12420 հրամանի, միանգամայն ճիշտ են վճարել։ Համաձայն այդ հրամանի 16-րդ պարագրաֆի, խոզեր պետք է գնել պատերազմից չտուժած վայրում, կենդանի քաշի յուրաքանչյուր կիլոգրամի համար վճարելով ոչ ավելի, քան 2 կրոն 16 հելլեր։ Պատերազմից տուժած վայրերում կենդանի քաշի յուրաքանչյուր կիլոգրամի արժեքի վրա պետք է 36 հելլեր հավելում անել, որով մեկ կիլոգրամի արժեքը կդառնա 2 կրոն 52 հելլեր։ Ծանոթություն. Այն դեպքում, երբ հաստատվի, որ պատերազմից տուժած վայրերում տնտեսությունը անվնաս է մնացել, պահպանելով խոզերի լրիվ գլխաքանակը, խոզերը կարող են ուղարկվել անցնող զորամասի մատակարարման համար, իսկ բռնագրավված խոզի մսի համար պետք է վճարել ինչպես պատերազմից չտուժած վայրերում, կենդանի քաշի յուրաքանչյուր կիլոգրամի արժեքի վրա անելով 12 հելլեր հատուկ հավելում։ Իսկ եթե վիճակը պարզ չէ, տեղում անհապաղ կազմել հանձնաժողով՝ մասնակցությամբ շահագրգռված անձի, անցնող զորամասի հրամանատարի և այն սպայի կամ ավագ գրագրի (եթե խոսքը վերաբերվում է փոքր զորամասի), որին հանձնարարված է տնտեսական մասը։
Այդ ամենը պոդպորուչիկ Ցայտհամլը կարդաց դիվիվիայի հրամանի պատճենից, որը շարունակ հետը ման էր ածում և գրեթե անգիր գիտեր։ Նա գիտեր նաև այնպիսի մանրամասնություններ, թե մերձճակատային գոտում մեկ կիլոգրամ գազարի գինը բարձրանում է մինչև տասնհինգ ամբողջ երեք տասնորդական հելլեր, «Offiziersmenagekücheabteilung»[108]-ի համար մերձճակատային գոտում մեկ կիլոգրամ ընդակաղամբի գինը բարձրանում է մինչև 1 կրոն 75 հելլեր։
Նրանք, ովքեր Վիեննայում կազմել էին այդ հրամանը, հավանաբար մերձճակատային գոտին պատկերացրել էին որպես գազարով ու ընդակաղամբով անչափ հարուստ մի վայր։
Պոդպորուչիկ Ցայտհամլը հուզված գյուղացու համար այդ հրամանը կարդաց, իհարկե, գերմաներեն և նույն լեզվով նրան հարցրեց, թե արդյոք հասկացա՞վ, և երբ նա բացասաբար գլուխը թոթվեց, նրա վրա գոռաց.
— Ուրեմն, հանձնաժողո՞վ ես ուզում։
Գյուղացին «հանձնաժողով» բառը հասկացավ և գլխով համաձայնության նշան արեց։ Մինչդեռ նրա խոճկորներն արդեն տարել էին դաշտային խոհանոցները գլխատելու։ Գյուղացուն շրջապատեցին բռնագրավման համար առանձնացված սվինավոր զինվորները, և հանձնաժողովը դիմեց դեպի նրանց գյուղը, որպեսզի տեղում պարզի՝ արդյոք նա մեկ կիլոգրամի համար 2 կրոն 52 հելլե՞ր պիտի ստանա, թե՞ միայն 2 կրոն 28 հելլեր։
Նրանք դեռ ոտք չէին դրել գյուղի ճամփան, երբ դաշտային խոհանոցներից լսվեց խոճկորների հոգևարքային եռակի ճղղոցը։ Գյուղացին հասկացավ, որ ամեն ինչ վերջացած է, և հուսահատ գոռաց.
— Գոնե ամեն մի խոզի համար երկու գուլդեն տվեք։
Չորս զինվորները ավելի սեղմ շրջապատեցին նրան, իսկ նրա ընտանիքը կտրեց կապիտան Սագների և պոդպորուչիկ Ցայտհամլի ճանապարհը, նրանց առաջ ծունկ չոքելով փոշոտ ճամփի վրա։ Մայրն ու նրա երկու աղջիկները գրկեցին նրանց երկուսի ծնկները, նրանց բարերարներ անվանելով, մինչև որ գյուղացին ռուսինների ուկրաինական բարբառով գոռաց, որ վեր կենան։ Թե, իբր, թող խոճկորները զինվորների բկին մնան…
Դրանով էլ հանձնաժողովը դադարեցրեց իր գործունեությունը։ Բայց գյուղացին հանկարծ ըմբոստացավ և սկսեց բռունցքներով սպառնալ։ Այնժամ զինվորներից մեկը հրացանի խզակոթով այնպես հարվածեց նրան, որ աչքերը մթնեցին, և ամբողջ ընտանիքը, երեսները խաչակնքելով, թողեց ու փախավ գերդաստանի հոր գլխավորությամբ։
Դրանից տասը րոպե հետո գումարտակի գրագիրը և հանձնակատար Մատուշիչը իրենց վագոնում արդեն խոզի ուղեղ էին անուշ անում։ Կուշտուկուռ խժռելով, ավագ գրագիրը ժամանակ առ ժամանակ թունալից դիմում էր կրտսեր գրագիրներին.
— Երևի դուք էլ կցանկանայիք ուղեղ լափել, ճի՞շտ է։ Չէ տղաներ, սա միայն ենթասպաների համար է։ Խոհարարներին հասնում է լյարդն ու երիկամները, ֆելդֆեբելներին ուղեղն ու գլուխը, իսկ կրտսեր գրագիրներին՝ միայն երկու զինվորաբաժին միս…
Կապիտան Սագներն արդեն հրաման էր տվել սպայական ճաշի մասին. «Քեմոնով խոզի տապակա։ Դրա համար ընտրել, ամենալավ, բայց ոչ այնքան ճարպոտ մսերը»։ Ահա թե ինչու այն ժամանակ, երբ Լուպկայի լեռնանցքում զինվորներին ճաշ էին բաժանում, նրանցից յուրաքանչյուրն իր կաթսայիկի մեջ հայտնաբերեց մսի երկու փոքրիկ կտոր, իսկ ով վատ աստղի տակ էր ծնվել միայն մի կտոր կաշի։
Խոհանոցում թագավորում էր բանակային սովորական խնամիությունը։ Բարիքներից օգտվում էին բոլոր նրանք, ովքեր մոտ էին կանգնած իշխող կլիկին։ Սպասյակները ման էին գալիս ճարպից պսպղացող մռութներով։ Բոլոր հանձնակատարների փորերը կարծես թմբուկներ լինեին։ Տեղի էին ունենում աղաղակող ստահակություններ։