Выбрать главу

Հոժարական Մարեկը, արդարասիրությունից դրդված, խոհանոցի մոտ սկանդալ բարձրացրեց։ Երբ խոհարարը նրա սուպով լցված կաթսայիկի մեջ խաշած սուկիի մի պատկառելի կտոր գցեց, ասելով․ «Սա մեր պատմագրին», Մարեկն ասաց, թե պատերազմի ժամանակ բոլոր զինվորները հավասար են, և դա համընդհանուր հավանություն հարուցեց և խոհարարներին հայհոյելու առիթ տվեց։

Հոժարականը մսի կտորը նորից գցեց իր տեղը, դրանով ցույց տալով, թե ամեն տեսակ արտոնություններից հրաժարվում է։ Սակայն խոհանոցում նրան չհասկացան և ենթադրեցին, թե գումարտակի պատմագիրը մսի առաջարկված կտորից դժգոհ է, ուստի խոհարարը նրա ականջին փսփսաց, թե թող ճաշը բաժանելուց հետո գա, թե այն ժամանակ նա նրա համար կկտրի բդի մի մասը։

Գրագիրների մռութներն էլ էին պսպղում, սանիտարների դեմքերը բարեկեցությունից շողում էին, իսկ այդ երանության կողքին դեռ երևում էին վերջին մարտերի դեռևս չմաքրված հետքերը։ Ամենուրեք թափված էին փամփշտապահունակներ, պահածոյի դատարկ տուփեր, ռուսական, ավստրիական ու գերմանական մունդիրների ծվեններ, ջարդված սայլերի մասեր, արյունոտ վիրակապերի երկար զոլեր և բամբակ։ Կացարանի նախկին շենքի մոտ, որից միայն ավերակների մի կույտ էր մնացել, ծեր սոճու բնի մեջ խրված էր մի չպայթած նռնակ։ Ամենուրեք արկերի բեկորներ էին թափված։ Ըստ երևույթին մոտերքում զինվորների գերեզմաններ կային, որտեղից անտանելի դիակնահոտ էր փչում։

Քանի որ եկող ու անցող զորքերն այստեղ ճամբար էին դրել, ապա ամենուրեք երևում էին մարդկային կղկղանքի միջազգային ծագում ունեցող կույտեր՝ Ավստրիայի, Գերմանիայի և Ռուսաստանի բոլոր ժողովուրդների ներկայացուցիչների կղկղանքները։ Տարբեր ազգերի և դավանանքների պատկանող զինվորների կղկղանքները հանգչում էին կողք-կողքի և կամ հաշտ ու խաղաղ, առանց որևէ վեճի և գժտության, շերտ-շերտ կիտված էին իրար վրա։

Կիսավեր ջրմուղ աշտարակը, երկաթուղային պահակի փայտյա տնակը և առհասարակ այն ամենը, ինչ պատեր ուներ, գնդակներից մաղի պես ծակծկված էին։ Ամբողջացնելով պատերազմի հրաշալիքների պատկերը, քիչ հեռվում, բլրի հետևից, ծխի սյուներ էին բարձրանում, կարծես այնտեղ մի ամբողջ գյուղ էր այրվում կամ ռազմական մեծ օպերացիաներ էին կատարվում։

Այնտեղ այրում էին խոլերայի և դիզենտերիայի բարաքները ի ուրախություն այն պարոնների, որոնք մասնակցել էին հոսպիտալի կառուցմանը և, առիթից օգտվելով, աջ ու ձախ գողացել ու գրպանները լցրել, ներկայացնելով խոլերայի և դիզենտերիայի գոյություն չունեցող բարաքների շինարարության հաշիվներ։

Այժմ մի խումբ բարաքներ հատուցում էին մնացած բոլորի փոխարեն, և վառվող ծղոտե ներքնակների ժանտահոտության հետ միասին երկինք էին համբառնում այն բոլոր հափշտակությունները, որ կատարվել էին էրցհերցոգուհու հովանավորությամբ։

Կայարանի հետևում գտնվող պահեստի վրա գերմանացիները շտապել էին զոհված բրանդենբուրգցիների համար հուշարձան կանգնեցնել, որը զարդարել էին «Den Helden von Lupkapass»[109] մակագրությամբ և մի մեծ, բրոնզաձույլ գերմանական արծվով, ըստ որում ցոկոլի վրա արված մակագրության մեջ նշված էր, թե այդ խորհրդանիշը ձուլված է այն ռուսական թնդանոթներից, որ գերմանական վաշտերը խլել են Կարպատներն ազատագրելիս։

Այդ տարօրինակ և իր համար դեռևս անսովոր մթնոլորտում գումարտակը ճաշից հետո վագոնների մեջ հանգստանում էր, իսկ կապիտան Սագներն ու նրա համհարզը դեռ չէին կարողացել ծածկագիր հեռագրերով բրիգադի բազայի հետ համաձայնեցնել գումարտակի հետագա մարշրուտը։

Հաղորդումներն այնքան անորոշ էին, որ նրանցից միայն այն կարելի էր եզրակացնել, թե նրանք պետք է գնային ոչ թե Լուպկայի լեռնանցքը, այլ Շյատորի մոտ գտնվող Նովոյե Մեստոյից շարժվեին բոլորովին այլ ուղղությամբ, քանի որ հեռագրերի մեջ խոսվում էր Չոպ — Ունգվար — Կիշ-Բերյոզա — Ուժոկ քաղաքների մասին։

Տասը րոպե հետո պարզվեց, որ բրիգադի շտաբում նստած սպան կատարյալ ապուշ է. ծածկագիր հեռագիր է ուղարկում, հարցում անելով, թե արդյոք բրիգադի հետ խոսողը Յոթանասունհինգերորդ գնդի ութերորդ երթային գումարտա՞կն է (զինվորական ծածկագիրը՝ G3)։ Բրիգադի ապուշը զարմացած է, պատասխան ստանալով, թե խոսում է Իննսունմեկերորդ գնդի յոթերորդ երթական գումարտակը, և հարցնում է, թե ո՛վ է նրանց հրամայել զինվորական երկաթուղով գնալ Մուկաչևո, երբ նրանց մարշրուտն է՝ Լուպկայի լեռնանցքով դեպի Գալիցիայի Սանոկ քաղաքը։

Ապուշը սաստիկ զարմացած է, որ իրեն հեռագրում են Լուպկայի լեռնանցքից, և հղում է հետևյալ ծածկահեռագիրը. «Մարշրուտը մնում է անփոփոխ՝ Լուպկայի լեռնանցք—Սանոկ, որտեղ սպասել հետագա կարգադրությունների»։

Կապիտան Սագների վերադառնալուց հետո շտաբի վագոնում սկսում են խոսել բացահայտ անխելահասության մասին, ընդ որում ակնարկներ անում, որ եթե գերմանացիները չլինեին՝ արևելյան օպերատիվ խումբը բոլորովին գլուխը կկորցներ։

Պոդպորոլչիկ Դուբը փորձում է հանդես գալ ի պաշտպանություն ավստրիական շտաբի անխելահասության և սկսում է դուրս տալ, թե նորերս տեղի ունեցած մարտերի պատճառով այս երկիրն ամայացել է և թե երկաթուղին չէր կարող ինչպես հարկն է կարգի բերվել։