Բոլոր սպաները նրան նայում են կարեկցանքով, կարծես ցանկանալով ասել. «Այս պարոնը մեղք չունի, նա պարզապես ապուշ է ծնվել»։ Առարկությունների չհանդիպելով, պոդպորուչիկ Դուբը սկսում է երկար-բարակ խոսել այն փառավոր տպավորության մասին, որ նրա վրա գործում է այդ ավերված վայրը և որը ցույց է տալիս, թե ինչպես է կարողանում հարվածել մեր բանակի երկաթյա բռունցքը։ Դարձյալ ոչ ոք չի պատասխանում նրան։ Եվ նա կրկնում է. «Այո՛, անտարակույս, ռուսներն այստեղից նահանջել են սոսկալի խուճապի մատնված»։
Կապիտան Սագները մտքում որոշում է, որ երբ իրենք խրամատներում լինեն և դրությունը առանձնապես վտանգավոր դառնա, առաջին իսկ հարմար առիթին պոդպորուչիկ Դուբին, որպես սպա-հետախույզի, կուղարկի լարափակոցների այն կողմը՝ թշնամու դիրքերը տեղադիտելու։ Կապիտան Սագները պորուչիկ Լուկաշին, որը, ինչպես և նա, գլուխը դուրս է հանել վագոնի լուսամուտից, շշնջալով ասում է․
— Ո՞ր սատանան մեր գլխին կապեց այդ քաղաքացիներին։ Որքան կրթված, այնքան ավելի հիմար են։
Թվում է, որ պոդպորուչիկ Դուբը երբեք չի լռի։ Նա նորից սպաներին պատմում է այն ամենը, ինչ թերթերում կարդացել է Կարպատյան մարտերի և Սանի ափին ավստրո-գերմանական հարձակման ժամանակ Կարպատյան լեռնանցքների համար մղված պայքարի մասին։
Նա պատմում է այնպես, որ իբր ինքը ոչ միայն մասնակցել, այլև անձամբ ղեկավարել է բոլոր գործողությունները։
Առանձնապես նողկանք էին պատճառում նրա այսօրինակ խոսքերը. «Հետո մենք շարժվեցինք դեպի Բուկովսկո, որպեսզի մեզ համար ապահովենք Բուկովսկո — Դինուվ գիծը, կապ պահպանելով այն խմբի հետ, որ գտնվում էր Բոլշայա Պոլյանկայում, որտեղ մենք ջախջախեցինք թշնամու Սամարյան դիվիզիան»։
Պորուչիկ Լուկաշը չկարողացավ իրեն զսպել և, պոդպորուչիկ Դուբին ընդհատելով, վրա բերեց. «Որի մասին դու, ըստ երևույթին, դեռևս պատերազմից առաջ խոսում էիր քո նահանգական վարչության պետի հետ»։
Պոդպորուչիկ Դուբը թշնամաբար նայեց պորուչիկ Լուկաշին և վագոնից դուրս եկավ։
Զինվորական գնացքը կանգնած էր ուղեթմբի վրա, իսկ ներքևում, դարալանջից մի քանի մետր հեռու թափված էին զանազան առարկաներ, որ դեն էին նետել նահանջող ռուս զինվորները, որոնք, ըստ երևույթին, անցել էին այդ խանդակով։ Այդտեղ թափված էին ժանգոտած թեյամաններ, պուտուկներ, փամփշտակալներ։ Հենց այդտեղ էլ, ամեն տեսակ առարկաների կողքին, ընկած էին փշալարերի կծիկներ և դարձյալ արյունոտ վիրակապեր ու բամբակ։ Խանդակի վերևում կանգնած էին մի խումբ զինվորներ, և պոդպորուչիկ Դուբը նկատեց, որ Շվեյկն էլ նրանց մեջ է և ինչ-որ բան է բացատրում։
Նա գնաց այնտեղ։
— Ի՞նչ է պատահել,— խստորեն գոռաց պոդպորուչիկ Դուբը, կանգնելով ուղիղ Շվեյկի դիմաց։
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն լեյտենանտ,— բոլորի փոխարեն պատասխանեց Շվեյկը,— նայում ենք։
— Ի՞նչի եք նայում։
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն լեյտենանտ, նայում ենք ներքև, խանդակին։
— Իսկ ո՞վ է ձեզ թույլ տվել նայել։
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն լեյտենանտ, այդպես է կամեցել Բրուկի մեր գնդապետ պարոն Շլագրը։ Երբ մենք ռազմաճակատ էինք գնում, նա իր հրաժեշտ ճառի մեջ մեզ պատվիրեց մարտերի վայրերով անցնելիս առանձնապես ուշադրություն դարձնել, թե ինչպես են ծավալվել ճակատամարտերը, որպեսզի դրանից մեզ համար օգուտ քաղենք։ Եվ ահա այստեղ, պարոն լեյտենանտ, այս խանդակի մեջ, մենք տեսնում ենք, թե զինվորը փախչելիս ի՛նչը պետք է դեն գցի։ Մենք այստեղ հասկացանք, համարձակվում եմ զեկուցել, պարոն լեյտենանտ, թե որքան հիմար բան է, որ զինվորն իր հետ ամեն տեսակ ավելորդ իրեր է քարշ տալիս։ Դրանով նա իրեն իզուր ծանրաբեռնում է։ Դրանից նա իզուր հոգնում է։ Երբ զինվորն այդպիսի ծանրություն է քարշ տալիս, նրա համար կռվելը դժվար կլինի։
Պոդպորուչիկ Դուբի սրտում հույս ծագեց, թե վերջապես կկարողանա Շվեյկին ռազմադաշտային դատարանի ձեռքը հանձնել նրա հակամիլիտարիստական դավաճանական պրոպագանդայի համար, ուստի շտապ հարցրեց․
— Դուք, ուրեմն, կարծում եք, որ զինվորը պետք է փամփուշտները կամ սվինը դե՞ն գցի, որպեսզի նրանք ընկած մնան որևէ խանդակի մեջ, ինչպես, ահա, այստեղ։
— Բնավ ոչ, ո՛չ մի դեպքում, պարոն լեյտենանտ,— անուշիկ ժպտալով պատասխանեց Շվեյկը,— բարեհաճեցեք նայել ներքև, ահա այդ դեն նետված երկաթե միզամանին։
Եվ իսկ ապես, ուղեթմբի տակ, խեցատների մեջ, գրգռիչ տեսքով ընկած էր ժանգը կերած, վրայի էմալը թափված մի միզաման։ Այդ բոլոր առարկաները, որ տնային գործածության համար պիտանի չէին, կայարանապետը հավաքել ու կիտել էր այդտեղ իբրև դիսկուսիաների նյութ գալիք դարերի հնաբանների համար, որոնք հայտնագործելով այդ բանակատեղը՝ զարմանքից բոլորովին կապշեն, իսկ նրանց երեխաները դպրոցներում կուսումնասիրեն էմալապատ միզամանների դարը։
Պոդպորուչիկ Դուբը նայեց այդ առարկային, և նրան ուրիշ ոչինչ չէր մնում անել, քան միայն հավաստել, թե իսկապես դա մեկն է այն հաշմանդամներից, որոնք իրենց երիտասարդությունն անցրել են մահճակալի տակ։
Դա բոլորի վրա մեծ տպավորություն գործեց։ Իսկ քանի որ պոդպորուչիկ Դուբը լուռ էր, ապա խոսեց Շվեյկը․